Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ասել, որ հրդեհը մարվեց միայն ԻԼ-76-ի շնորհիվ, դա եւս չափազանցություն է»

Օգոստոս 19,2017 15:00

ԱԻՆ փոխնախարար Դավիթ Կարապետյանը գտնում է, որ ցամաքային ուժերն էլ` անտառներում բռնկված հրդեհները մարելու հարցում, մեծ դերակատարում են ունեցել: 

Ինչո՞ւ Հայաստանը հրդեհաշիջող օդանավ չունի, երեկ լրագրողներն այս հարցն ուղղեցին արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանին: «Ֆինանսների հետ է կապված»,-ասաց պարոն Կարապետյանը` հորդորելով չժխտել, որ վերջին տարիներին արտակարգ իրավիճակների նախարարությունը «մեծ արդյունավետություն եւ առաջընթաց է ունեցել»: «Խոշոր աղետներին պիտի պատրաստվել, պատրաստվում ենք»,-հարցերին ի պատասխան, թե ինչու պատրաստ չէին այրվող անտառների հրդեհը մարելուն, ասաց Դավիթ Կարապետյանը: Ըստ նրա՝ անգամ ամենազարգացած պետություններն այսպիսի դեպքերում խնդիրներ են ունենում: «ԱԻՆ-ը տեխնիկապես խնդիրներ ուներ, բայց դա մենք փորձեցինք կոմպենսացնել»,-նկատեց ԱԻՆ փոխնախարարը: Հարցին, թե ստեղծված վիճակի համար ովքե՞ր են պատասխան տալու, պարոն Կարապետյանն ասաց, որ եթե լիներ ֆինանսական միջոցներ եւ այդ  տեխնիկական հնարավորությունները ստեղծված չլինեին, ապա կարող էինք խոսել պատասխանատուների մասին. «Բայց մենք մեր ռեսուրսներով առավելագույնն արել ենք եւ անում ենք»:

Հարցին, թե օգոստոսի 12-ից հրդեհը կա, բայց ԱԻՆ-ը հապաղեց օգնություն կանչելու հարցում, ինչո՞ւ, պարոն Կարապետյանն ասաց, որ ամսի 12-ին հրդեհի ծավալներն այդքան մեծ չեն եղել. «Բավական փոքր էին եւ հույս կար՝  չեզոքացնել սեփական ուժերով, բայց քամին արագացրեց հրդեհի տարածումը ու իրավիճակը սեփական ուժերով կարագավորելու` դարձավ անհնարին եւ ամսի 13-ի երեկոյան որոշում կայացվեց եւ 14-ին պաշտոնապես դիմեցինք Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերներին եւ նույն օրը ՌԴ-ի արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռը Հայաստանում էր»:Ի՞նչ տեխնիկայի կարիք ունի Հայաստանը նման դեպքերում հարցին էլ, ԱԻՆ փոխնախարարն ասաց, որ մեզ անհրաժեշտ են եւ հրդեհաշիջող ավիացիա, եւ դժվարամատչելի պայմաններում աշխատող հրշեջ մեքենաներ, որոնց ուղղությամբ աշխատանքները տարվում են. «Վերջին տարիներին միջազգային համագործակցության շնորհիվ մենք բավականաչափ թարմացրել ենք արտակարգ իրավիճակների նախարարության մեքենաների պարկը, սակայն անտառային հրդեհների համար նախատեսված մեքենաներ դեռեւս ձեռք չենք բերել»:

