Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրշեջն այն մարդը չէ, որն ուղղակի փողրակով ջուր է լցնում կրակի վրա»

Օգոստոս 21,2017 15:00

Խոսրովի անտառում եւ Արտավանում տեղի ունեցած խոշոր հրդեհն իր ծավալներով այնքան մեծամասշտաբ էր, որ այն մարելու համար փրկարարական ուժերից բացի, պահանջվեց նաեւ բնապահպանների, բանակի, ոստիկանների, մերձակա համայնքի բնակիչների եւ այլ քաղաքացիների աջակցությունը: Հաշվի առնելով, որ մեր մոլորակը գնում է գլոբալ տաքացման, Հայաստանում երաշտը «տնավորվել» է եւ նման հրդեհները բարձր ջերմաստիճանի պարագայում անխուսափելի են, «Առավոտը» արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանից հետաքրքրվեց, թե մեր երկիրն ունի՞ բավարար չափով փրկարարական ուժեր, որպեսզի պայքարի այսպիսի արտակարգ իրավիճակների դեմ ավելի պրոֆեսիոնալ եղանակով: Հարցրինք նաեւ` եթե տեխնիկայի բացակայությունը կապում են ֆինանսների հետ, բայց այն նվազագույն պաշտպանական միջոցները ունե՞ն մեր փրկարարները, նրանց իրավունքները պաշտպանվա՞ծ են գոնե այդ հարցում, որպեսզի նրանք հնարավորինս անվնաս դուրս գան այդ իրավիճակներից:

Հովհաննես Խանգելդյանն ասաց, որ փրկարարների մասնագիտական հագուստն իրենց ամենօրյա գործի մեջ կիրառվում է, բայց փրկարարները մի քանի տեսակ հագուստ ունեն` կախված ինչ արտակարգ իրավիճակի համար:

«Հայաստանի Հանրապետության ցանկացած ստորաբաժանում ունի համապատասխան ուղղության հագեցվածություն նաեւ հանդերձանքի տեսքով: Օրինակ` ունենք քիմիկներ, որոնք ունեն համապատասխան պաշտպանիչ հագուստ, ագրեսիվ միջավայրում աշխատելու համար»,-ասաց ԱԻՆ մասնագետը:
Նրանից հետաքրքրվեցինք, թե պահանջվա՞ծ է, արդյոք, հրշեջի, փրկարարի մասնագիտությունը:

Ըստ նրա` «Նախորդ տարիներին, մոտավորապես` 7 տարի առաջ` մինչեւ 2010 թվականը, իհարկե, հրշեջի պաշտոնը՝ որպես պետական ծառայության տեսակ, մեծ հարգանք, հետաքրքրություն չէր առաջացնում, սակայն 2010 թվականից լուսահոգի Արմեն Երիցյանի ջանքերով հրշեջ փրկարարի անունը կտրուկ բարձրացավ եւ ավելի հարգանքի արժանացավ: Մենք նախապատրաստեցինք փրկարարական ցիկլեր պետական կառավարման ակդեմիայում, եւ այսօր հրշեջ հասկացողություն գոյություն չունի, կա փրկարար, որը ե՛ւ հրշեջ է, ե՛ւ մարդ է փրկում ջրում, ե՛ւ լեռներում, ե՛ւ ընդհանուր առմամբ դա էլ մեծագույնս նպաստեց, որ տվյալ մասնագիտությունը հետաքրքրություն առաջացնի: Սա նպաստող գործոն էր, եւ մենք այսօր մեծ ֆակուլտետներ ունեք: Մեր երիտասարդները, տեսնելով փրկարարի աշխատանքի եւ բնութագրական հիմնական փառքն ու արդյունքները, իսկ փրկել մարդ՝ դա մեծ գործ է, ավելի ոգեւորված են դիմում: Այսօր, փառք Աստծո, մենք մեծ բանակ ունենք քաղաքացիների, որոնք դիմում են արտակարգ իրավիճակների նախարարություն՝ փրկարար դառնալու համար: Արդեն մրցույթ է ձեւավորվել, առաջացել է մարդկանց ընտրելու խնդիր»:

Հովհաննես Խանգելդյանը փրկարարի մասնագիտության նկատմամբ պահանջարկը եւս մի քանի գործոններով է պայմանավորում: Նրա խոսքով. «Առաջին կարեւոր խնդիրներից մեկն այն էր, որ Արմեն Երիցյանը համազգեստը կրելու, գործը կատարելու եւ ընդհանրապես մեր ազգաբնակչությանը մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու ուղղությամբ աննախադեպ աշխատանք տարավ: Ժողովրդի աչքերում փրկարարը աննկարագրելի շատ բարձրացավ եւ, փառք Աստծո, նոր նախարարը` Դավիթ Տոնոյանը, ոչ միայն շարունակում է այդ քաղաքականությունը, այլեւ` ճյուղավորում այդ բոլոր հնարավորությունները` թե՛ մասնագիտական, թե՛ որակական, թե՛ այլ տեսանկյունից: Սա կարեւոր հանգամանք է, որովհետեւ ժողովուրդը պետք է փրկարարին սիրի»:

Երկրորդ կարեւոր հանգամանքը պարոն Խանգելդյանը պայմանավորեց 2014 թվականին աշխատավարձերի բարձրացմամբ. «Դրանից հետո մենք կադրերի մեծ հոսք ունեցանք նաեւ այլ պետական ծառայություններից»:

