Լրահոս
Օրվա լրահոսը

Կօգտվի՞ Սերժ Սարգսյանը շահեկան իրավիճակից

Օգոստոս 19,2017 12:00

Աշխարհաքաղաքական աշխուժություն Հայաստանի շուրջ. ԵԱՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին անդամակցող Հայաստանն այսօր նպաստավոր դիրքում է հայտնվել

«Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադառնալով անվտանգության քաղաքականության դիվերսիֆիկացմանը վերաբերող հարցին, նկատել էր. «Այսինքն ի՞նչ է նշանակում դիվերսիֆիկացնել… Իսկ ի՞նչ է, մենք միայն սեւեռված ենք ՀԱՊԿ-ի՞ վրա, մենք միայն սեւեռված ենք Ռուսաստանի՞ վրա, մենք չունե՞նք հարաբերություն ՆԱՏՕ-ի հետ, մենք չունե՞նք հարաբերություն Եվրամիության հետ, մենք չունե՞նք հարաբերություն Եվրամիության անդամների հետ… Ես կարծում եմ, որ այսօր մենք վարում ենք հենց էդպիսի քաղաքականություն՝ ունենալով մերձավոր դաշնակիցներ եւ համագործակցելով գործընկերների հետ»:

ԱՄՆ-Ռուսաստան լարվածությունը, տարբեր տարածաշրջաններում այսօր ծավալվող գործընթացներն իրենց անորոշություններով, բայցեւ ազդեցության պահպանման ու մեծացման ակնհայտ փորձերով, վկայում են այն մասին, որ փոքր պետությունների համար քաղաքական-անվտանգային դիվերսիֆիկացումը խիստ անհրաժեշտ է, եթե ոչ` կենսական պահանջ:

Հայաստանն այս աշնանը ծրագրում է ԵՄ-ի նոր փաստաթուղթ ստորագրել: Անցյալ ամիս Հայաստանը մասնակցեց ՆԱՏՕ-ի երկու խոշոր զորավարժություններին, Հայաստան ժամանեց Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարը, տարածաշրջանում Իրանի աճող ազդեցության պայմաններում ՀՀ նախագահը մեկնեց Թեհրան, մասնակցեց Իրանի նախագահի երդմնակալությանը: Երեւանում վերջերս կայացավ Չինաստանի դեսպանության նոր շենքի հիմնարկեքի արարողությունը:

Սրանք իրադարձություններ են, որոնք վկայում են այն մասին, որ ԵԱՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին անդամակցող Հայաստանն այսօր որպես Հարավային Կովկասի պետություն` բավական նպաստավոր, շահեկան դիրքում է հայտնվել:

Աշխարհաքաղաքական տեղաշարժերը, միջազգային հարթակում տեղի ունեցող գործընթացները, իրենց հերթին շեշտում են միջազգային, քաղաքական, անվտանգության, տնտեսական տեսանկյունից Հայաստանի շահեկան դիրքը եւ ի ցույց են դնում աշխարհաքաղաքական այն լայն հնարավորություններն ու հեռանկարները, որոնք բացվել են Հայաստանի առջեւ: Այլ հարց է, թե ինչպես Հայաստանը կօգտվի ընձեռած հնարավորություններից:

Մոտ 40 հազար քառակուսի մետր տարածք ընդգրկող Չինաստանի դեսպանության շենքի կառուցումը վկայում է, որ երկու երկրների հարաբերությունները նոր բնույթ են ստացել, շեշտեց Հայաստանում Չինաստանի դեսպան Թիեն Ըրլոնգը: Չինաստանի ներկայությունը մեր տարածաշրջանում՝ Հայաստանի միջոցով ընդգծելուն է, թերեւս, ուղղված, այն փաստը, որ դեսպանության նոր շենքը Եվրասիական տարածաշրջանում չինական ամենախոշոր դեսպանություններից մեկն է լինելու։ «Հայաստանի հետ մեր համագործակցությունը զարգանում է բնականոն կերպով, համաձայն նախատեսված ծրագրի: Եթե խոսենք նոր նախաձեռնությունների մասին, ապա կնշեի «Մետաքսե ճանապարհ» անվամբ երկաթգծի շինարարությունը, որը հայտնի է նաեւ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» անվամբ: Այդ նախաձեռնության նպատակն է ընդլայնել Չինաստանի համագործակցությունը եվրասիական մայրցամաքի հետ: Հայաստանն այն երկիրն է, որի տարածքով հնագույն ժամանակներում անցնում էր մետաքսե ճանապարհը», -նշեց Չինաստանի դեսպանը:

Հուլիսի վերջին կայացավ չափազանց կարեւոր իրադարձություն. եռօրյա պաշտոնական այցով Երեւան ժամանեց Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին, որը երկրի կառավարությունում մի քանի տարի զբաղեցրել է հետախուզության եւ անվտանգության հարցերի պատասխանատու նախարարի պաշտոնը: Բավական խոսուն էր Երեւանում նրա հետեւյալ արձանագրումը` «հայ-իսրայելական հարաբերություններում «ճեղքում» է գրանցվել»: Ցախի Հանեգբին ավելի քան 3 տարի՝ 2003-2006 թթ., Իսրայելի կառավարությունում, Արիել Շարոնի վարչապետության օրոք, իսրայելական հատուկ ծառայությունների՝ Մոսադի ու Շին Բեթի գործունեության եւ ԱՄՆ-Իսրայել ռազմավարական երկխոսության համար պատասխանատու նախարարն էր: 2006-2010թթ. նա զբաղեցրել է Իսրայելի խորհրդարանի՝ Կնեսետի անվտանգության եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Հանեգբին Երեւանում արձանագրեց, որ իր երկիրը «ցանկանում է զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ, եւ դա իր այցելության հիմնական ուղերձն է»։ ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանն ու Հանեգբին ստորագրեցին Հայաստանի ու Իսրայելի դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին համաձայնագիրը եւ երկու երկրների միջեւ կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիան։ «Մենք ցանկանում ենք ընդլայնել առեւտուրը, համագործակցությունը ներառում է նաեւ գյուղատնտեսությունը, ջրային հարցերը, ինչպես նաեւ տրանսպորտն ու հաղորդակցությունը: Սրանք այն ոլորտներն են, որոնցում ես ներգրավված եմ»,- նշել էր Հանեգբին՝ արձագանքելով հարցին՝ արդյո՞ք քննարկվել են հայ-իսրայելական ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հատկանշական էր, որ իսրայելցի պաշտոնյայի այցի հաջորդ օրը լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ Ադրբեջանին սպառազինության հիմնական մատակարարներից մեկը հանդիսացող Իսրայելը պատրաստ է զենք վաճառել նաեւ Հայաստանին, սակայն դա կախված է գնային առաջարկից ու այլ գործոններից: «Իսրայելի դիրքորոշումը շատ պարզ է, հրապարակավ էլ հնչել է՝ իրենք պատրաստ են բոլորին վաճառել, այդ թվում նաեւ մեզ: Ռազմական համագործակցության ոլորտում մենք ունենք մեր ձեւաչափը, դա ՀԱՊԿ-ն է, բացի դրանից, մենք նաեւ որոշակի ծրագրերի շրջանակներում համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ»,- ասել էր ՀՀ փոխարտգործնախարարը, հավելելով, որ Իսրայելից զենքի ձեռք բերումը կախված է, մասնավորապես, գնային առաջարկից:

Հնարավոր է, որ ոչ միայն գնային առաջարկները, այլեւ Հայաստան-Իրան բարձր մակարդակի հարաբերությունները որոշակի դեր են խաղում Հայաստան-Իսրայել ռազմական համագործակցության հնարավորությունների հարցում: Ամեն դեպքում, հարկ է նկատել, որ իսրայելցի պաշտոնյայի երեւանյան հայտարարությունները բավական տպավորիչ էին երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների տեսանկյունից:

Ուշագրավ էր նաեւ օրեր առաջ տարածված մեկ այլ տեղեկատվություն: Իսրայելում հրատարակվող Haaretz պարբերականը հոդված հրապարակեց՝ «Իսրայելական կամիկաձե դրոնների արտադրողը փորձարկում է իրականացրել հայկական դիրքերի ուղղությամբ» վերնագրով, որից պարզ դարձավ, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես քննում է Ադրբեջանին հարվածային անօդաչու թռչող սարքեր մատակարարող Aeronautics Defence System ընկերության գործողությունները: Haaretz-ի պնդմամբ՝ ընկերության աշխատակիցները Բաքու կատարած այցի ընթացքում Orbiter 1K հարվածային անօդաչու սարքերի կարողություններն ադրբեջանական կողմին ցուցադրել են հայկական դիրքերի դեմ իրականացված հարվածի միջոցով: Վկայակոչելով իսրայելական Maariv թերթի հրապարակումը, Haaretz-ի թղթակիցը գրել է՝ երբ Ադրբեջանը, հանդես գալով որպես զենքի պատվիրատու, պահանջել է մինչեւ դրոնների գնման պայմանագրի ստորագրումը ցուցադրել դրոնի աշխատանքը մարտական պայմաններում, իսրայելցի երկու օպերատորները հրաժարվել են կատարել այդ պահանջը: Դրանից հետո Aeronautics Defence System-ի մենեջերը՝ ցանկանալով բավարարել գնորդի պահանջը, ինքն է փորձել աշխատեցնել դրոնները: Սակայն դրանք, ըստ աղբյուրի, որեւէ վնաս չեն հասցրել. դրանցից միայն մեկն է մոտեցել հայկական դիրքերին եւ ընկել մոտ 100 մետր հեռավորության վրա: Իսկ իսրայելական Aeronautics Defence System ընկերությունը հերքել էր տեղեկությունը:

Հարավային Կովկասի եւ, մասնավորապես, Հայաստանի նկատմամբ հետաքրքրության մեծացման առկայությունը փաստում է մեկ բան. Հայաստանը պարտավոր է հնարավորինս օգտվել ստեղծված նպաստավոր պայմաններից՝ ի շահ Հայաստանի եւ Արցախի:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 18.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031