1989-ից Գլենդելում գործում է «Նարեկ» հայկական կրթամշակութային հիմնադրամը: Վերջինս քաղաքի հայկական համայնքի համար հայալեզու կրթություն է ապահովում: Դպրոցում սովորում են նաեւ հայ գրականություն ու հայոց պատմություն: Դպրոցն իր գործունեությունը սկսել է 4 աշակերտով եւ շատ կարճ ժամանակահատվածում նրանց թիվը հարյուրապատկվել է։ Այսօր «Նարեկ» դպրոցում սովորում է շուրջ 400 աշակերտ։ Դպրոցի տնօրենն է Ռիմա Սարյանը:
Ուսուցումը կատարվում է արեւելահայ գրական լեզվով։ Ուսուցչուհիները Հայաստանում համապատասխան բարձրագույն կրթություն ստացած փորձառու մանկավարժներ են։ Ամեն տարի դպրոցական դասագրքերն առաքվում են Հայաստանից եւ տրվում դպրոցի աշակերտներին։
Այս տարի 43 աշակերտ կավարտի դպրոցը, որը 8-ամյա է: Դասարանի դասղեկն է Հասմիկ Խաչատրյանը: Ավարտական դասարանի աշակերտներին տրվում են վկայականներ: «Նարեկ» կրթական-մշակութային հաստատության narekculturalfoundation.com կայքից տեղեկանում ենք, որ «Նարեկը» հիմն ունի, որն առաջին անգամ հնչել է 2009 թվականի սեպտեմբերի 27-ին՝ «Նարեկի» 20-ամյա հոբելյանի առթիվ կազմակերպված մեծաշուք հանդիսության օրը։
«Նարեկը» կազմակերպում է տարբեր մշակութային միջոցառումներ. Օրինակ, 2010-ին հիմնադրամը իրականացրել է «Երեւան-70» ծրագիրը:
Գ. Հ.
«Առավոտ»
17.07.2017