Լրահոս
Օրվա լրահոսը

«Կասյան փողոցի վրա ապրող բնակչության 99,9 տոկոսը չգիտի, թե Կասյանն ով է». Հրանուշ Խառատյան

Օգոստոս 18,2017 20:15

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի վստահեցմամբ`հայ բոլշևիկների, կոմունիստ գործիչների անուններով երևանյան փողոցների վերանվանմամբ մենք այդ շրջանը մեր կյանքից չենք հանում, այլ ընդամենը այդ շրջանի նկատմամբ հետաքրքրությունն ենք հանում:

Aravot.am-ի հարցին` ինչո՞վ օգտակար կլինի Երևանում հայ բոլշևիկների, կոմունիստ գործիչների անունները կրող փողոցները ազգային հերոսների անուններով վերանվանելու նախաձեռնությունը, տիկին Խառատյանը պատասխանեց, որ այս հարցից առավել կարևոր է այն` արդյոք հանրությունը հասկանո՞ւմ է` բոլշևիկյան, խորհրդային շրջանն ինչ շրջան էր հայոց համար:

Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցությունն առաջարկվում է Երևանի Լենինգրադյան փողոցն անվանակոչել Արցախյան պատերազմի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով, Սարգիս Կասյանի, Անաստաս Միկոյանի անվան փողոցները վերանվանել ազգային հերոսների անուններով և այլն։

Այս առիթով տիկին Խառատյանը հիշեց Շահումյանին, Սպանդարյանին. «Նույն տրամաբանությամբ ունենք նաև Շահումյան, Սպանդարյան: Արդյոք գիտե՞նք նրանց ներդրումը, կամ խաղացած բացասական դերակատարությունը մեր ժողովրդի կյանքում և, ընդհանրապես, ի՞նչ գիտենք նրանց մասին: Այսինքն` ինձ համար թիվ մեկ խնդիրը գիտելիքն է այդ շրջանի պատմության և անհատների մասին, որոնք ամեն ձևով մեր ինքնության վրա ազդել ու ազդում են: Այդ անունները հանելով` մենք այդ շրջանը մեր կյանքից չենք հանում, այլ ընդամենն այդ շրջանի նկատմամբ հետաքրքրությունն ենք հանում»:

Հրանուշ Խառատյանը մտահոգություն հայտնեց, թե որևէ տեղ նորմալ վերլուծված չեն այս հարցերը, ընդամենը սոցցանցերում անհատական իմացությունների մակարդակով:

Ըստ ազգագրագետի` տեղանունների խնդիրը Հայաստանում ծնվել է նաև այն պատճառով, որ մեր ամբողջ տարածաշրջանում, հարևան Թուրքիայում, որի պատմության հետ մերն առնչվում է, տեղանունների նկատմամբ կա քաղաքական մոտեցում. «Նրանք էլ ջնջում են անցյալը, և ամեն քաղաքական օր իր ներկա շահերի, ընկալումների, ճաշակի համապատասխան նոր անուններ են դնում: Այդտեղ վերացնում են նաև հայկական շերտերը: Մենք նույն տրամաբանությամբ վերացնում ենք մահմեդական շերտերը: Կարելի՞ է սա անել, թե՞ ոչ, սրա վերաբերյալ կոնսենսուսային մոտեցում և քիչ թե շատ համաձայնեցված ծրագիր չունենք»:

Տիկին Խառատյանը հարցնում է` ինչո՞ւ Շահումյանի հրապարակի, արձանի խնդիրը չի բարձրանում. «Հայաստանում այդ հրապարակը, արձանը, Ստեփանավան քաղաքի անունը դրվեց 1930-1937 թվականներին` հակոտնյա Բերիայի քաղաքական ծրագրի, որով նա բոլշևիկյան հեղափոխության մեջ Ստալինի դերը բարձրացրեց և նվազեցրեց Շահումյանի դերը: ՀՀ-ն այդ անունները այդ շրջանում ակտիվացնելով, տեղանունները դրանցով կոչելով` ուղղակի հակակշիռ էր նոր բարձրացող, զարգացող կեղծարարությանը: Հիմա ինձ համար հարց է` մինչև 1936-ը Շահումյանը կարևոր չէ՞ր»:

Ըստ ազգագրագետի`տեղանունների, ընդհանրապես պատմության գնահատման հարցում մենք չափազանց կախված ենք մեր հարևանների դիրքորոշումներից և նրանց հակոտնյա կամ զուգահեռ քայլեր ենք անում, մինչդեռ երկրի տեղանունների ընտրության դեպքում չպետք է այդքան կախված լինել քաղաքական ընդհանուր հոսանքներից:

Ըստ ազգագրագետի`ամեն ինչին զուգահեռ տեղանունների փոփոխությունը հանգեցնելու է մի շարք բարդությունների. «Մնացած ամեն ինչից բացի չափազանց դժվարացնում է պատմական անցյալի` մարդկանց ընկալումը: Նույն տեղանունը մենք կարող է կարդալ հինգ անունով ու չհասկանանք, թե խոսքն ինչի մասին է: Այն փողոցի անունը, որը պետք է վերանվանվի, պետք է փոխել բոլոր քարտեզներում, փոխել այդ փողոցներում գտնվող բոլոր մարդանց անձնագրերը, հասցեները, նաև փոխել այդ փողոցներում տեղակայված գրասենյակների հասցեները, դրանց ձևանմուշները, կնիքները, աշխարհին տեղեկացնել այդ մասին»:

Տիկին Խառատյանից հետաքրքրվեցինք` ԵԼՔ-ը միգուցե քաղաքական նպատակադրությո՞ւն ունի, ցանկանում է դիվիդենտնե՞ր շահել, տիկին Խառատյանը վստահեցրեց, որ դա, իրոք, ունի քաղաքական դրդապատճառ, բայց մյուս կողմից էլ կարծիք հայտնեց, թե խորհրդային շրջանի բոլշևիկների կողմնակիցներ ՀՀ-ում շատ կան, հետևաբար հնարավոր է նաև դիվիդենտներ կորցնեն:

Հրանուշ Խառատյանը ևս մեկ անգամ շեշտեց, թե կարևոր է այդ մարդկանց մասին հանրության ունեցած գիտելիքը և թերահավատություն հայտնեց. «Կասյան փողոցի վրա ապրող բնակչության 99,9 տոկոսը չգիտի` Կասյանն ով է»:

Մեր այն հարցին` ուրեմն հենց այդ տրամաբանությամբ էլ ավելի լավ չի՞ լինի այդ փողոցները վերանվանել ՀՀ ազգային հերոսների անուններով, տիկին Խառատյանն արձագանքեց. «Ժիրայր Սեֆիլյանը պաշտոնապես ազգային հերոս էր, հիմա հերոս չէ: Չգիտեմ` ի՞նչ են նշանակում այս բաները: Ընդհանրապես, մեդալակիր հերոսների՞, թե՞ ժողովրդի ընկալմամբ հերոսների մասին է խոսքը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031