Լրահոս
Օրվա լրահոսը

«Էս գոմն իմ տունն ա, ես կարամ էս գոմի մեջ քնեմ, էս հոտն ինձ դուր ա գալիս, ում դուր չի գալիս՝ թող գնա». Կանգառի մոտ գոմ են սարքել. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Օգոստոս 18,2017 22:35

Մալաթիա-Սեբաստիա համայնքի ամենակենտրոնական փողոցներից մեկում՝ Սեբաստիայում, բնակելի տների մոտ մեկը որոշել է գառ ու այծ վաճառել: Ընդ որում, գոմը տեղադրել է հենց կանգառի հարեւանությամբ: Ամռան այս տապին բնակիչներն այդ կանգառից ամաչում են երթուղային նստել, հոտն անտանելի է:

Մենք եղանք այդ տարածքում եւ փորձեցինք լուսանկարել ու տեսանկարահանել, թե ինչ է կատարվում, ինչ հակահիգիենիկ պայմաններ են այնտեղ՝ մի կողմում քերթած ոչխարի մորթին էր՝ արնաշաղախ, մյուս կողմում գետնին թափված աղիներն էին, ամենուրեք ճանճեր, արյուն ու կեղտ: Մեզ դիմավորեց եզդի վաճառականը, որը թույլ չէր տալիս նկարահանում իրականացնել՝ պնդելով, թե «Հեսա տիրոջը կկանչեմ՝ իրա հետ կպարզեք, քուրս, մի՛ նկարի: Հենց հիմա կզանգեմ տիրոջը»:

Եզդին նկարահանումից բորբոքվեց. «Շա՞տ են բողոքում, հա՞, ուրիշ բաներից չեն վախենում, էս գառների հոտից վախենո՞ւմ են: Գառ էլ չկա արդեն, ավելի լավ ա թող պարսիկը ուտի, թող արաբը սամալյոտով տանի թռցնի, քան թե ստեղ ուտեն: Պարսիկը 50 հազարով խնդրում ա, իսկ իրանք թող էդ ձեւ մնան՝ առանց ոչխար՝ իբր էդ հոտից շատ են զզվում: Ուրիշ բաներ անում են՝ չեն զզվում, բայց գառի հոտից, որ ուրիշին չենք տալիս, պարսիկներին չենք տալիս, ասում ենք՝ թող մեր հայ ժողովուրդը ուտի, ստեղ մնա, դրանից վախենո՞ւմ են: Բանկերը թալանում են, ջիպերից չեն վախենում, գառից վախենո՞ւմ են: 10 օր առաջ ես աերոպորտով 800 հատ գառ եմ թռցրել Դուբայ, ըտեղ խի ժողովո՞ւրդ չեն, տարբեր տուրիստներ կային տարբեր երկրներից, բա իրանք չե՞ն ասում՝ հոտ ա»:

Մենք բացատրեցինք, որ ոչ թե վախենում են, այլ սա քաղաքային միջավայր է եւ բնակիչներին տհաճություն է պատճառում՝ եզդին արձագանքեց. «Էս գոմն իմ տունն ա, ես կարամ էս գոմի մեջ քնեմ, էս հոտն ինձ դուր ա գալիս: Իսկ որ իրանց դուր չի գալիս, թող չգան, թող էթան էն ներքեւի կանգառում կանգնեն»:

Ընթացքում փորձելով նկարահանմանը խոչընդոտել՝ եզդի վաճառականն  ասաց. «Էդքանը որ նկարում ես, արի էս դոմիկն էլ նկարի, ոչ տուն ունենք, ոչ տեղ, մարդ ու կնիկ ստեղ ենք ապրում, անօդանավ եմ (նկատի ունի անօթեւան,- Հ. Ջ.): Պետությունն էլ չի օգնում, դե էս էլ նկարեք, ասեք, որ ոչ մի բան չունեն: Էդ դոմիկում շունը չի ապրի»:

Ավելի ուշ մոտեցավ տարածքի սեփականատերը, որը ներկայացավ Նառա Հովհաննիսյան:

Երբ հարցրեցինք՝ այս տարածքում գառ վաճառելու թույլտվություն ունե՞ք, որովհետեւ բնակելի տարածք է, կանգառ է՝ նա պատասխանեց. «Մինչեւ գառի հոտին հասնելը էս տարածքում էնքան լուսաբանելու բան կա, էդտեղից սկսեք: Էս մի սեզոնն ա՝ մեկ-երկու ամիս: Հա, դեմ չեմ, որ հոտը գալիս ա, բայց էդ ինչ-որ մեկի երեխու հացն ա: Եթե մեկը մի վայրկյան ստեղով անցնելիս պիտի էդ հոտը շնչի, ինչ-որ մեկն էլ դրանից հաց պիտի ուտի, հասկանո՞ւմ եք: Երկու փոքր երեխա ունեմ, էս պայմաններում ապրում եմ, ընդամենը հաց եմ վաստակում»:

Հարցրեցինք՝  հնարավոր չէ՞ կանգառից հեռու տարվի, գոմը մի քիչ խորքերում տեղադրեք՝ նա պատասխանեց. «Չի վաճառվի: Մի տարի էդպես կանգնել է, գառը գրել է, բայց ընդհանրապես առեւտուր չի եղել: Ոչ ես եմ կարողացել ապրել, ես երկու փոքր երեխա եմ պահում սրանով, ե՞ս ում գնամ բողոքեմ, էնքա՜ն բողոքելու բան կա»:

Նա ասաց, որ տարածքն իրենցն է. «Ուրիշ նպատակով պետք է այս տարածքն օգտագործեինք, բայց քանի որ չունեմ հնարավորություն…էսօր էս մարդուն խնդրել եմ, աղաչել եմ, ասել եմ՝ արի կանգնի, համ դու քո հացի փողն առ, համ ես: Օրը 1000 դրամ իրան է մնում, հազար դրամ էլ ինձ: Էնքան բողոքելու բան կա, գնացեք բողոքեք, մի ամբողջ ազգ սովից կոտորվում ա: Ես էսօր սրանով երեխեքիս պահում եմ, ինչ-որ մեկի քթի հոտի համար…»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ալֆրեդ says:

    Իսկ քաղաքապետարանում տեղյակ չէն դրաին

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031