Վկայակոչելով բնապահպանների հայտարարություններն այն մասին, թե  անգամ եղած տեխնիկական ու մարդկային ռեսուրսը ճիշտ չի օգտագործվել եւ հրդեհաշիջման աշխատանքներն անփույթ են կազմակերպվել, պարոն Կարապետյանն ասաց, որ դրանք սուբյեկտիվ տեսակետներ են. «Ես բնապահպաններին շնորհակալություն եմ հայտնում իրենց աշխատանքի համար եւ բոլոր նրանց, որոնք փրկարարների հետ համատեղ հրդեհաշիջման աշխատանքներ են կատարել, զինվորներին, ոստիկաններին, անտառտնտեսության աշխատակիցներին, հարակից համայնքների բնակիչներին, անգամ մեզ քննադատող բնապահպաններին, որոնք այնտեղ մասնակցել են: Կառավարման հետ կապված` այնտեղ խնդիրներն առավել բարդանում են, քանի որ կապի օպերատորներն այդ տարածքը չեն սպասարկում եւ, եթե ասում են` մեկը մյուսից տեղյակ չեն, բնապահպանը, դիցուք, սարի վրա է եւ կապի որեւէ միջոց չունի որեւէ մեկի հետ, դրանից եզրակացնելով են այդպիսի որակում տվել»:Դավիթ Կարապետյանից նաեւ հետաքրքրվեցին, թե հրդեհի նախնական ի՞նչ վարկածներ կան, ինչին ի պատասխան՝ փոխնախարարն ասաց, որ քրեական գործ է հարուցված, ինչի արդյունքում բոլոր հանգամանքները պարզ կդառնան: Կարծիք  կա, որ եթե անձրեւը չգար` չէին կարող հաղթահարել հրդեհը, այս հարցին էլ պարոն Կարապետյանը պատասխանեց` «Մենք հակված չենք որեւէ հրդեհի դեպքում անձրեւի ներգործությունը թերագնահատել, բայց փաստը մնում  է փաստ, որ երեկ` օգոստոսին 16-ին, երկու անգամ կարճատեւ անձրեւ է եղել Խոսրովում եւ բարձր ջերմաստիճամի պարագայում շատ արագ գոլորշիացել է անձրեւը եւ, ցավոք սրտի, անձրեւի ներգործությունը թույլ է եղել: Եվ նրանք, որոնք ուզում են սլաքներն ուղղել անձրեւի կողմը, ասել, որ անձրեւի արդյունքում մարումը եղավ, ուղղակի դա անհարգալից  վերաբերմունք է այն մարդկանց նկատմամբ, որոնք հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել»:«Առավոտի» այն հարցին էլ, թե ինչո՞ւ ԱԻՆ-ը տեխնիկապես պատրաստ չի եղել, նախապես չի տեխնիկա ձեռք բերել, այն դեպքում, երբ ողջ մոլորակում գլոբալ տաքացման հետեւանքով տեսնում ենք, թե տարբեր երկրներում ինչ մեծամասշտաբ հրդեհներ են տեղի ունենում, պարոն Կարապետյանը պատասխանեց. «Վերջին տարիներին դուք ականատեսն եք, բազմաթիվ մարդիկ խնդիրներ են ունեցել, զանգահարել են «911» ծառայություն եւ  օպերատիվորեն մենք արձագանքել եւ արձագանքում ենք, փրկում ենք մարդկանց կյանքեր, գույք: Այլ դեպքով ասել, որ ԱԻՆ-ը անգործության է մատված, ոչ պրոֆեսիոնալ է, կարծում եմ, մեղմ ասած` սուբյեկտիվ է: Նման խոշոր հրդեհների հետ կապված մենք տեխնիկական հագեցվածության խնդիր ունենք: Ինչո՞ւ չենք ձեռք բերել հրդեհաշիջող ինքնաթիռ, որովհետեւ բավական թանկ է, գումար կունենանք՝ վաղը ձեռք կբերենք, թե չէ՝ ամեն ինչ պիտի անենք, որ հասնենք տեխնիկական հագեցվածության»: Հարցին էլ, թե մինչեւ ինքնաթիռին հասնելն այլ տեխնիկական միջոցներ չկայի՞ն, Դավիթ Կարապետյանը պատասխանեց. «Հնարավորինս կային եւ օգտագործվել են:

Այ, եթե դուք Խոսրովի արգելոցում լինեիք եւ տեսնեիք հրդեհի տարածման չափերը, ռելիեֆը, դժվարանցանելիությունը, չորացած խոտածածկույթը, որը մեկ վայրկյանի ընթացքում քամու արագությամբ  անկառավարելի հետեւանքների է հանգեցնում, ձեր որակումների մեջ ավելի չափավոր կլինեիք, որովհետեւ իրականում ամեն ինչ արվել է, արվում է: Մենք խոսում ենք ռիսկերը  նվազեցնելու մասին»:«Առավոտը» Դավիթ Կարապետյանից հետաքրքրվեց, թե առաջիկայում ԱԻՆ-ի ծրագրերի մեջ մտնո՞ւմ է հրդեհ շիջող օդանավ ձեռք բերել, ինչին ի պատասխան՝ փոխնախարարն ասաց. «Մեր ծրագրերում կա միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությամբ, ինչպես նաեւ պետական միջոցների հնարավոր հատկացումների դեպքում  ավիացիա ձեռք բերել, բայց եթե հիմա մենք խոսում ենք ռուսական ինքնաթիռի մասին, ռուսական ինքնաթիռը բավական արդյունավետ եւ օգտակար գործունեություն կատարեց եւ կատարում է, բայց ասել, որ հրդեհը մարվեց միայն ԻԼ-76-ի շնորհիվ, դա եւս չափազանցություն է: Այստեղ դերակատարում են ունեցել եւ ինքնաթիռը, եւ ցամաքային ճանապարհով հարյուրավոր փրկարարներ, քաղաքացիներ, ոստիկանները, զինվորականները: Եթե մենք ասենք, որ ձեռք բերենք մեկ ինքնաթիռ եւ բոլոր ռիսկերը նվազեցված են, դա եւս ոչ պրոֆեսիոնալ կլինի»:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

18.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031