Լրահոս
Օրվա լրահոսը

Ճիշտը սովորելն է 

Օգոստոս 19,2017 10:00

Ուզում եմ մի քանի խոսք ասել՝ ի պաշտպանություն գիտելիքի եւ կրթության, ինչպես նաեւ աշխատասիրության եւ լավատեսության: Եթե աշխարհում կա մի մահկանացու, որը կարողացել է այսինչ կամ այնինչ բանն անել, ապա, զուտ տեսականորեն, դա կարող է անել ցանկացած մարդ: Ես այս պահին դժվար թե կարողանամ բարձրանալ Էվերեստի գագաթը կամ ջութակ նվագել Սերգեյ Խաչատրյանի նման: Բայց ես գիտակցում եմ, որ նման բաները մարդկային ունակությունից վեր չեն: Եվ այն մարդիկ, որոնք հասել են նշանավոր հաջողությունների, օժտված չեն ինչ-որ գերբնական շնորհներով, նրանց ֆիզիկական տվյալները, այդ թվում՝ ուղեղի չափն ու կառուցվածքը էապես չեն տարբերվում մնացած մի քանի միլիարդ մարդկանց տվյալներից: Ինչպես է իր խաղի մասին պատմում Հենրիկ Մխիթարյանը՝ «գնդակը հայտնվեց կողքս, ես ոտքս բարձրացրեցի, եւ այդպես հաջողվեց գոլ խփել»:

Չկա ոչ մի գաղտնիք եւ ոչ մի ակնարկ աստվածային «օժտվածության» վերաբերյալ: Երբ Բախին են հարցրել, թե ինչպես է նա հասել իր վիրտուոզ վարպետությանը, նա պատասխանել է շատ հստակ՝ «դուք էլ կարող եք հասնել, եթե ամեն օր բարեխղճորեն պարապեք, եւ այդ դեպքում դուք էլ, ինձ նման, ճիշտ ժամանակին ճիշտ ստեղներն եք սեղմելու»:

Իհարկե, կա բնական օժտվածության այս կամ այն աստիճան, բայց իրապես օժտված մարդիկ շեշտում են, որ առաջին տեղում սովորելու ցանկությունն ու ձգտումն է: Կան հազարավոր բաներ, որոնք ես այս տարիքում չեմ կարող սովորել, բայց կան միլիոնավոր ունակություններ, որոնք ես կարող եմ սովորել, եւ այդ ունակությունների կեսի մասին ես մոլորության մեջ եմ, թե դրանք սովորելն իմ ուժերից վեր է: Բայց ամենավտանգավոր մոլորությունն այն է, թե իբր սովորելով ոչ մի բանի չես հասնի, որ ամեն ինչ ծանոթով է եւ փողով: Այդ նախապաշարումը կար նաեւ խորհրդային շրջանում՝ «այ տես, դու գլուխդ ցավացրել ես, գիտաշխատող ես դարձել: Իսկ նայիր էս պահեստապետին, հազիվ տառերն է ճանաչում, բայց ըստ պահանջարկի ապրում է»:

Հիմա նույն «օրինակելի պերսոնաժներն են» օլիգարխները: (Ի դեպ, ինձ թվում է, նրանք ավելի լավն են, քան պահեստապետները, քանի որ վերջիններս պարզապես գողանում էին իրենց «վստահված» պահեստից,  իսկ օլիգարխներն, այնուամենայնիվ, մի փոքր ուղեղները շարժում են՝ հարստանալու համար): Բայց այդ խորհրդային եւ հետխորհրդային առասպելաբանության կողքին կա իրական կյանք, որտեղ դուք հանդիպում եք բազմաթիվ կրթված մարդկանց, որոնք հենց այսօրվա Հայաստանում հաջողության են հասել (ասենք, IT ոլորտում) եւ ապրում են միանգամայն բարեկեցիկ կյանքով: Մենք գիտենք Եվրոպայում բազմաթիվ կրթական հաստատություններ, որտեղ սովորում էին եւ սովորում են միանգամայն «սովորական» ընտանիքների զավակներ: Այնպես որ, սիրելի երիտասարդներ եւ ոչ այնքան երիտասարդներ, մի՛ հավատացեք հեքիաթներին, սովորեք ամեն օր եւ ցանկացած հնարավորության դեպքում: 21-րդ դարում ամենաթանկ ապրանքը գիտելիքն է:

 

ԱՐԱՄ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Araqel says:

    Պ. Աբրահամյան:
    Մի երկու խոսք էլ էն արձանները գետին տապալելու մասին ասա իմանանք, ճիշտ են անում թե սխալ են անում…
    …թե՞ համ ճիշտ են համ էլ սխալ:

  2. Մեսրոպ Թումանյան says:

    Սովորե’լ, սովորե’լ, սովորե’լ…
    Բոլոր ժամանակների մարդու համար ամենակարևոր գործը սովորելն է:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031