Լոլիկ-վարունգով աղցանը հատուկ է գրեթե բոլոր խոհանոցներին` սկսած հայկականից, վերջացրած մեքսիկականով, եւ, իհարկե` միջերկրածովյան երկրների խոհանոցով:
Այս աղցանը թերեւս կարելի էր հունական կոչել, եթե նրա մեջ ֆետա պանիրի փոխարեն իտալական մոցարելա չլիներ, ինչպես նաեւ` արաբական փիթա հացի տապակած կտորներ, որոնք ֆաթուշին են սազական:
Մի խոսքով` իրար ենք խառնում տարբեր խոհանոցներ ու ստանում շատ համեղ «միքս» աղցան:
Անհրաժեշտ մթերքները
Հազարաթերթիկի տերեւներ- 5-6 տերեւ
Լոլիկ- 3-4 հատ
Վարունգ-1-2 հատ
Թարմ պղպեղ (ցանկացած գույնի` կանաչ-կարմիր-դեղին-գազարագույն)- 1 հատ
Գլուխ սոխ- 1 գլուխ
Թարմ ռեհան- 1-2 ճյուղ
Ձիթապտուղ- 10-15 հատիկ
Ձիթապտղի յուղ- 3-4 ճաշի գդալ
Մոցարելայի գնդիկներ- 10-15 հատիկ
Արաբական փիթա հաց- 1 լոշիկ կամ 0,5 հատ լավաշ
Նռան օշարակ-1ճաշի գդալ
Բալզամիկ քացախ- 1 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը
Բոլոր բանջարեղենները մաքրել, լվանալ: Հազարաթերթիկը ձեռքով մի քանի մասի մասնատել (դանակի հետ շփումը այս բանջարեղենին այնքան էլ դուր չի գալիս):
Լոլիկն ու վարունգը կտրատել կիսալուսնաձեւ, մաքրած, լվացած սոխն ու թարմ պղպեղը` բարակ շերտերով: Լվացած եւ չորացրած ռեհանի տերեւները նույնպես ավելացրեք բանջարեղենին:
Բանջարեղենները հերթով լցրեք աղցանամանի մեջ, ավելացրեք ձիթապտուղն ու ձիթապտղի յուղը, լավ խառնեք: Մոցարելայի գնդիկները ավելացրեք խառնելուց հետո` որպեսզի գնդիկները պահպանեն իրենց տեսքը: Լոշիկը կտրատեք մկրատով` մանր եռանկյունիների եւ շատ քիչ ձեթով թեթեւակի տապակեք: Տապակած լոշիկը ավելացրեք անմիջապես մատուցելուց առաջ, որպեսզի չլխկի: Նռան օշարակն ու բալզամիկ քացախը խառնեք իրար սուրճի բաժակի մեջ եւ աղցանը մատուցելուց առաջ դրանով ցողեք աղցանը: Հունա-իտալա-արաբական աղցանը պատրաստ է:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ
«Առավոտ»
19.07.2017
Որպես պանիր կարելի է օգտագործել մանրացրած աղի չանախը:
Ըստ իմ ճաշակի գեևադասելի է իտալականից ու ֆետայից:
Իսկ զեթյունի ձեթը ես շատ ավելի շատ եմ դնում: Համարյա թե կրկնակի:
Անպայման լիմոն եմ ճզմում վրան: Համարյա թե մեկ ամբողջ լիմոն ու թողնում սալաթը մի երկու ժամ սառնարանի ներքևում “հանգստանա”:
Իսկ նռան օշարակ ու արաբական պիտան նորություն է: իմ համար: Կփորձեմ:
🙂
Մոռացա սամիթի մասին: Սամիթն էլ է զարդարում այս սալաթը:
Իմիջայլոց հույները շատ -շատ են օգտագործում սամիթ: