ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գիրք տասնութերորդ
Գլուխ իննսունութերորդ
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ
Եվ Ֆրունզիկը ժպտալով հարցրեց՝ «հետաքրքիր ա, չէ՞», եւ հայրս հարցրեց՝ «ի՞նչն ա հետաքրքիր», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մարդը լիմոնադ ա խմում, բայց իրա մասին տարածում են թե՝ արաղ ա խմում», եւ հայրս ժպտալով ասաց՝ «բայց վարպետը խմիչքի հանդեպ էլ անտարբեր չի», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ շատ են զոռում, խմում ա, բայց՝ ո՛չ ներկայացումներից առաջ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էն էլ՝ ամեն մարդու հետ չի խմում» եւ մի քիչ էլ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «իմ հետ, օրինակ, խմում ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բայց ո՛չ ներկայացումներից առաջ», եւ հայրս ժպտալով ասաց՝ «ես մենակ մի հոգու գիտեմ, որ ներկայացումներից առաջ խմում ա», եւ Ֆրունզիկը զարմացած հարցրեց՝ «էդ ո՞վ ա», եւ հայրս ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «դու», եւ Ֆրունզիկն ավելի զարմացած հարցրեց՝ «ես ե՞րբ եմ ներկայացումից առաջ խմել», եւ հայրս ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «էսօր», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով ասաց՝ «էս բացառություն էր» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով հորս հարցրեց՝ «էս մի քանի գրամը խմել ե՞ս հաշվում», եւ հայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «Հրաչյա Ներսիսյանը ներկայացումից առաջ էդ մի քանի գրամն էլ չի խմում, բայց խմողի անուն ա հանել», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու լրջանալով ասաց՝ «ում շատ են սիրում, նրան ամենից շատն են բամբասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էսօրվա ներկայացման հաշվով մի բան մտքովս անցավ», եւ հայրս հարցրեց՝ «ի՞նչ անցավ», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էս լիմոնադ խմողների կենացը խմենք պրծնենք, կասեմ», եւ բոլորս մեր բաժակները չխկացրինք ու հոտնկայս խմեցինք լիմոնադ խմողների կենացը, եւ երբ խմեցինք պրծանք, Ֆրունզիկն իր լիմոնադով բաժակը դատարկելուց հետո նայեց բաժակին ու քթի տակ խնդմնդաց, եւ Ֆելոն ժպտալով ասաց՝ «փաստորեն, վարպետի կենացն էլ խմեցինք», եւ Ֆրունզիկը ժպտալով ասաց՝ «փաստորեն, բոլորի կենացը խմեցինք» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «բոլոր մեծերի ու բոլոր փոքրերի» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «բոլոր տղամարդկանց ու բոլոր կանանց» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բայց քանի որ վարպետը բոլորից շատ ա լիմոնադ սիրում, առաջին հերթին իրա կենացն էր», եւ ես ժպտալով ասացի՝ «ալավերդին Հրաչյա Ներսիսյանի մոտ», եւ Ֆրունզիկը ժպտալով ասաց՝ «Ալավերդին Ալավերդու շրջանում ա», եւ հայրս Ֆրունզիկին ասաց՝ «բան էիր ասում», եւ Ֆրունզիկը հարցրեց՝ «ի՞նչ էի ասում», եւ հայրս Ֆրունզիկին ասաց՝ «ասեցիր՝ խմենք պրծնենք, բան ես ասելու», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մի հատ առաջարկություն եմ ուզում անեմ», եւ հայրս հարցրեց՝ «ի՞նչ առաջարկություն», եւ Ֆրունզիկը ժպտալով ասաց՝ «ուզում եմ էսօր ձեզ թատրոն հրավիրեմ», եւ բոլորս ապշահար նախ Ֆրունզիկին նայեցինք, հետո ապշահար նայեցինք իրար, եւ Ֆրունզիկը զարմացած նայեց մեզ ու հարցրեց՝ «վատ առաջարկություն է՞ր», եւ Ֆելոն բոլորիս փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «չտեսնված առաջարկություն էր», եւ հայրս ժպտալով ավելացրեց՝ «չտեսնված ու չլսված», եւ Ֆրունզիկը հարցրեց՝ «բա ինչի՞ եք զարմացած վրես նայում», եւ հայրս մի քիչ մտածեց ու գոհունակությամբ ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «շատ անսպասելի առաջարկություն էր»:
Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ: