Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշում «սանէպիդկայանի» աշխատողները կրճատման «սեւ թղթեր» են ստացել

Օգոստոս 19,2017 22:49

Օգոստոսի 15-ին ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը գրավոր ծանուցում է ուղարկել այդ ՊՈԱԿ-ի «Տավուշ» մասնաճյուղի Նոյեմբերյան քաղաքում աշխատողներին: Ծանուցման մեջ Ա. Վանյանը, հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 115-րդ հոդվածի 1-ին մասը, տեղեկացրել է, որ նշված կենտրոնի «Տավուշ» մասնաճյուղում «աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման անհրաժեշտությամբ պլանավորված՝ տեղի է ունենալու աշխատողների թվաքանակի եւ հաստիքների կրճատում: Վերոհիշյալ հանգամանքով եւ այլ աշխատանք առաջարկելու հնարավորության բացակայությամբ պայմանավորված»՝ 2017թ. հոկտեմբերի 20-ին լուծվելու է աշխատողների հետ կնքված աշխատանքային պայմանագիրը:

Նման «սեւ թղթեր» ստացել են «Տավուշ» մասնաճյուղի՝ Նոյեմբերյան քաղաքում աշխատող 13 անձանցից 11-ը, ծանուցագիր չեն ստացել միայն Նոյեմբերյանի «սանէպիդկայանի» բժիշկ-մանրէաբանը եւ վարորդը:

Լրագրողիս հրավիրել են նշված ՊՈԱԿ-ի «Տավուշ» մասնաճյուղի Նոյեմբերյան քաղաքի գրասենյակ, ուր աշխատակիցներն իրենց դժգոհությունն արտահայտեցին առաջիկա կրճատումների վերաբերյալ: Նրանք ասացին, որ աշխատակիցների կրճատման հետեւանքով Նոյեմբերյանում մանրէաբանական լաբորատորիան փակվելու է, դա վատ հետեւանքներ է ունենալու. «Հիվանդ երեխաներին մանրէաբանական հետազոտության ենթարկելու համար ստիպված պետք է մեծ տարածություն անցնելով՝ հասցնեն Իջեւան: Մանրէաբանական հետազոտության համար մեզ մոտ մայրական կաթ են բերում, որն այսուհետ պետք է սահմանամերձ, գնդակոծվող ճանապարհով Իջեւան տանեն: Հիվանդ երեխաների փամփերսներ են բերում, որպեսզի հետազոտենք: Մայրը երեխային բարուրի մեջ քնած թողնում է, կամ հարեւանին խնդրում  նրան հետեւել, հիմա ո՞նց է փամփերսը Իջեւան տանելու: Մանրէաբանական հետազոտությունների համար վճարվող գումարը քիչ չէ, դրան գումարվելու են տաքսիով Իջեւան մեկնել-վերադառնալու ծախսերը»:

Դպրոցների եւ մանկապարտեզների աշխատակիցները սանիտարական գրքույկներ ունեն: Նոյեմբերյանի «սանէպիդկայանում» կրճատումներից հետո Նոյեմբերյանի տարածաշրջանի դպրոցների եւ մանկապարտեզների աշխատողները ստիպված կլինեն այդ գրքույկների համար Իջեւան մեկնել:

Նոյեմբերյանի «սանէպիդկայանի» աշխատակիցները ներկայացրին իրենց աշխատանքային կարեւոր գործառույթները: Նրանք զբաղվում են հիվանդությունների պատճառով դպրոցականների բացակայությունների պատճառների բացահայտմամբ: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքից հիվանդների,նաեւ՝ ինֆեկցիոն հիվանդների անալիզներ են ուղարկում «սանէպիդկայան«: Այդ աշխատողները բոտուլիզմի օջախից նմուշ են վերցվում, ուղարկում Իջեւան, աղիքային վարակների օջախներում վարակազերծում կատարում, բոտուլիզմով եւ դեզինտերիայով հիվանդների հետ շփումներ ունեցած անձանց հետազոտություն, նրանց նկատմամբ հսկողություն են իրականացնում:

Կրճատվող աշխատողներն ասացին . «Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքը փակվել է, մեր լաբորատորիան էլ փակում են, եթե որովայնային տիֆի բռնկում լինի, ո՞վ է դրանով զբաղվելու»: Նրանց վկայությամբ՝ «Հեպատիտ Ց» հիվանդությամբ հիվանդանալու դեպքերը շատացել են, ատամնաբուժարաններում, վարսավիրանոցներում առկա սանիտարական պայմանների հսկողություն չի իրականացվում:

Կրճատվող աշխատողները փորձառու, իրենց գործի մեջ հմտացած մասնագետներ են, նրանց մեծ մասը իրենց ընտանիքների միակ աշխատողն է, նրանք սոցիալական ոչ բարվոք վիճակում են: Աշխատողները  բանկերում, վարկային կազմակերպություններում վարկեր են վերցրել, վստահ լինելով, որ իրենց աշխատավարձով դրանք փակելու են: Աշխատատեղը կորցնելուց հետո  վարկերը մարելու գործում խնդիրներ են ունենալու:

Հավելենք, որ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ «Տավուշ» մասնաճյուղի Դիլիջանի քաղաքի աշխատակիցները նախկինում կրճատվել են, Բերդ քաղաքի աշխատողները, Նոյեմբերյան քաղաքի աշխատակիցների նման, առաջիկա կրճատումների մասին նոր են ծանուցվել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031