«Խոսրովի անտառ» արգելոցի եւ Արտավանի այրված անտառների վերականգնումը երկար ժամանակ եւ խոշոր ռեսուրսներ կպահանջի: Սա Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանի կանխատեսումն է:
Նա մեզ հետ զրույցում մասնավորապես ասաց. «Եթե դա լիներ լայնատերեւ անտառ, ապա դա մոտ 20-30 տարում հնարավոր է վերականգնել՝ մարդու միջոցով (անտառատնկման եղանակով՝ խմբ.) կամ բնական ճանապարհով: Ինչ վերաբերում է Խոսրովի արգելոցին, որտեղ մարդու միջամտությունն արգելվում է, ապա այնտեղ հրդեհված տարածքները պետք է բնական ճանապարհով վերականգնվեն: Հրդեհված լայնատերեւ անտառում, որը մոտ 900 հեկտար է կազմում, վերականգնելու առումով շատ քիչ բան կա, քանի որ ծառերը գրեթե չեն վնասվել, թեեւ հրդեհն անցել է դրանց միջով:
Դրանց մեծ մասը կվերականգնվի, գուցե մի մասն այդպես էլ չվերականգնվի, սակայն դա չնչին տոկոս կկազմի: Մինչդեռ գիհուտների դեպքում խնդիրն այլ է: Գիհին շատ երկար է աճում: Այն գիհիները, որոնք կային Արտավանում եւ Խոսրովի արգելոցում, մոտ 200-300 տարեկան էին: Գիհին մոտ 800 տարի աճող բույս է: Այսինքն, դա արհեստական ձեւով՝ մարդու միջոցով տնկելու դեպքում շատ մեծ, ծավալուն աշխատանք է պահանջելու: Բացի այդ՝ դրա համար ֆինանսական մեծ միջոցներ են պետք: Եվ երրորդ՝ գիհիները շատ երկար են աճելու, պետք է աճի համար բնական, նպաստավոր պայմաններ լինեն»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում