Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մեծ, դրական ազդեցություն ենք թողել թե՜ կրթական, թե՜ դաստիարակչական առումներով. Ստեփանակերտի «Թումո» կենտրոնի ղեկավար

Օգոստոս 18,2017 21:00

Պաշտպանության բանակի 3 զորամասեր սկսած այս տարվա մայիսից շաբաթական 2 անգամ հաճախում են Ստեփանակերտի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Նրանց տրվում է հնարավորություն ընտրելու մասնագիտություն՝ առաջարկվող չորս ոլորտներից:

«Թումո-բանակ» ծրագրով կրթությունը զինվորների համար հասանելի ենք դարձնում ծառայության ընթացքում: Նրանք ինչ-որ չափով նաև սկսում են մասնագիտանալ և ծառայության տարիները օգտագործել իրենց կարիերան առաջ տանելու գործում: Կարծում եմ, որ զինվորն ինչքան խելացի լինի, ունենա գիտելիքների մեծ պաշար, այդքան նրա մարտունակությունն էլ ավելի բարձր կլինի: Զինվորի մարտունակությունը ես տեսնում եմ ոչ միայն ֆիզիկական, այլ նաև մտային առումով»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի «Թումո» կենտրոնի ղեկավար Կորյուն Խաչատուրյանը հավելելով, որ ծրագրի շրջանակներում հաճախում է շուրջ 225 ՊԲ ժամկետային զինծառայող:

Խոսելով Ստեփանակերտի «Թումո» կենտրոնի գործունեության մասին, Կ. Խաչատուրյանը նշում է, որ այստեղ առաջարկում են այնպիսի մասնագիտություններ, որոնք արդիական են և պիտանի՝ ցանկացած ոլորտում աշխատելու համար: Ընդգծում է, որ մեծ դրական ազդեցություն են թողել թե՜ կրթական, թե՜ դաստիարակչական առումներով. «Մեր մանկավարժական մոտեցումները հատուկ են: Մենք փորձում ենք անել այնպես, որ մեր սաները ձգտեն ինքնուրույն նոր բան սովորել, ինչպես նաև «Թումո»-ից դուրս նույնպես նրանք միշտ ի վիճակի ու պատրաստ լինեն սովորելուն»:

Նրա խոսքով այդ ամենի կարևորությունը հետևողական և շարունակական ձևով սովորելու մեջ է:

«Մեր մոտեցման մյուս կարևոր մասնիկը մանկավարժական թիմային աշխատանքն է, որը կարծում եմ բավականին պակասում է Հայաստանում և Արցախում առհասարակ: Դա իրականացնում ենք դասընթացների միջոցով, սովորեցնում ենք ցանկացած ոլորտում թիմային հասկացողության անհրաժեշտությունը,- նշում է Կ. Խաչատուրյանը և ավելացնում,- մենք կոչվում ենք «Թումո» տեխնոլոգիաների ստեղծարար կենտրոն և կուզենայի ստեղծարար բառը ընդգծել, քանի որ սա ստեղծագործական վայր է, որտեղ ուսանողները կարող են ինչ-որ բան ստեղծել իրենց նախաձեռնությամբ և մտքով: Այստեղ սաներին ոչ միայն գիտելիք է փոխանցվում, ծրագրեր սովորեցվում, այլև կենտրոնը նրանց համար հանդիսանում է որպես հարթակ»:

Ստեփանակերտի «Թումո»-ի ղեկավարը ուրախությամբ հայտնում է, որ նախագծեր մշակելու և իրագործելու համար իրենց արդեն դիմում են Արցախի տարբեր գերատեսչություններ. «Հետևաբար արդեն վստահելի գործընկեր ենք դարձել: Հետաքրքիրը նրանում է, որ մեզ վստահում են ոչ միայն որակի առումով այլ գնահատում են այն հանգամանքը, որ մենք պրոյեկտներն իրականացնելու համար մեր սաներին ենք օգտագործում՝ չդիմելով դրսի ընկերություններին կամ չհրավիրելով մասնագետ»:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031