Իտալական Caracalla փառատոնից վերադարձած բարիտոն
Գեւորգ Հակոբյանի նկատառումը
Իտալիայում անցկացվող հանրահայտ Caracalla փառատոնը, որ հիմնադրվել է 1958թ., մինչ օրս հավատարիմ է իր գործունեությանը՝ Հռոմի օպերային թատրոնի խաղացանկային որոշ բեմադրություններ ներկայացնել բացօթյա, ընդգրկելով ավելի մեծ թվով հանդիսականների: Փառատոնն անցկացվում է ամռանը, մ.թ. 3-րդ դարում Կարակալա կայսեր կողմից կառուցված աշխարհում ամենամեծ բաղնիքի ավերակներում: Ներկայացումը կարող է դիտել 20 հազար հանդիսատես:
Հայ օպերային երգիչներից այս փառատոնին մասնակցել է միայն ճանաչված տենոր Գեղամ Գրիգորյանը՝ Ռադամեսի դերերգով, Վերդիի «Աիդա» օպերայում, 1993թ.:
Վերջերս Caracalla փառատոնին Նաբուկոյի դերերգով Վերդիի համանուն օպերայում հանդես եկավ Ազգային օպերային թատրոնի մեներգիչ, բարիտոն, ՀՀ վաստակավոր արտիստ Գեւորգ Հակոբյանը:
«Առավոտի» հետ զրույցում արվեստագետը նախ նշեց, որ այդ օրերին իր գործընկերներից երկուսը հանդես էին գալիս այլ իտալական փառատոներում՝ տենոր Հովհաննես Այվազյանը «Արենա դի Վերոնայում»՝ Ռադամեսի դերերգով եւ ավստրիաբնակ սոպրանո Լիանա Ալեքսանյանը՝ «Մաչերատայում», Աիդայի դերերգով: «Իմիջիայլոց, երեքս էլ ժամանակին ուսանել ենք Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, պրոֆեսոր Սերգեյ Դանիելյանի դասարանում, ում ուսանողն է եղել նաեւ Գեղամ Գրիգորյանը»,- հավելեց Գեւորգ Հակոբյանը: Հիշեց, որ 2008թ. սկսած՝ իր առաջին արտասահմանյան բեմելները կապված են դարձյալ Իտալիայի հետ. «Առաջինը Caliarii օպերային թատրոնն էր, որտեղ բեմ եմ բարձրացել Ֆեոդոր Պոյարոկի դերերգով՝ Ռիմսկի-Կորսակովի «Ասք Կիտեժ քաղաքի մասին» օպերայում, այնուհետեւ կերտել եմ Ալֆիոյի կերպարը Մասկանիի «Կավալերիա Ռուստիկանա» եւ Տոնիո՝ Լեոնկավալոյի «Պայացներ» օպերաներում, կատարել եմ Եվգենի Օնեգինի դերերգը Չայկովսկու համանուն օպերայում եւ այլն: Ընդ որում, «Ասք Կիտեժ քաղաքի մասին» օպերան BBC-ն ուղիղ եթերով հեռարձակում էր 30 երկրում»:
Մեր զրուցակիցը եզակի այն երգիչներից է, որն աշխատում է միանգամից 3 արտասահմանցի՝ իտալացի, ավստրիացի եւ բրիտանացի իմպրեսարիոների հետ: Հետաքրքրվեցինք՝ վերջիններս հետաքրքրվա՞ծ են հայկական օպերաներով եւ նպատակ ունե՞ն, ասենք, արտասահմանում իրականացնել որեւէ նախագիծ՝ մեր օպերային թատրոնի հետ: «Ամռանը Երեւանում անցկացված Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում, որն այս տարի անցկացվում էր դասական երգեցողության անվանակարգում, ժյուրիի աշխատանքներին հրավիրված էր բրիտանացի իմպրեսարիո Մարկ Հիլդրուն, որի հետ ինձ ծանոթացրեց մաեստրո Կոնստանտին Օրբելյանը: Ես միայն գիտեմ, որ նա քաջատեղյակ է մեր մշակութային անցուդարձին: Հավանաբար նա Օրբելյանի հետ այդ թեմայով զրույցներ ունեցել է կամ գուցե ինչ-ինչ նախագծեր կան… Ինքս տեղյակ չեմ, հետեւաբար չեմ կարող ստույգ պատասխանել»,- ասաց երգիչը:
Հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ այլեւս չի թողարկում CD եւ ի վերջո ե՞րբ է կայանալու իր առաջին հայաստանյան մենահամերգը: Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ 2015թ. թողարկվել է հայ դասական ռոմանսներ CD-ն՝ ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, հետո ասաց. «Պետք է մշակել երգչի՝ պետպատվերով տարեկան գոնե մեկ-երկու CD թողարկելու հարցը, էլ չեմ խոսում գրքի կամ բրոշյուրի մասին: Նման մոտեցում եղել է խորհրդային տարիներին: Ես ու կոլեգաներս համոզված ենք, որ այս հարցը պետք է քննարկվի: Նշեմ նաեւ, որ հայ մեծանուն օպերային երգիչներ նույնպես չունեն իրենց վաստակին համարժեք գնահատում՝ CD-ների, գրքերի եւ այլնի տեսքով»: Բարիտոնը հայտնեց, որ սեպտեմբերի 5-ին Երեւանում հանդես կգա Մոսիի դերերգով, ապա 10-ին կմեկնի Շտուտգարդի Շտատս-օպերա, որտեղ Չայկովսկու «Պիկովայա դամայում» կկատարի Տոմսկիի դերերգը, հետո դարձյալ Հռոմ, «կկերտի» Սկարպիայի կերպարը Պուչինիի «Տոսկայում»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
18.07.2017