Հովհաննես Խանգելդյանն ասաց, որ փրկարարի մասնագիտական գործունեությունը եւ առողջությունն ապահովագրված է: Ըստ նրա, փրկարարի մասնագիտությունն իրականում շատ բարդ է, եւ հրշեջը այն մարդը չէ միայն, որ փողրակով ջուր է լցնում. «Շատ թյուր կարծիք է ժամանակին ձեւավորվել, որ հրշեջն այն մարդն է, որը փողրակով ուղղակի ջուր է լցնում կրակի վրա, սակայն դա իրականությանը չի համապատասխանում, դա բավականին բարդ մասնագիտություն է: Ենթադրում է մի շարք ուղղությունների խորը իմացություն, մասնավորապես` նյութերի ֆիզիկա-քիմիական բնութագրերի գերազանց իմացություն, քանի որ հրդեհաշիջման օջախում դուք պետք է շատ կարճ ծավալում արագ մաթեմատիկական հաշվարկ կատարեք այրվող ծավալի, այրվող նյութերի բնութագրերի, շատ լավ իմանաք` որ նյութն այրման ինչ առանձնահատկություն ունի, արժե մոտենալ, չարժե, ինչով շիջել եւ այլն, շատ բարդ մասնագիտություն է, եթե դու իրոք ուզում ես, իսկապես, պրոֆեսիոնալ մասնագետ լինել: Իհարկե, որակական առումով, եթե այդ ամենին պատրաստ չեք, չգիտեք, էլի կդառնա փողրակով ջուր լցնել կրակի վրա, բայց մեր ակադեմիան պատրաստում է բարձրակարգ մասնագետներ: Այսօր ունենք մեր քաղաքացիների մեծ հոսք, որոնք ունեն մեծ ցանկություն փրկարար դառնալու: Սա շատ կարեւոր գործընթաց է, եւ մեզ համար շատ պատվաբեր է»:

Մեր հարցին, թե դիմորդները շատ են, բայց աշխատատեղեր կա՞ն, պարոն Խանգելդյանը պատասխանեց, որ մշտապես լինում են թափուր տեղեր. «Մարդիկ են ազատվում, մարդիկ են երկրից մեկնում, այլ աշխատանքի անցնում, լինում է պահանջարկ եւ սահմանված կարգով մենք այդ ընդունելությունն իրականացնում ենք»:

«Առավոտի» այն հարցին, թե տարերային աղետների դեմ պայքարը դժվար բան է, այս օրերի հրդեհները մարելու ժամանակ ինչպիսի՞ դժվարություններ են ունեցել փրկարարները, Հովհաննես Խանգելդյանը պատասխանեց. «Իրականում հրդեհը ծայրահեղ վտանգավոր երեւույթ է. թե՛ տեխնածին, թե՛ տարերային հրդեհները: Եվ աշխարհում շատ-շատ են դեպքեր գրանցվում, երբ հրդեհի պատճառով հենց փրկարարներ են զոհվում: Փրկարարի գործը բավականին վտանգավոր մասնագիտություն է: Խոսրովի արգելոցում մենք հանդիպեցինք շատ վտանգավոր իրավիճակների, երբ անսպասելի քամին պտտում էր եւ մրրկային հոսքեր կային, որոնք բեզինի պես անմիջապես բռնկում էին չոր խոտածածկույթը, վայրկյանական պտտեցնում էր կրակը եւ քեզ վերցնում օղակի մեջ: Եղան նման դեպքեր, բայց մարդիկ կարողացան դուրս գալ այդ կրակի միջից: Դա էլ մեզ նախազգուշացրեց, որ արդեն չոր խոտածածկույթի մեջ տակտիկան այնպես ընտրենք, որ բացառենք նման երեւույթը, այսինքն` նախապատրաստվենք: Եղան դեպքեր, երբ խոտածածկույթը փոսերը ծածկել էր եւ խաշամը անտեսանելի էր դարձրել լանդշաֆտային թեքությունները եւ մեկ-երկու դեպք ունեցանք, որ, բարեբախտաբար, ողբերգության չհանդիպեցինք, մեքենան թեքվեց՝ ընկավ փոսը, բայց կիրճը չընկավ»:

Մեր այն դիտարկմանը, թե տարբեր մասնագետների, սոցցանցերում քաղաքացիների կողմից քննադատություններ են հնչում, որ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը ճիշտ չէր կողմնորոշվում կազմակերպել հրդեհաշիջման աշխատանքները, պարոն Խանգելդյանն այսպես պատասխանեց. «Միանշանակ նախարարի պաշտոնը ենթադրում է ռազմավարական որոշումների կայացում, եւ հրդեհաշիջում նախարարը չի ղեկավարել եւ չէր էլ կարող ղեկավարել: Ձեւավորված էր շտաբ, կային համապատասխան ենթականեր հրդեհաշիջման ուղղությամբ, թիկունքային ապահովման ուղղությամբ, ուժերի եւ միջոցների մատակարարման եւ շտաբի խնդիրներից մեկն էր նախարարին ներկայացնել առաջարկություններ` այս կամ այն խնդիրը լուծելու` թե՛ հրդեհաշիջման, թե՛ տեխնիկայի ներգրավման եւ թե՛ մարտավարությունն ինչպես իրականացնել: Նախարարը ռազմավարական որոշումներ կայացնող ատյան է, վարչարարական անհրաժեշտ պետական խնդիրը ամբողջ ծավալով ապահովող պետական լիազոր պաշտոնատար անձ է: Եվ ասել, որ նա ղեկավարեր հրդեհաշիջում, կարծում եմ, մասնագիտական տեսանկյունից սխալ է: Նա ղեկավարելու էր հետեւանքների վերացման գործընթացը, սա էապես տարբերվում է»:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

19.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031