Շնչուղիների խցանումը ախտաբանական վիճակ է, երբ շնչառական ուղիները լրիվ կամ մասնակի փակվում են, դժվարանում է օդի անցումը թոքեր։
Մասնակի խցանման դեպքում երեւում են հետեւյալ ախտանշանները՝ տուժածը հանկարծակի սկսում է հազալ, անբնական ձայներ է հանում, անհանգիստ շարժումներ է կատարում։
Լրիվ խցանման դեպքում առանձնանում են հետեւյալ ախտանշանները՝ տուժածի մաշկը կապտում է, աչքերը լայն բացված են, անհանգիստ շարժումներ է կատարում, ցնցվում է։Եթե օտար մարմինը դուրս չի գալիս, ապա արագ զանգահարեք շտապօգնություն:
Առաջին օգնություն
Եթե տուժածը կարողանում է խոսել, ապա պետք է համոզեք եւ խրախուսեք տուժածին հազալով դուրս բերել օտար մարմինը։ Եթե տուժածը չի կարողանում խոսել կամ հազալ, բայց գիտակից է՝ կանգնեք տուժածի հետեւում եւ երկու ձեռքերով գրկեք նրա իրանը, մի ձեռքը բռունցք արեք եւ մյուս ձեռքով բռնեք այդ բռունցքը։ Մեծ ուժով արագ եւ կտրուկ սեղմումներ կատարեք որովայնին՝ ուղղված դեպի վեր ու ներս։ Շարունակեք սեղմումները մինչեւ շնչուղիներից օտար մարմնի դուրս գալը կամ տուժածի գիտակցության կորուստը։
Եթե տուժածը անգիտակից է
1. Բացեք տուժածի բերանը եւ փորձեք հեռացնել օտար մարմինը, եթե այն տեսանելի է։
2. Նստեք մեջքին պառկած տուժածի ազդրերին եւ մի ձեռքի ափը դրեք նրա որովայնին՝ պորտի եւ կրծոսկրի թրաձեւ ելունի միջեւ։
3. Մյուս ձեռքը դրեք առաջինի վրա եւ կատարեք արագ ու կտրուկ սեղմումներ՝ ուղղված դեպի ցած եւ առաջ։4. Սկսեք վերակենդանացման միջոցառումները։
Կրծքի հասակի երեխայի օգնության կազմակերպումը
1. Երեխային պառկեցրեք ձեր նախաբազկի կամ ազդրի վրա՝ գլուխը ավելի ցածր դիրքով։
2. Ձեռքի ափով 5 անգամ հարվածեք երեխայի թիկունքին՝ թիակների միջեւ։
3. Եթե արգելքը դեռեւս մնում է, երեխային շրջեք մեջքի վրա եւ երկու մատների բարձիկներով կատարեք կրծքավանդակի 5 սղմումներ՝ հրումներ, նախօրոք մատները դնելով կրծոսկրի վրա՝ պտուկները միացնող երեւակայական գծից ցած:Եթե արգելքը դեռեւս մնում է, օտար մարմինը հայտնաբերելու համար ստուգեք բերանի խոռոչը:
Անհրաժեշտության դեպքում նույն հաջորդականությամբ կրկնեք միջամտությունները՝ սկսած թիկունքի հարվածներից:
Չի կարելի մատները կուրորեն, առանց օտար մարմինը տեսնելու, տանել դեպի շնչուղիներ, քանի որ հնարավոր է՝ օտար մարմինը հրեք խորը՝ դեպի շնչուղիներ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
19.07.2017