«Ես չեմ գնացել Ղարաբաղ, որ հետո ինձ շքանշան տան, կամ ինձ հաց տան, թոշակ տան: Ես գնացել եմ իմ երկրի, իմ ժողովրդի, իմ հող ու ջրի համար, պայքար եմ տարել եւ հաղթանակով եմ վերադարձել, դա ինձ համար ամեն ինչ է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Արծիվ» մահապարտների հատուկ նշանակության գումարտակի երկրորդ դասակի երկրորդ ջոկի հրամանատար Սերգեյ Վարդանյանը:
25 տարի առաջ՝ 92-ի օգոստոսին սպարապետ Վազգեն Սարգսյանի կոչով 500 մահապարտներ մեկնեցին ճակատ՝ հակառակորդի կողմից աքցանի մեջ առնված Ստեփանակերտը փրկելու:
Մենք հետաքրքրվեցինք Սերգեյ Վարդանյանից՝ այն ժամանակ ի՞նչ զգացողություն ունեիք, երբ մահապարտների ջոկատում անդամագրվեցիք՝ նա պատասխանեց. «Որ ասեմ՝ մոլի հայրենասեր էի, երեւի չհավատաք, բայց այդպես է: Մեր պապերի պատմած՝ Եղեռնից սկսած, մինչեւ 20 թվականի պատմածները ինձ դրդեցին, էդ կոտորածները, որտեղ ծնվեցին Անդրանիկներ, Նժդեհներ, Չաուշներ ու մենք դարավերջում ապացուցեցինք, որ մեր մեջ էլի կարող են ծնվել Նժդեհներ, Դրոներ, Անդրանիկներ, Չաուշներ: Մենք պարզ պատկերացնում էինք ու գնում էինք դեպի հերոսացում: Մենք այն ժամանակ կռվում էինք հող ու ջրի՝ Արցախի, մեր Գանձասարի, մեր պատմությունների համար: Ամեն մարդ չի, որ կարող է գիտակցել, թե ինչ է հայրենիքը: Մարդիկ կային՝ գալիս էին, կռվում էին հենց այնպես, չգիտակցելով, թե ինչի համար են դա անում: Հետո էին հասկանում: Մենք ուրախ էինք, սոված էինք, բայց կռվում էինք՝ հանուն մեր երկրի: Այդ հուշերը մեր ուրախությունն են: Կողքից մեկը կարող է պատերազմի թունդ ժամանակ մի բան ասեր՝ տրամադրություն տար, դա մեր կյանքն է՝ երգով, բանաստեղծությամբ, այդպես ենք մենք կռվել»:
Մեր հարցին՝ արդեն կռվել, եկել եք, հիասթափություն չե՞ք ապրում, որ հայրենիքից այսօր մարդիկ արտագաղթում են, սոցիալական, տնտեսական լուրջ խնդիիրներ կան, դուք ա՞յս հայրենիքն էիք երազում տեսնել՝ նա պատասխանեց. «Չվերցնենք իշխանության, մեծահարուստների մասշտաբը: Դա մեր չէ: Մենք երբեք չենք փոշմանել մեր արածից: 2016 թվին նորից ապացուցեցինք դա: Այսօրվա իշխանությունները, մեծահարուստները մեզ հետաքրքիր չեն: Մենք սոված կլինենք, ուշադրություն կդարձնեն կամ չեն դարձնի, դրանք երկրորդական բաներ են, մեր մահապարտների գումարտակը, եթե պետք լինի, էլի հզոր դասակ է կազմելու ու գնա կռվելու դժվար հատվածներում: Քառօրյա պատերազմում էլ այդպես եղավ, գնացինք Մատաղիս, Մարտունի՝ ամենադժվար տեղերը՝ Թալիշի կողքին, այդ գիծը պահեցինք, որ նորից չթափանցեին: Մենք էդ 800 հա-ի համար գիտես ինչ արյուն ենք թափել: Էսօր ասում են՝ էդ ինչ ա որ: Բայց դրանք փոխել չէր կարելի: Դե հիմա, ինչ որ է, մենք էլի չընկճվեցինք: Մենք հաղթող զինվորներ ենք ու այսօր երբ քչփչալով ասում են, լսում ենք, թե՝ 800 հեկտար է, էլի, ախր էդ 800 հեկտարի համար 800 հեկտար է զոհվել, հերոսներ են զոհվել: Սիրուն չի, ցավ եմ ապրում»:
Նա հիշեց, թե ինչպես է ոգեւորվել սպարապետ Վազգեն Սարգսյանի կոչից. «Ինքը ոնց որ ստիպեր, որ քեզ մարդու տեղ դնես, հասկանո՞ւմ ես: Մեռնել- ապրելը 50-50 էր ու դա կապ չուներ մեզ համար: Մենք գնում էինք, որովհետեւ մեզ պետք էր Ղարաբաղը, մեր հինավուրց Հայաստանը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