Բնապահպանը կարծում է, որ այդպիսի մարդիկ,
այնուամենայնիվ, կգտնվեն
«Խոսրովի անտառ» արգելոցում օրերս բռնկված հրդեհի վնասի չափերի մասին դեռ վաղ է գնահատականներ տալը, թեեւ նախնական տվյալներով՝ 3000 հեկտար է այրվել: Բնապահպան Կարինե Դանիելյանն «Առավոտի» հետ զրույցում նկատում է՝ խնդիրը միայն կենսաբազմազանության կորուստը չէ, այլեւ հրդեհի հետեանքով կլիմայի փոփոխության վրա ազդեցության գործոնը: «Մտավախություն ունեմ՝ չլինի այնպես, որ որոշ ժամանակ անց ասեն՝ Խոսրովն այլեւս արգելոց չէ, որ այլեւս չեն կարող այն արգելոց դարձնել: Հույս ունեմ, որ այդպես չի լինի, բայց կգտնվեն մարդիկ, որոնք կփորձեն այդ ուղղությամբ շարժվել: Մենք պետք է պատրաստ լինենք դրան»,-կասկած է հայտնում տիկին Դանիելյանը:
Նա ընդգծում է, որ հրդեհն իր հետեւանքն է թողնելու Երեւանի եւ շրջակա տարածքների բնակիչների առողջության իրավունքի վրա. «Ամբողջ Արարատի մարզի եւ Երեւանի համար Խոսրովի արգելոցի կանաչ տարածքները մեծ նշանակություն ունեն: Խոսրովը պարզապես կենսաբազմազանություն չէ, այլ՝ միկրոկլիմա, օդային ավազանի մաքրող……այնպես որ, շատ եմ ցավում պատահածի համար, շատ դրամատիկ երեւույթ եղավ: Այս օրերը նաեւ ցույց տվին, որ մենք պատրաստ չենք աղետներին դիմակայելու: Անհանգստությունս փոքր ավիացիային է վերաբերում, մենք պետք է դա ունենանք: Հրդեհի օրերին պաշտոնյաներն ասում էին, որ դժվար էր մոտենալ այրվող տարածքներին, որովհետեւ ճանապարհներ չկային, բայց արգելոցը չպետք է նման ճանապարհներ ունենա, այլապես՝ արգելոց չի կոչվի: Ուստի մենք պետք է ունենայինք համապատասխան օդային տեխնիկա: Պարբերաբար հարցը բարձրացնում ենք, բայց արձագանք առանձնապես չկա»:
Կարինե Դանիելյանը փաստում է՝ այժմ մարդկությունն ապրում է այնպիսի փուլում, երբ մոլորակն ապակայունանում է հենց մարդու գործունեության հետեւանքով. «Դա հենց մոլորակի պատասխանն է մարդկությանը: Ամեն օր լսում ու տեսնում ենք, որ աշխարհում մի տեղ հրդեհ է, մյուսում՝ ջրհեղեղ, երկրաշարժ: Ըստ այդմ, մենք պետք է պատրաստ լինենք նման երեւույթներին, մինչդեռ մեզ շատ հանգիստ ենք զգում, ինչը շատ սխալ է»:
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ»
19.07.2017