Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թե ինչ պատահեց, երբ Պուտինի ներկայացուցչի հանդիպումից հետո հայ քաղաքացուց գողացան նրա անձնագիրն ու փաստաթղթերը

Օգոստոս 18,2017 13:30

Գյումրեցի Մելիքսեթ Գաբոյանին անդրադարձել ենք, երբ նա լինելով Գյումրիում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի նախկին ավագ ենթասպա (1994-2004թթ.), փորձում էր ստանալ ՀՀ քաղաքացու անձնագիր ու խնդիրներ ուներ հայրենի բյուրոկրատական ապարատի հետ: Երկար ժամանակ նրա մասին տեղեկություններ չունեի: Եվ ահա, նա իր հերթական ոդիսականով «Առավոտի» խմբագրությունում է:

Մելիքսեթ Գաբոյանը 2014թ. կնոջ, երկու զավակների հետ մեկնել էր ՌԴ Կրասնոյարսկ քաղաք, ուր դուստրն ու նրա ամուսինն էին ապրում: Պայմանագրի հիման վրա միգրացիայի տեղի կառույցը գրանցում է նրանց: Համաձայն լուսանկարում պատկերված փաստաթղթի, նա կարող էր բնակվել, ապա երկարացնել ժամկետն այս տարվա նոյեմբերին: Երեք տարիների ընթացքում Գաբոյան ընտանիքը որեւէ խախտում, ՌԴ իրավապահների հետ կապված որեւէ խնդիր չի ունենում:

Նախկին զինվորականն իր կարգավիճակը հստակեցնելու խնդրով՝ եկած օրվանից նամակներ էր ուղղել միգրացիայի տեղի կառույցին: Սակայն պատասխան չստանալով, փորձում է հանդիպել ՌԴ նախագահի ներկայացուցիչ Ն. Խոլոդովի հետ:

Հանդիպումից հետո մարտի 20-ին, ժ. 17.00-ին նշանակվում է ընդունելություն պետի մոտ: «Մոտ հիսուն րոպե, ընդունարանում նստած, կսպասեի ընդունելությանը, երբ քաղաքացիական հագուստով երկու անձինք մոտեցան ինձ՝ պահանջելով փաստաթղթերս: Նրանք անձնագիրս ուզեցին, ես ասացի՝ կտամ, միայն եթե արձանագրվի, նրանք շատ վստահ ասացին՝ ինչ արձանագրություն, նայենք, կվերադարձնենք: Վերցրեցին ու քիչ հետո նստեցին մեքենան, հեռացան: Հաստատապես պնդում եմ, որ նրանք ոստիկանության աշխատակիցներ էին»,-պատմում է զրուցակիցս:

Ըստ Մ. Գաբոյանի, անձնագրի հետ կային մի քանի փաստաթղթեր, բնօրինակ տեղեկանքներ:

Մելիքսեթը մարտի 24-ից մայիսի 30-ը տարվում է հատուկ բաժին, ուր հետագայում նրա հետ նույն անազատության մեջ են հայտնվում մի վանաձորցի ու մի եղվարդցի:
Նա տարվում է ձեռնաշղթաներով: Նախկին զինվորականին դատարան են բերում երկու անգամ՝ մարտի 24-ին եւ մայիսի 4-ին՝ դարձյալ ձեռնաշղթաներով:
Մայիսի 29-ին հատուկ բաժին եկած մեկը հայտնում է, թե հաջորդ օրը ուղարկվելու է Հայաստան: Մելիքսեթը դիմում է ՌԴ լրատվամիջոցներին, զանգում «Պուստ գավարյատ» հաղորդաշարին, քաղաքի ՄԻՊ-ին: Վերջինիս կին ներկայացուցչի հետ հանդիպումը տեւում է մի քանի րոպե, քանի որ ՄԻՊ-ի ներկայացուցիչն ասում է, թե Գաբոյանը «տվյալների բազայում» չկա, խոսում է լուսանկարում պատկերված կնիքի մասին, ինչի կապակցությամբ Գաբոյանն ասում է. «Դուք փորձագետ չեք, ինչպես որոշեցիք, թե կնիքը անօրինական է: Այդ դեպքում, ինչպես եմ այդքան ժամանակ մնացել քաղաքում, ովքեր են մեղավոր այս կնիքի համար», եւ պահանջում է դատարանի վճիռը, որը մինչ օրս ոչ միայն չի տրվել, ուղարկվել նրան, այլ ՀՀ քաղաքացին զրկվել է այն բողոքարկելու հնարավորությունից:


