Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նպատակ եմ ունեցել բացահայտել ադրբեջանական այն սուտը, իբր ապրիլյան պատերազմում իրենք հաղթանակ են տարել». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Օգոստոս 18,2017 11:30

«Հրապարակելով փաստաթուղթը՝ ես շատ հստակ մեկ նպատակ եմ ունեցել` բացահայտել ադրբեջանական քարոզչամեքենայի այն սուտը, իբր ապրիլյան պատերազմում նրանք հաղթանակ են տարել և հիմա կարող են իրենց կամքը պարտադրել բանակցությունների սեղանին»,-Aravot.am.-ի հետ զրույցում Ադրբեջանի պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գնդապետ Իսա Սադիգովի՝ ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանական կորուստների թվերի մասին վկայող փաստաթուղթը հրապարակելու դրդապատճառն այսպես հիմնավորեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Մեր հարցին փաստաթղթի հրապարակումը ի՞նչ կարող է տալ հակամարտության լուծմանը՝ արդյոք դա չի՞ մղի Ադրբեջանին իրավիճակը շփման գծում էսկալացնելու, քաղաքագետը պատասխանեց. «Եկեք խոստովանենք, որ իրավիճակն առաջնագծում լարված է դեռևս 2014թ. ամռան ամիսներից։ Ադրբեջանի ղեկավարությունը վաղուց է առաջնորդվում այդ մարտավարությամբ` լարվածությունն առաջնագծում Ալիևի վարչակազմն ընկալում է որպես քաղաքական իշխանության ռեսուրս։ Նրանք պատերազմով են սպառնում ոչ միայն հայկական պետություններին կամ միջազգային հանրությանը, այլև սեփական բնակչությանը։ Եվ դա իրենց այն քաղաքականությունն է, որը, որպես կանոն, շատ հետևողականորեն է իրականացվում և քիչ է ենթարկվում արտաքին ազդեցություններին։ Դրանով հանդերձ, ես երբեք խորհուրդ չեմ տա մեր գործողությունները պայմանավորել առաջնագծում իրավիճակ լարելու թշնամու սպառնալիքով։ Չի կարելի թույլ տալ, որպեսզի Ադրբեջանը մոլորեցնի միջազգային հանրությանը և կեղծ քարոզչությամբ քաղաքական խնդիրներ լուծի։ Կարծում եմ` հրապարակված նամակը շատ հարցերի պատասխաններ է տալիս»։

Մեր հարցին՝ այն պնդումը, որ Ադրբեջանի հասարակական ընկալումներում շեշտակի փոփոխություններ են նկատվում, արդյոք ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ՝ այդ երկրի կողմից ագրեսիայի ա՞ճ, թե՞ դրական տեղաշարժ հակամարտության լուծման հարցում, պարոն Մելիք-Շահնազարյանը պատասխանեց. «Դժվար է հստակ ասել, թե ինչպես կարձագանքի Ալիևի վարչակազմը ներքին մարտահրավերներին։ Մինչ օրս մենք միայն հետապնդումներ և բռնություններ ենք տեսել։ Ինչպես նաև ոչ ադեկվատ, իրավիճակին չհամապատասխանող լուծումներ։ Բայց այդ դժգոհ հասարակությունն այն ռեսուրսն է, որով, փաստորեն, Ադրբեջանի իշխանությունները սպառնում են թե՛ հայկական կողմին, թե՛ միջազգային հանրությանը։ Ալիևի վարչակազմին այսօր այդ պատերազմը շատ է պետք թեկուզ ապրիլյան կորուստները վերականգնելու համար։ Բայց նրանք հասկանում են, որ ցանկություններն ու հնարավորությունները չեն համընկնում և ստիպված են բավարարվել՝ սահմանային սադրանքներով ու քարոզչական կեղծ թեզեր տարածելով»։

Իսկ թե հրապարակված փաստաթուղթն ապրիլին ադրբեջանական կորուստների մասին ինչպե՞ս կարող է օգտագործել հայկական կողմը, Հրանտ Մելիք-Շահնազարյանն այսպիսի կարծիք հայտնեց. «Առաջին հերթին այն անհրաժեշտ է Ապրիլյան պատերազմում Ադրբեջանի պարտությունը փաստավորելու համար։ Հուսով եմ` մեր դիվանագիտությունը կօգտագործի այստեղ ներկայացված փաստերը Ադրբեջանի պնդումներին հակազդելու ընթացքում։ Բացի այդ պարոն Սադիգովի զեկուցագիրը պետք է որ հետաքրքրություն առաջացնի հենց Ադրբեջանի հանրության շրջանում։ Թող ադրբեջանցիներն իրենց ռազմաքաղաքական իշխանությունից հարցնեն, թե ում էր պետք ապրիլյան այն սադրանքը, իրենց հարյուրավոր զոհերն ու այն մեծ սուտը, որը ամեն օր հրամցվում է Ադրբեջանի հանրությանը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031