Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելցի նախարարին չհաջողվեց կանխել անօդաչուների սկանդալը. ինչո՞ւ է ուշանում ՊՆ որոշումը. ՀԺ

Օգոստոս 18,2017 11:22

Օգոստոսի 14-ին իսրայելական մամուլում սկանդալային արտահոսք հայտնվեց: Ըստ այդմ՝ Իսրայելի պաշտպանության նախարարությունում հետաքննություն է ընթանում Ադրբեջանին հարվածային անօդաչու թռչող սարքեր մատակարարող Aeronautics Defence System ընկերության գործողությունների վերաբերյալ: «Մաարիվ ա-Շաուվա» պարբերականի տվյալներով՝ հետաքննության հիմքում Իսրայելի պաշտպանության նախարարությանը հասցեագրված բողոքն է:

Երեւանն այս սկանդալում, կարծես թե, ամենեւին էլ պասիվ դիտորդի դերում չէ: Սրա մասին է թերեւս վկայում նաեւ Իսրայելից բավական բարձր մակարդակով կազմակերպված այցը Հայաստան: Հուլիսի 25-27-ին Երեւանում էր այդ երկրի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին: Սա լուրջ այց էր, որովհետեւ վերջին 10 տարվա ընթացքում Իսրայելից որեւէ նախարար չէր այցելել Հայաստան: Ընդ որում, Հանեգբին հարուստ փորձով եւ կենսագրությամբ պաշտոնյա է, որը երկար տարիներ համակարգել է իսրայելական հատուկ ծառայությունների աշխատանքը:

Նա իր այցը գնահատեց որպես հայ-իսրայելական հարաբերություններում նոր ճեղքում, ասաց, որ մեկ ուղերձով է եկել՝ զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ: Ճիշտ է, նախարարը հարցազրույցներում ասաց, որ իր այցի օրակարգում անվտանգության եւ ռազմական ոլորտին առնչվող հարցեր չկան, միայն զբոսաշրջություն, առեւտուր, սակայն միշտ չէ, որ նման այցերի ժամանակ փակ դռների ետեւում քննարկվող ամենակարեւոր թեմաները տեղ են գտնում հարցազրույցներում:

Հայ-իսրայելական հարաբերությունների տրամաբանության մեջ հիմա ընդհանրապես նման բարեկամական այց չէր մտնում: Այնպես որ, չի բացառվում, որ նախարարը եկել էր անօդաչուների հետ կապված դիմումի հետքերով, լուծումներ գտնելու եւ սկանդալից խուսափելու նպատակով:

Ի դեպ, Սերժ Սարգսյանը Ցախի Հանեգբինի այցի նախորդ օրը մեկնեց արձակուրդ, այդպես էլ նրան չընդունելով: Դա մի կողմից հստակ ուղերձ էր Իսրայելին: Մյուս կողմից նշանակում է, որ եթե այցի նպատակը սկանդալը հարթելն է եղել, ապա այն ի սկզբանե ձախողված էր: Իսրայելի պաշտպանության նախարարությունն առայժմ չի հայտարարել, թե ինչ է պարզվել իրենց հետաքննության արդյունքում: Ենթադրվում է, այդ հայտարարությունը չի լինի, մինչեւ Հայաստանն ու Իսրայելը ընդհանուր հայտարարի չգան:

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031