Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Տնեցիների հետ կռվեցի, գնացի Ղարաբաղ, 22 տարեկան էի, ԵՊՀ ուսանող». «Արծիվ» մահապարտների ջոկի անդամ Նորիկ Սահակյան

Օգոստոս 18,2017 14:49

«Արծիվ» մահապարտների հատուկ նշանակության գումարտակի երկրորդ վաշտի երկրորդ ջոկի ամենաերիտասարդ մահապարտներից մեկին՝ Նորիկ Սահակյանին հանդիպեցինք Եռաբլուրում:

25 տարի առաջ հենց Եռաբլուրում էր նա իր ընկերների հետ երդվել ու գնացել ռազմաճակատ. «Այն ժամանակ ես 22 տարեկան էի՝ ԵՊՀ ուսանող: Համալսարանում էի սովորում՝ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում»:

Հարցին՝ ի՞նչը ձեզ մղեց, որ «Արծիվ» մահապարտների ջոկատում անդամագրվեք՝ հատկապես, երբ սպարապետ Վազգեն Սարգսյանը հստակ զգուշացրել էր՝ ապրել-մեռնելը 50/50 է՝ նա պատասխանեց. «Հայրենասիրությունը: Այն ժամանակ գրքեր շատ էի կարդում, ջղայնանում էի, թե ոնց են կոտորել մերոնց, լացում է: Հայրս ինձ այդպիսին էր դաստիարակել՝ հայրենասեր, ինքն էլ հայրենասեր էր, բայց երբ ասացի, որ մահապարտների խմբում եմ անդամագրվում՝ համաձայն չէր: Իր երեխան էի, չէր ուզում բաց թողնել»:

Մեր հարցին՝ այսինքն, ընտանիքի անդամներից թաքո՞ւն գնացիք Ղարաբաղ՝ Սահակյանը պատասխանեց՝ «Չէ, ինչի՞ թաքուն՝ կռվով, տնեցիների հետ կռվեցի: Առաջին անգամ որ գնացի, ծնողներս ասացին՝ լավ, թող էս անգամ գնա, ինքը չի իմանում ուր է գնում, հաջորդ անգամ որ ծեծեն էլ՝ չի գնա: Իսկ երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ, որ գնում էի՝ շատ էին զարմացել: Երբ նեղվում էին, հարցնում էին՝ ինչի՞ ես գնում, ո՞ւր ես գնում՝ արդեն ասում էի՝ ընկերներս գնում են, ես ո՞նց չգնամ»:

Նորիկ Սահակյանը գտնում է, որ պատերազմն իրեն շատ է փոխել «միայն թե ընկերդ չզոհվի, ուրիշ որեւէ բանից չեմ հիասթափվել»:

Նա պատմեց, որ շատ խելոք երեխա է եղել դպրոցում, համալսարանում, ոչ ոք չի պատկերացրել, որ գլուխը կախ, խելոք դասի գնացող այդ տղան պատերազմի դաշտում առյուծ կկտրի: Հարցին՝ գոնե պատերազմից վերադառնալուց հետո ուսումը շարունակե՞լ եք՝ նա պատասխանեց. «Վիրավորվեցի, կոնտուզիա ստացա, արդեն հիշողությունս չէր հերիքի մաթեմատիկայի համար»:

Հարցին, երբ լսում եք, մամուլում էլ հաճախ գրում են, որ բազմաթիվ պաշտոնյաների զավակներ չեն գնացել բանակ, իսկ դուք ուսումը թողնելով՝ կամավոր եք գնացել, այն էլ՝ մահապարտների զորախմբում եք անդամագրվել, այդ տարբերությունը ձեզ ցավ չի՞ պատճառում՝ Նորիկ Սահակյանը պատասխանեց. «Մենք որ գնում ենք, ոչ մեկի համար ու ոչ մեկի փոխարեն չենք գնում, մեր համար ենք գնում: Մեզ չի հետաքրքրում, թե ովքեր չեն գնացել: Միշտ էլ կլինեն եւ այն ժամանակ եղել են մարդիկ, որ իրենց երեխաներին ազատել են բանակից, բայց կարեւորն այն է, որ մենք պետք է գիտակցենք՝ բացառիկ ազգ ենք, ուրիշները կռվի ժամանակ արտագաղթում են, մենք ներգաղթում ենք: Ու կռվի ժամանակ բազմաթիվ մարդիկ, որոնք հայրենիքում չէին, եկան, միացան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031