Այսօր՝ օգոստոսի 18-ին Իջեւան քաղաքում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված էր ադրբեջանական խնձորների ներկրման հետ առնչվող քրեական գործով դատական նիստ: Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի 1-ին հերթափոխի նախկին մաքսային տեսուչ Հարություն Խաչատրյանին, ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի 4-րդ հերթափոխի մաքսային նախկին տեսուչ Վահե Ասլանյանին, նախկինում ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի 4-րդ հերթափոխի 1-ին կարգի մասնագետ Համբարձում Դավթյանին, ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի 4-րդ հերթափոխի մաքսային նախկին տեսուչ Խաչիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը»):
Հ. Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, մյուսների հանդեպ՝ կալանավորումը: Քրեական գործը դատարան ուղարկելուց հետո Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ 3 ամբաստանյալների խափանման միջոցը փոխվել է, նրանք կալանքից ազատվել են:
Օգոստոսի 18-ի դատական նիստը նշանակված էր ժամը 12-ին, սակայն այն 40 րոպե ուշացումով սկսվեց, քանի որ գործով մեղադրողը՝ ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Վ. Սարգսյանը եւ պաշտպան Վաղինակ Գեւորգյանը չէին ներկայացել: Դատական նիստի քարտուղարը հայտնեց, որ նիստին ներկայացել են 4 ամբաստանյալները, քրեական գործով վկաները, պաշտպաններ Արմեն Մելքոնյանը եւ Արմեն Խաչատրյանը:
Պաշտպան Արմեն Մելքոնյանը հայտարարեց,որ իր պաշտպանյալ Վահե Ասլանյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում:
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը 5 րոպե ընդմիջում հայտարարեց: Այդպես էլ հայտնի չդարձավ դատախազի բացակայության պատճառը: Ընդմիջումից հետո դատավոր Ս. Մարդանյանը դատական հաջորդ նիստը նշանակեց սեպտեմբերի 5-ին, ժամը 14-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Լենինը, Ձեր այս միտքը, շատ ավելի կարճ է ասել։