Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի հայ համայնքի անգործությունը ու դրա հիմքերը

Օգոստոս 18,2017 19:03

Հուլիս ամսին Կանադայի ռադիոն և CBC հեռուստաընկերությունը հայտնեցին, որ կանադական INKAS Armored Vehicle ընկերությունն Ադրբեջանի ներքին գործերի նախարարությանն է վաճառել մի քանի զրահամեքենաներ, ինչպես նաև պայմանավորվել է ադրբեջանական կողմի հետ Ադրբեջանում նման զրահամեքենաների արտադրություն հիմնելու մասին:

Սրան հետևեց կանադահայ համայնքի անհապաղ ու թիրախային արձագանքը՝ Ադրբեջանի և Կանադայի միջև ուժային ցանկացած համագործակցություն բացառելու պահանջով:

Կանադահայ համայնքը

Կանադայում հայկական գաղթօջախները չեն դասվում ավանդականների շարքին: 20-րդ դարի սկզբին ու Առաջին աշխարհամարտից հետո Կանադայի միգրացիոն քաղաքականության պատճառով Հայոց ցեղասպանությունից հետո Կանադայում ապաստան ստացած հայերի թիվը եղել է խիստ սահմանափակ, իսկ հայ համայնքն ընդարձակվել է արդեն դարավերջին և Հայաստանի անկախացումից հետո՝  ներկայում հասնելով շուրջ 80 հազարի: Ի տարբերություն այլ երկրների, այդ թվում ԱՄՆ-ի, որտեղ հայերն արդեն մեկ դարից ավել ինտեգրված են հասարակությանը և ունեն լոբբիստական բազմաթիվ ազդեցիկ լծակներ, կանադահայ համայնքն ավելի երիտասարդ է ու պակաս ազդեցիկ:

Սրանով հանդերձ, սակայն, կանադա-ադրբեջանական գործարքի մասին հայտնի դառնալուց հետո հայ համայնքը դիմել է ակտիվ քայլերի՝ նման զարգացումները կանխելու համար: Այսպես, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին ուղղված նամակով է հանդես եկել Մոնրեալում գործող կանադա-հայկական քաղաքական հարցերով հանձնաժողովի նախագահ Շահե Թանաշյանը, նմանատիպ կոչեր են ստացել նաև կանադական խորհրդարանի պատգամավորները: Ընդհանուր առմամբ, կանադահայ համայնքին հաջողվել է օրակարգ բերել և պահել հարցն ուշադրության կենտրոնում՝ այդ ուղղությամբ հետագա բոլոր զարգացումները դարձնելով ավելի զգայուն ու վերահսկելի:

Ընդգծենք նաև, որ խոսքն այս դեպքում զրահամեքենաների մասին է, որոնք նախատեսված են ոստիկանական զորքերի և ոչ բանակի համար: Հայ համայնքի դժգոհությունը պայմանավորված է զուտ գործարքի փաստով, քանի որ բացահայտ ագրեսիվ ու խտրական քաղաքականություն վարող Ադրբեջանին ցանկացած տիպի սպառազինություն մատակարարելը համարվում է անթույլատրելի:

Օրինակելի, բայց անկրկնօրինակելի փորձ

Ադրբեջանին սպառազինություններ մատակարարող հիմնական երկիրը, ինչպես հայտնի է, Ռուսաստանն է: Ընդ որում, ռուսական սպառազինությունները հարձակողական են և կարող են ակտիվորեն կիրառվել առաջնագծում, ինչպես դա եղավ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ: Վերջին տարիներին Ադրբեջանի գնած հարձակողական սպառազինության 85 տոկոսը եկել է Ռուսաստանից:

Ի տարբերություն Կանադայի, Ռուսաստանում հայկական համայնքը ունի և՛ բազմադարյան պատմություն, և՛ անհամեմատ ավելի մեծ քանակություն, և՛ էլ ավելի սերտ ինտեգրվածություն ռուսական հասարակությանը: Այդ ամենով հանդերձ, սակայն, հայ համայնքը Ռուսաստանում որևէ կերպ չի արձագանքում Բաքվին զինելու Մոսկվայի քաղաքականությանը և մեծ հաշվով ցուցադրում է կատարյալ անզորություն հայկական շահերը Ռուսաստանում պաշտպանելու հարցում:

Ասվածի ամենաակնառու դրսևորումն էր այն, որ 2016 թվականի ապրիլին Մոսկվայում բնակվող հարյուր հազարավոր հայերից ընդամենը մեկը դուրս եկավ բողոքի ցույցի ԱԳՆ շենքի դիմաց՝ պահանջելով դադարեցնել սպառազինությունների մատակարարումն ագրեսոր Ադրբեջանին:

Նման պայմաններում հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Ռուսաստանում հայկական համայնքը, որն ամենամեծն է աշխարհում և, ըստ տարբեր գնահատականների, անցնում է 2 միլիոն մարդու սահմանը, դրսևորում նման պասիվություն ու անզորություն:

Այս հարցը, թերևս, շատ ավելի խորքային է և արտահայտվում է նաև այլ փաստերի տեսքով: Օրինակ այն, որ ունենալով բազմաթիվ միլիարդատերեր ու միլիոնատերեր, շոու-բիզնեսի ու մեդիայի ազդեցիկ ու հեղինակավոր դեմքեր՝ հայ համայնքը ներկայացված չէ Ռուսաստանի խորհրդարանում: ՌԴ Պետական դումայի 450 պատգամավորների մեջ չկան հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչը նշանակում է, որ կամ 2 միլիոնից ավել բոլոր հայերը խորությամբ անտարբեր են քաղաքականության հանդեպ, կամ նրանց ինչ-որ բան խանգարում է այդ հարցում:

Իսկ խանգարում է, անշուշտ, Ռուսաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատ կամաարտահայտման և խոսքի ազատության հետ կապված իրավիճակը: Այս կարևոր գործոնների շարունակական խեղմամբ և թերզարգացմամբ է պայմանավորված, որ հայերը, լինելով ամենամեծ համայնքներից մեկը, մինչ օրս չունեն որևէ ազդեցիկ լծակ՝ հայկական շահերը պաշտպանելու համար, որ ընդհանուր առմամբ, չնայած առանձին գործիչների կարողություններին ու համբավին, մնում են, այսպես ասած, «չուռկայի» կարգավիճակում: Փաստացի, հայ համայնքի շփումները ռուսական իշխանությունների հետ սահմանափակվում են, օրինակ, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ծննդյան միջոցառմանը մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, ինչը ԶԼՄ-ներով ներկայացվում է որպես դարակազմիկ իրադարձություն, իսկ գործնականում՝ ոչինչ, քանի որ ռուսական զենքը շարունակում է հասնել Ադրբեջան և այնտեղից կրակել Հայաստանի ուղղությամբ:

Վահե Ղուկասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031