Այսօր Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ներկայացուցիչները՝ մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանի գլխավորությամբ Շիրակի մարզպետարանի դահլիճում հանդիպեցին տնտեսվարողների հետ՝ խախտումներից ու տուգանքներից խուսափելու համար անհրաժեշտ տեղեկատվություն մատուցելով ու պատասխանելով նրանց հուզող հարցերին։
Նրանք նաև ներկայացրեցին երրորդ եռամսյակում իրականացրած տեսչական ստուգումների արդյունքները։ Լևոն Խալիկյանն ասաց, որ տեսչական մարմինն իրականացնում է ոչ պարենային ապրանքների շուկայի վերահսկողություն։ Վերջին շրջանում թիրախային ոլորտներ են եղել գազալցակայանները, վառելիքի ոլորտը ու մանկական խաղալիքները։
Ի դեպ, Շիրակի մարզում ստուգումների արդյունքում հայտնաբերվել են մի քանի գազալցակայաններ, որտեղ գազը լիցքավորել են 200 ճնշումից բարձր։ Երբ 200 ճնշումից բարձր են լիցքավորում՝ գազի բալոնը պայթում է՝ չդիմանալով։ Վառելիքի շուկայում իրականացված վերահսկողության արդյունքում էլ հայտնաբերել են, որ բարձր որակի տակ վաճառել են ցածրորակ բենզին։ Տվյալ կազմակերպությունները տուգանվել են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Լևոն Խալիկյանը։ Ըստ ՇՎՏՄ իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության բաժնի պետ Սուրեն Պետրոսյանի էլ, տեսչական մարմնի կողմից 2017 թվականի երրորդ եռամսյակում կատարվել են 140 ստուգումներ, 72 տնտեսվարողի մոտ դրանք ավարտվել են, 18 տնտեսվարողների մոտ խախտումներ չեն հայտնաբերվել, 59-ում էլ դեռ ավարտված չեն։ Արձանագրված խախտումներն են եղել՝ մակնշման անհամապատասխանությունը, բացակայությունը, հավաստագրի բացակայությունը, գազալցակայաններում ճնշման գերազանցումը, վառելիքի որակի անհամապատասխանությունը և այլք։ Շուրջ վեց միլիոն դրամի չափով նշանակվել են տուգանքներ։
Տնտեսվարողների հետ հանդիպման ժամանակ Լևոն Խալիկյանը մի քանի անգամ կրկնեց, որ իրենք նպատակ չունեն ստուգումներով որևէ մեկին վախեցնելու, տնտեսավարողները հարկ է, որ իրենց դիտեն որպես գործընկեր։ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն էլ իր հերթին ասաց․«Շատ կարևոր է՝ գիտակցենք, որ ստուգումը պատժիչ մեխանիզմ չէ, և ստուգման նպատակն այն չէ, որ գիտակցաբար փորձենք մարդկանց բռնենք և պատժենք։ Ստուգումների նպատակն է կանխարգելել հետագա խախտումները, օգնել, օժանդակություն ցուցաբերել մեր տնտեսվարողներին, որպեսզի կարողանան վերացնեն արձանագրված թերությունները և հասարակությանն ու գործարարներին զերծ պահեն հնարավոր վտանգներից»։
Հանդիպման ամենահետաքրքիր մասը, թերևս, հարց ու պատասխանն էր տնտեսվարողների հետ, որի ժամանակ հենց տնտեսվարողները մի քանի բացահայտումներ արեցին։ Նշենք, որ հանդիպմանը մասնակցում էին Գյումրու բուժհիմնարկների՝ ծննդատան, շտապօգնության կայանի, պոլիկլինիկաների տնօրենները։ Գյումրու «Բեռլին» պոլիկլինկայի տնօրեն Հովհաննես Հարությունյանը դժգոհեց բժշկական ձեռնոցների որակից՝ նշելով, որ դրանք շատ դեպքերում չեն համապատասխանում այն որակին, որը որ իրենք սպասում են։ Դրանք, թեև սերտիֆիկատներ ունեն, սակայն կոշտ են, չոր, անորակ, անհարմարություններ են ստեղծում բժիշկների համար։ Նա հետաքրքրվեց, թե պարոն Խալիկյանի գլխավորած կառույցը կկարողանա՞ այս հարցով զբաղվել, եթե դիմեն նրան։ Լևոն Խալիկյանը նշեց, որ տեսչական մարմինը զբաղվում է ոչ պարենային արտադրանքի վերահսկողությամբ վաճառքի փուլում։ Դա տեսչական մարմնի լիազորությունների մեջ չէ։
Պարոն Խալիկյանի պատասխանը, կարծես, դուր չեկավ Գյումրու շտապօգնության կայանի տնօրեն Ռոբերտ Թորոսյանին, որը ձայն խնդրելով՝ ասաց․«Եթե մի անորակ ձեռնոց իմ մոտ հայտնաբերես, կտուգանե՞ս ինձ»։ Լևոն Խալիկյանն առաջարկեց ձեռնոցի վրա օրինակ չբերել, որի ի պատասխան՝ շտապօգնության տնօրենն ասաց․«Մենք մենակ ձեռնոց ունենք»։ Լևոն Խալիկյանը մեկ անգամ ևս բացատրեց իր կառույցի լիազորությունները։
Մեկ այլ արտադրող՝ Աստղիկ Հովսեփյանը, որը «Մագնոտ» ԲԲԸ տնօրենն է, ասաց, որ իրենք խաղալիքներ, խաղասարք են արտադրում՝ պահպանելով բոլոր կանոնները, սակայն կան արտադրողներ, որոնք կրկնօրինակում են իրենց՝ չպահպանելով կանոնները ու տնտեսական առավելություն ունեն իրենց նկատմամբ։ Ստացվում է, որ կողքի բիզնեսը զարգանում է, իսկ իրենք տուժում են՝ պահպանելով ապահովության ու որակի չափանիշները։ Աստղիկ Հովսեփյանը պարոն Խալիկյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ կարող են վերահսկել շուկան։ Լևոն Խալիկյանը առաջարկեց կոնկրետ հնչեցնել այդ տնտեսավարողների անունները, որոնք չեն պահպանել սերտիֆիկացման գործընթացը կամ մատնանշել այն խանութները, որտեղ վաճառվում են տվյալ ապրանքները։ Իրենք կսկսեն ստուգումներ իրականացնել ու կտեղեկացնեն արդյունքների մասին։ Աստղիկ Հովսեփյանը, սակայն, ասաց, որ կոնկրետ իրենք իրացման խնդիր չունեն, իրենց գնորդները դրսից են, սակայն Գյումրիում կան թաղեր, օրինակ՝ Մուշ թաղամասը, որի խաղահրապարակներում պլաստիկ խաղերից բացի, մնացածը թունավոր են։ Պարոն Խալիկյանն ասաց, որ դա իրենց լիազորությունը չէ, սակայն այն կփոխանցի համապատասխան լիազոր մարմնին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