Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եղբորս` խոպան մեկնելուց հետո նրա երեխաների ջերմությունը երկու օր չէր իջնում» (Ֆոտոշարք)

Օգոստոս 18,2017 14:30

Նորաշենցիները վսհատեցնում են` առանց արտագնա աշխատանքի
միայն անասնապահությամբ եւ հացահատիկի մշակությամբ
գյուղում ապրել հնարավոր չէ

Արագածոնի մարզի Նորաշեն գյուղը գտնվում է ծովի մակերեւույթից 1950 մ բարձրության վրա` Շարայի լեռան լանջին:

Գյուղն ունի միջնակարգ դպրոց, գրադարան: Այս տարի բացվել է Նորաշենի մանկապարտեզը, 2016-ին վերանորոգվել եւ այժմ գործում է գյուղի եկեղեցին։ Նորաշենից 5 կմ հյուսիս-արեւելք գտնվում է Սուրբ Հովհաննես եկեղեցին (16-17-րդ դդ.), 4 կմ հյուսիս-արեւելք, Շարայի լեռան գագաթին՝ ժայռափոր մատուռը (14-20-րդ դդ.):

«Առավոտը» գյուղի բնակիչների հետ զրուցեց նրանց առօրյայի, հոգսերի մասին: Նորաշենցիներին հուզող հիմնական խնդիրն այն է, որ տղամարդիկ ստիպված են մեկնել արտագնա աշխատանքի, քանի որ միայն անասնապահությամբ եւ հացահատիկի մշակությամբ ընտանիք պահել հնարավոր չէ: Աշխատատեղ էլ չկա:

Նորաշենի` 2016-ին վերանորոգված եկեղեցին

Տղամարդկանց` «խոպան» մեկնելու երեւույթը ծանր են տանում ոչ միայն նրանց կանայք, այլեւ երեխաները: Նորաշենցի երիտասարդ աղջիկներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ` նշելով, որ դա միայն իրենց ընտանիքի խնդիրը չէ, այլ գյուղի բոլոր ընտանիքներինը, պատմեց. «Եղբորս` խոպան մեկնելուց հետո նրա երեխաների ջերմությունը երկու օր չէր իջնում: Ամեն զանգից երեխաները վեր են թռչում, ժամերով խոսում հոր հետ, չեն համակերպվում բացակայության հետ»:

Գյուղում կանայք տղամարդկանց հավասար ֆիզիկական աշխատանք են կատարում:

Գյուղի հատուկենտ տղամարդիկ, որ այս տարի «խոպան» չեն մեկնել, մեզ հետ զրույցում վստահեցրին, որ առանց արտագնա աշխատանքի Նորաշենում ապրել հնարավոր չէ. անասնակեր է պետք գնել, վարկեր մարել: Նրանք ասացին, թե այս տարի իրենք մնացել են գյուղում դաշտի գործերն անելու համար, փոխարենը տղաներին են ուղարկել:

Ուսանող եւ դպրոցական երիտասարդներն ամռան սեզոնին ստիպված վազում են հարեւանից բարեկամի տուն`օգնելու դաշտի բարիքները տուն հասցնել:

Հենց այս պատճառով էլ ամռան սեզոնին գյուղում լուրջ խնդիր է դաշտի բարիքները տուն հասցնելը` գարին, ցորենը, հնձած խոտը: Քանի որ տղամարդիկ հիմնականում բացակայում են երկրից, այդ ծանր բեռը մնում է կանանց, դպրոցական եւ ուսանող տղաների ուսերին: Պատանիները ամռանը հանգիստ չունեն. վազում են այս բարեկամից այն հարեւանի տուն` օգնելու, որպեսզի խոտը բերեն դաշտից, բարձեն, գարին ու ցորենն ամբարեն:

Նորաշենցիները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ:

Նորաշենում էլ լուրջ խնդիր է արտագաղթը: Գյուղում կարելի է տեսնել կողպած մի շարք տներ:

Նորաշենցիները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի մշակությամբ: Գյուղի լեռնային կլիման թույլ է տալիս միայն կարտոֆիլի, գազարի, բազուկի, երբեմն նաեւ լոբու մշակությամբ զբաղվել:

Այդ է պատճառը, որ միրգ բանջարեղեն նորաշենցիները հիմնականում գնում են Հայաստանի ավելի բերրի շրջաններից եկած առեւտրականներից: Ականատես եղանք, որ գյուղացիները ձմերուկը ցորենով էին գնում` 1 կգ ձմերուկը` 1 կգ ցորենով, կամ պոմիդորը? ձվով:

Այս տարի բացվել է Նորաշենի մանկապարտեզը:

Նորաշենցիների կենցաղը բարդանում է նաեւ այն պատճառով, որ գյուղը գազաֆիկացված չէ, բնակիչները չգիտեն էլ, թե երբ այդ օրը կգա: Թեեւ գյուղացիները մեզ հետ զրույցում նշեցին, որ ոռոգման ջրի խնդիրը լուծված է, բայց մտահոգություն հայտնեցին, որ ունեն խմելու ջրի խնդիր: Արագածի լանջերին տեղակայված գյուղում, որ թվում է, թե ջրի սղության հարց չպետք է առաջանար, երիտասարդ աղջիկները ստիպված են ամեն օր ջուր կրել, քանի որ խմելու ջուրը ոչ բոլորի տան բակ է հասնում:

Արտագաղթը Նորաշենն էլ չի շրջանցել:

Սակայն նորաշենցիներն այս տարի ուրախանալու առիթ ունեն: Գյուղում աշխուժություն է մտցրել մանկապարտեզի բացումը: Այն շուրջ 50 սան ունի, որոշ աշխատատեղեր են բացվել:

 

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

17.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031