Շուրջ 300 տարի առաջ պրուսացի բարոկկո ուղղության քանդակագործ ու ճարտարապետ Անդրեաս Շլյուտերնի կառուցած Բրանդենբուրգի հանրահայտ Պրյոտցել դղյակում 2011թ.-ից անցկացվում է Կոմիտասի անվան մրցույթ-փառատոնը: Աշխարհում առաջինը Վարդապետի անվան այս միջոցառման հիմնադիրներն են գերմանաբնակ Արամ եւ Վահրամ Եկավյան եղբայրները:
«Առավոտի» հետ զրույցում (14.01.2016թ.) Վահրամ Եկավյանը հավաստիացրել էր, որ իրենց միջոցառման շնորհիվ է, որ Կոմիտաս են դասավանդում Ֆրանսիայի եւ Գերմանիայի երաժշտական հաստատություններում: Նշել էր, թե իրենք ի սկզբանե երկու մեծ գաղափար են ունեցել, որոնք իրականացրել են՝ հիմնել են Կոմիտասի անվան փառատոն եւ երկրորդ՝ 2013 թվականից այն վերանվանել են Կոմիտաս-Բախ մրցույթ- փառատոն, այսպիսով զուգահեռելով հայ հանճարին գերմանացի հանճարի հետ:
Օրերս ավարտված կոմիտաս-բախյան մրցույթ- փառատոնին հրավիրված էին կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանը եւ Կոմիտասի անվան լեգենդար լարային քառյակը:
Մեզ հետ զրույցում Ռուբեն Ասատրյանը նշեց, որ այս տարի մրցույթն անցկացվում էր դասական երգեցողություն եւ դաշնամուր անվանակարգերում, վաղօրոք, համացանցային լսումների արդյունքում ընտրվել էր 10 վոկալիստ եւ նույնքան դաշնակահար: «Առաջին անգամ էի մասնակցում ժյուրիի աշխատանքներին, լսել էի, որ նախորդ մրցույթներին իրենց կոմիտասյան կատարումներով փայլել են արտասահմանցի, այդ թվում՝ ճապոնացի երաժիշտները նույնպես: Այս անգամ երբ լսում էի «Քելեր ցոլերը» եւ «Մարալ ջանը» գերմանացի երգչուհի Կարինա Մարգարիտա Գյոնների մեկնաբանմամբ, որն, ի դեպ, կիսեց առաջին մրցանակը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Լիլիթ Դավթյանի հետ, ականջներիս չէի հավատում, հիացած էի… Երկրորդ մրցանակը նույնպես կիսվեց՝ Երեւանի օպերային թատրոնի մեներգիչ Արտակ Մելքոնյանի (տենոր) եւ դարձյալ հայաստանցի երգիչ Վարդան Սահակյանի (բարիտոն) միջեւ: Երրորդ մրցանակը նույնպես կիսեցին Հայաստանից Հասմիկ Հարությունյանը եւ Բելառուսը ներկայացնող Ալեքսանդրա Պյատկովան: Առաջին հայացքից գուցե զարմանք առաջացնի մրցանակները կիսելը, բայց հավատացնում եմ, որ իսկապես բարդ էր անաչառ որոշում կայացնելը: Օրինակ, դաշնամուր անվանակարգում առաջին մրցանակ չշնորհեցինք: Երկրորդ մրցանակի արժանացավ բելգիաբնակ դաշնակահար Արմեն-Լեւոն Մանասերյանը, երրորդը կիսեցին մեր կոնսերվատորիայի մագիստրատուրայի ուսանող Մարիամ Զոհրաբյանը եւ ավստրիաբնակ Աիդա Եսայանը»,- հայտնեց պարոն Ասատրյանը եւ հավելեց, որ ժյուրիի կազմում էին Վաչե Շարաֆյանը, Բեռլինի կոնսերվատորիայի բեմական արվեստի դասարանի պրոֆեսոր Նինո Սանդոուն, իսկ նախագահն էր գերմանաբնակ օպերային երգիչ Արտակ Կիրակոսյանը: Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ այս տարի նորամուծություն էր մրցելույթից անմիջապես հետո հանդիսատեսի ներկայությամբ լսել նաեւ մասնակցի բացատրությունը Կոմիտասի՝ իր ընկալման մասին. «Մասնակիցը նաեւ հարցուպատասխան էր ունենում ժյուրիի անդամների հետ»:
Ռուբեն Ասատրյանը հատկապես շեշտեց, իր խոսքերով՝ Կոմիտաս քառյակի փառահեղ մեծ համերգը, որի ընթացքում հնչել են, բացի կոմիտասյան երկերից, Հարությունյանի, Միրզոյանի, Շարաֆյանի, Բախի եւ Շուբերտի ստեղծագործությունները: Դիտարկմանը՝ հավանաբար հանդիսատեսի շարքերում գերակշռում էին հայերը, մեր զրուցակիցը պատասխանեց, որ կային օտարազգիներ, իսկ գերակշռել են գերմանացիները:
Ի դեպ, կոմիտասյան այս միջոցառմանն աջակցել է նաեւ ՀՀ մշակույթի նախարարությունը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Գլխավոր լուսանկարում` Ռուբեն Ասատրյանը՝ մրցույթի դափնեկիր
Արմեն-Լեւոն Մանասերյանի հետ:
«Առավոտ»
17.07.2017