Ի դեպ, հատուկ բաժնում պահվելու ժամանակահատվածում Գաբոյանը օգտվել է միայն հացից, որը նրան են հասցրել ընտանիքի անդամները, երբեք չի սնվել այնտեղ:
Նա իր իրավունքների խախտման համար մտադիր է նստացույց անել Գյումրիի ՌԴ հյուպատոսարանի, Երեւանի՝ ՌԴ դեսպանատան առաջ, իսկ պահանջներից մեկն էլ լինելու է հնարավորության դեպքում իրավապաշտպանների միջոցով իր գանգատն ընդդեմ ՌԴ պետության ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Հայաստանի քաղաքացուն առանց նրա փաստաթղթերի ինքնաթիռ դնել, «վերադարձի վկայականով» վտարելով զրկել են նաեւ իր 1990թ. եւ 1993թ. ծնված որդիներից, որոնք Կրասնոյարսկում են: Մելիքսեթն այնտեղից դիմել է ՀՀ ԱԳ նախարարություն, պատասխան չի եղել, եւ միայն մեր զրույցից երկու օր առաջ «ներքեւի հեռախոսով» նրան հարկ համարեցին լսել իրավաբանական վարչության աշխատակիցներից:


«Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, խնդրում եմ կանգնեցնել իմ նկատմամբ տեղի ունեցած անօրինական գործողությունները»,-ասում է զրուցակիցս, որն իրեն տուժող է համարում:
Մ.Գաբոյանը դիմել էր Կրասնոյարսկի պատգամավոր Պ. Մեդվեդեւին, որն էլ դիմել էր դատախազին՝ կապված Գաբոյանի անձնագիրը գողանալու, միգրացիոն վկայականի, ապահովագրական փաստաթղթերի, նրա անօրինական մեկուսացման հետ: Դատախազն էլ գրավոր հարցում էր ուղարկել դատախազության Սովետական շրջանի ընդհանուր բաժնի պետ Ս. Արժախովսկին:


«Վարչական իրավախախտման գործով» տեղեկացրել էին, թե լսվելու է Գաբոյանի գործը: Ուշադրության արժանի է այն, որ ՌԴ ներքին գործերի նախարարության Կրասնոյարսկի միգրացիայի վարչության ժամանակավոր պետը՝ Ի. Պոտյոմկինը, ապրիլի 26-ի գրությամբ հայտնել էր. «Դուք չեք ձեւակերպել ձեր փաստաթղթերը պատշաճ, գտնվել եք ՌԴ-ում անօրինական», եւ որ դատարանի որոշմամբ, ենթարկվել է վարչական տույժի՝ երկու հազար ռուբլու չափով:

Սակայն որեւէ տեղ չկա դատարանի որոշում վտարման մասին: Ի դեպ, դատարանի որոշման նկարագրական մասում (լուսանկարում) նշվում է, թե Գաբոյանը ՌԴ-ում հայտնվել է 22.01.2015-ին, այն դեպքում, երբ Գաբոյանը ինչպես քաղաքի դատախազին ուղղված դիմումում է նշել, 2014թ. հուլիսից այնտեղ է: Այդ ժամանակահատվածից սկսած եղել է միգրացիոն կառույցում, դիմումներ գրել, իր՝ ՀՀ քաղաքացու անձնագիրն է ներկայացրել, նաեւ իր՝ շինարար աշխատելու մասին պայմանագիրն ու թույլտվությունը: «Անտիկս» անունով կազմակերպության միջոցով 20 000 ռուբլի գումար մուծելով՝ նա գրանցվել էր Կրասնոյարսկի Կույբիշեւի 32 հասցեում:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Նկարները՝ հեղինակի

Հ.Գ.-«Առավոտի» տեղեկություններով՝ Մ.Գաբոյանը կլինի երկրորդ գյումրեցին, որը ընդդեմ Ռուսաստանի Դաշնության ՄԻԵԴ գանգատ կբերի: Առաջինը ճանաչված իրավաբան Արսեն Մկրտչյանն էր:

 

«Առավոտ»

17.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031