Զոյա Թադեւոսյանը հորդորում է Լեւոն Տեր-Պետրոսյանին չմեղադրել ՀՀՇ-ի
ժամանակվա արտագաղթի համար, իսկ Քոչարյանի ու Սարգսյանի ժամանակ,
ըստ նրա, տարեկան գնացել է մինչեւ 120 հազար մարդ
Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին Հայաստանից արտագաղթել է 251 հազար մարդ, այս մասին փաստում են Ազգային վիճակագրական ծառայության տվյալները:
«Առավոտի» հետ զրույցում ՀԱԿ անդամ, տնտեսագիտության դոկտոր Զոյա Թադեւոսյանը ԱՎԾ-ի տվյալների մեջ ճշգրտում մտցրեց. «Ոչ թե միայն Սերժ Սարգսյանի, այլեւ սկսած 2000 թ.-ից, տարեկան միջինը արտագաղթել է 25 հազար մարդ: Իսկ անցյալ տարի, ինչպես հիշում եք, այդ թիվն անցավ 60 հազարից»: Ըստ Զոյա Թադեւոսյանի, արտագաղթողների թիվը կտրուկ աճում է, երբ ընտրությունները կեղծվում են եւ պատահական չէ, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներից սկսած՝ արտագաղթը Հայաստանում լայն թափ առավ. «2008-ին մոտ 100 հազարի հասավ արտագաղթածների թիվը: Ռուսական մի պարբերական, հենվելով այդ մասին իմ հարցազրույցի վրա, դա որակեց որպես «չցՎՈվՌՑՈՐվՈÿ ՍՈՑՈրՑՐՏՒՈ»: Կախված նրանից, թե ինչ քաղաքական իրավիճակ է երկրում, արտագաղթի թվերը փոխվում են: Երբ ընտրություններից անմիջապես հետո կեղծված ընտրությունների փաստը ֆիքսվում է, արտագաղթը կտրուկ ավելանում է, հետո համեմատաբար դանդաղում է: Երբ հանում ենք այդ «պիկ» ժամանակահատվածները, որտեղ 60-120 հազարի կարող է հասնել արտագաղթածների թիվը, մնացած ժամանակահատվածներում 25 հազար է կազմում: Դա քաղաքական լարված իրավիճակի արդյունքն է ՀՀ-ում, որը միշտ պրկված վիճակում է, երբեք չի թուլանում: Դա կապված է ոչ միայն ընտրությունների հետ, այլ նաեւ այն հալածանքների հետ, որը կիրառվում է այն ուժերի նկատմամբ, որոնք չեն համաձայնում ՀՀԿ-ի հետ համագործակցել: Նրանց նկատմամբ մշտական հետապնդումներ են լինում: 2008-ից հետո հիշում եք քաղբանտարկյալներ, հետո «Սասնա ծռերի» հետ կապված հետապնդումները: «Սասնա ծռերի» փաստն էլ այն մասին է խոսում, որ մեր երկրում քաղաքական դաշտը ծանր հիվանդ է: Հիվանդությունը բուժելու փոխարեն՝ մեր ժողովուրդը ուզում է փախչել: Բայց հիվանդությունից փախչել հնարավոր չէ, այն պետք է բուժել»:
Նախորդ գումարման ԱԺ-ում, երբ ՀԱԿ անդամներ Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը բարձրացնում էին արտագաղթի հարցը, Խոսրով Հարությունյանը եւ մյուս ՀՀԿ-ականներն անմիջապես հակադարձում էին՝ թե բա ՀՀՇ-ի ժամանակ արտագաղթ չկա՞ր, Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ չէի՞ն արտագաղթում: Այս առնչությամբ Զոյա Թադեւոսյանը պատասխանեց. «Իհարկե, Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ էլ արտագաղթ եղել է եւ որեւէ մեկը դա չի բացառում, բայց համեմատեք այն ժամանակները այսօրվա իրավիճակի հետ: Եթե քաղաքական իրավիճակով բացատրենք, Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչպես հիշում եք, ընտրվեց նախագահ ժողովրդի ձայների բացարձակ մեծամասնությամբ, այսինքն, այդտեղ ընտրությունների կեղծման խնդիր չկար, հետեւաբար այդ գործոնը դուրս է բերվում: Գալիս է ծանր սոցիալ-տնտեսական պայմանը, համակարգ փլուզվեց, որը տնտեսական, սոցիալական ավերածությունների տեղիք տվեց, գործարանները փակվեցին, մարդիկ դարձան գործազուրկ, պատերազմական իրավիճակ, այսինքն՝ ծանրագույն պայմաններ էին: Դա, իհարկե, պետք է խթաներ արտագաղթը, ո՞ր երկրում այդպես չի եղել պատերազմների ժամանակ, կամ սոցիալ-տնտեսական ռեֆորմների ժամանակ: Բոլոր երկրներից էլ արտագաղթում են, Ռուսաստանից տեսա՞ք ինչքան մարդ արտագաղթեց: Միայն Հայաստանով ու Տեր-Պետրոսյանով չէր դա, ամբողջ սոցիալիստական համակարգի փլուզման հետեւանք էր: Հետեւաբար ես կխնդրեի ոչ թե մեղադրենք Տեր-Պետրոսյանին, այլ նշենք, որ մենք գործ ունեինք նոր համակարգի ձեւավորման հետ, երբ նախկինը փլուզվում էր, բայց նորը դեռ չէր ստեղծվում: Նորը ստեղծելու համար չկար գրագետ տնտեսական միջավայր եւ մենեջեր, մենք այդ մենեջերների դպրոցը հետագայում ունեցանք, մինչեւ հիմա էլ շարունակում ենք կատարելագործել: Դրան հաջորդեց հրադադար, հետո նորից ընտրություններ, իշխանափոխություն, ա՛յ այդտեղից արտագաղթի հիմնական գործոնը դարձավ ընտրությունների կեղծումը: Կեղծում էին, մարդկանց հիասթափեցնում, դրան հաջորդում էր անընդհատ նվազող տնտեսական աճը»:
Նախագահ Սերժ Սարգսյանը նոր գումարման ԱԺ-ում իր ուղերձում ասաց, որ 2040-ին 4 մլն ենք լինելու: Մեր հարցին՝ այս 4 մլն-ին հասնելու որեւէ հույս կա՞, դա հնարավո՞ր է՝ Զոյա Թադեւոսյանը հեգնեց, որ Սերժ Սարգսյանը կարող էր ասել 5 մլն կամ 6 մլն ենք դառնալու. «Նախ, մինչեւ 2040 թիվը ով կենդանի, ով՝ մեռած: Պատասխան պետք է տա, չէ՞, իր ասածների համար, հիմա օրը գա, բարին հետը, կտեսնենք ում հետ ինչ է լինելու, նոր կկանչենք պատասխանատվության: Իհարկե, հենց այնպես ասել է, իսկ Միգրացիայի համաշխարհային կազմակերպությունը, ընդհակառակը, ասում է, որ ՀՀ-ում բնակչության թիվը կկազմի 2 մլն: Թե հիմա ինչ թվերով կամ ինչ հաշվարկներով է ինքը առաջնորդվում, այ դա արդեն թող ինքը պատասխանի»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ»
19.07.2017