Հայաստանի պատանի երկու նետաձիգներ՝ Արման Բալդիյանը եւ Լեւոն Պողոսյանը հոկտեմբեր ամսին Արգենտինայում կմասնակցեն աշխարհի պատանիների եւ երիտասարդների առաջնությանը, որտեղ խաղարկվելու են նաեւ 2018 թվականի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր:
Տղաներն ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանի ղեկավարությամբ մեկ ամիս է՝ ուսումնամարզական հավաք են անցկացնում Մարտունիում գտնվող ԵԿՄ ճամբարում:
Բորիս Վասիլյանի խոսքերով, «Արմանն ու Լեւոնը վերջին շրջանում բավականին լավ արդյունքներ են ցույց տալիս, ինչը Արգենտինայում բարձր տեղեր զբաղեցնելու հույսեր է ներշնչում:
Սեպտեմբերի սկզբին երկու թիմով կմեկնենք Բաթում՝ մասնակցելու միջազգային մրցաշարի, այնտեղից՝ Թբիլիսի, որտեղ նույնպես միջազգային մրցաշար է լինելու: Վերադառնալուց հետո, հավանաբար, Սեւանի ավազանում սեպտեմբերի 14-ին կտանք «Հայկի նետեր» ավանդական միջազգային մրցաշարի մեկնարկը, որին մասնակցելու հայտ ներկայացրել են Վրաստանի՝ երկու, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Յակուտիայի մեկական թիմեր:
«Հայկի նետերը» նաեւ լավ փորձամրցում կլինի աշխարհի առաջնություն մեկնող տղաների համար: Աշխարհի առաջնության նախապատրաստության վերջին փուլը կանցկացնենք Էջմիածնում: Մարզումները կկազմակերպենք գիշերվա ժամերին, որպեսզի Արգենտինայում տղաները հեշտ հարմարվեն ժամային մեծ տարբերությանը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