Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը շատ սխալ է անում, մեր Լենինգրադյանը մեզ ձեռ է տալիս». Լենինգրադյան փողոցի բնակիչ (Տեսանյութ)

Օգոստոս 21,2017 11:05

Լենինգրադյան փողոցի` Aravot.am-ի հարցմանը մասնակցած բնակիչների մեծամասնությունը «կողմ» է, որ փողոցը վերանվանվի, մինչդեռ Կասյան փողոցի` հարցման մասնակից բնակիչների մեծամասնությունը, թեև տեղյակ չէր, թե ով է Կասյանը, սակայն «դեմ» են, որ իրենց փողոցը վերանվանվի:

Հիշեցնենք` «Ելք» խմբակցությունն առաջարկում է հայ բոլշևիկների, կոմունիստ գործիչների անուններով երևանյան փողոցներն անվանափոխել. Լենինգրադյան փողոցն անվանակոչել Արցախյան պատերազմի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով, Սարգիս Կասյանի, Անաստաս Միկոյանի անվան փողոցները վերանվանել ազգային հերոսների անուններով:

Մեզ հետ զրույցում ազգագրագետ Հրանուշ Խառատյանը հորդորել էր մինչև փողոցի անվանափոխության հարցին անդրադառնալը քննարկել այն, թե ինչ գիտի հանրությունը ընդհանրապես այդ շրջանի մասին, ի՞նչ հետք է այն թողել հայոց պատմության մեջ: Այնուհետև կարծիք էր հայտնել, որ Կասյան փողոցի վրա ապրողների 99,9 տոկոսը անգամ չգիտի, թե ով է Սարգիս Կասյանը:

Aravot.am-ը փոքրիկ հարցախույզ անցկացրեց Կասյան փողոցում պարզելու բնակիչները «կո՞ղմ» են փողոցի վերանվանմանը և արդյոք գիտեն` ով է Կասյանը: Հարցման մասնակիցների մեծամասնությունը տեղյակ չէր, թե ով է Կասյանը, բայց դեմ արտահայտվեց փողոցի վերանվանմանը:

Հարցման մասնակիցների մի երիտասարդ կին մեր հարցին ի պատասխան ասաց, որ իր համար մեկ է փողոցը կվերանվանեն, թե` ոչ, այնուհետև նշեց, թե չի ճանաչում Կասյանին: Մի երիտասարդ տղամարդ էլ ասաց, թե «նորմալ փողոց է, դեմ եմ վերանվանելուն: Գիտեմ` ով է Կասյանը»:

Կասյանին չգիտեին անգամ տարեցները: Հարցման մասնակիցներից այդ տարիքային խմբի ներկայացուցիչներից մեկն ասաց, որ չի էլ ցանկանում իմանալ, թե ով է Կասյանը, միայն նա էր, որ կողմ արտահայտվեց փողոցը վերանվանելուն` հիմմնավորելով` ավելի լավ է մեր ազգային հերոսներից մեկի անունով փողոցը կոչվի:

Մի միջին տարիքի տղամարդ էլ հավաստիացրեց, որ «Կասյանը գործ արել է. լավ է, թե վատ, բայց պատմությունը գրել է նրա անունը»:

Այլ էր պատկերը Լենինգրադյան փողոցի բնակիչների շրջանում հարցման ժամանակ: Նրանց մեծամասնությունը «կողմ» է, որ փողոցը վերանվանվի ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով:

Հատուկենտ «դեմ» արտահայտվողներից մի տղամարդ, որ 50 տարի ապրում է Լենինգրադյան փողոցում, մտահոգություն հայտնեց, որ դրա վերանվանումից հետո իր հայրենի փողոցը չեն ճանաչի: Մեր այն հիշեցմանը, թե «Ելք» դաշինքն է այդ առաջարկով հանդես եկել, հարցման մասնակիցը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանը շատ սխալ է անում, մեր Լենինգրադյանը մեզ ձեռ է տալիս»:

Լենինգրադյան փողոցի մեկ այլ բնակիչ էլ կարծիք հայտնեց, թե Լենինգրադյանը ո՞րն է. «Ավելի ճիշտ է ազգային հերոսի անունով կոչել: Բնականաբար, ռուսների հանճարեղ մատն էր խառը, որ փողոցն այդպես կոչեցին: Բայց վերանվանումն էլ հիմա հո հենց այնպես չեն անում. անում են, որ փող աշխատեն»:

Մեր այն հարցին, եթե հանկարծ առաջարկն ընդունվի, Լենինգրադյան փողոցի վրա ապրող և դեմ եղողները պատրա՞ստ են իրենց դիրքորոշումը հարևաններով հայտնել, մի լենինգրադյանցի արձագանքեց, թե հարևան չի մնացել, բոլորը դրսում են, հիմնականում դրսից եկած մարդիկ են, վարձով ապրող:

Մեր այն հիշեցմանը, թե ուզում են Լենինգրադյան փողոցն անվանափոխել, մի տարեց լենինգրադյանցի հեգնեց` ուզում են Սանկտ Պետերբո՞ւրգ դնեն, այնուհետև ասաց, թե միանշանակ կողմ է փողոցի վերանվանմանը: Հարցրին` տեղյա՞կ է, ինչու է փողոցն այդպես կոչվել, նա պատասխանեց. «Սմոլնին որ վերցրին, Լենինը հաղթեց, դա էլ տարածվեց ռեսպուբլիկաների վրա: Կատյուշան էլ Սմոլնու վրա կրակեց: Ստեփան Շահումյանին էլ առաջին մանդատը Լենինը տվեց, բայց դե ինքը մարդ չէ»:
Մի կին էլ ասաց, թե սովորության ուժի համաձայն` ինքը կողմ չէ, որ հայրենի փողոցը վերանվանվի:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031