Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Փչող» պատուհաններով ու վտանգավոր հատակով դպրոցը (Տեսանյութ, ֆոտոշարք)

Օգոստոս 17,2017 21:50

Շիրակի մարզի Հացիկ գյուղի դպրոցը վերանորոգման կարիք ունի․ 1974 թվականին կառուցած շենքը, թեև ամուր է, սեյսմակայուն, սակայն հեռվից անգամ նկատելի է կառույցի անտեսված լինելը։ Դպրոցի պատուհաններն այնքան հին են ու մեծ, որ քամին ամեն վայրկյան ներխուժում է դասարաններ, տանիքը կաթում է, հատակն այնպես է քայքայված, որ ըստ տնօրենի, նույնիսկ վտանգավոր է քայլելու համար, դասարաններում էլ նորմալ սեղան-աթոռներ չկան։ Կահավորանքից զուրկ, խղճուկ վիճակում է նաև ռազմական դասարանը, որտեղ, չգիտես ինչպես պիտի մարտական պատրաստվածության ու հայրենասիրության դասեր անցկացնեն։ Թերևս, բացառություն են կազմում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից տարիներ առաջ նվիրած համակարգչային դասասենյակը ու նաև ուսուցչանոցը, որը փոքր-ինչ կահավորվել է դպրոցի աշխատակազմի սեփական միջոցներով։

Դպրոցի տնօրեն Աստղիկ Սարիբեկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հատակի հարցով դիմել է Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանին, մարզպետն էլ խոստացել է սեպտեմբերին գումարային օժանդակություն ցուցաբերել, որպեսզի այս խնդիրն արագ կարգավորվի։ Հիմնանորոգման հույսեր դպրոցում չեն էլ փայփայում, տնօրենի ասելով, հսկայական գումարի հետ է կապված, հաշվարկել են՝ մոտ 50 միլիոն դրամ է անհրաժեշտ, մարզում էլ 3 այդպիսի վատ վիճակում գտնվող դպրոց կա։

Չնայած այս ամենին, դպրոցի տնօրենը հպարտ է, որ իրենց բոլոր շրջանավարտները բուհ են ընդունվում։ «Այս տարի 6 շրջանավարտ ենք տվել, նրանցից 5-ը դիմել են բուհեր, 4-ը ընդունվել են՝ առանց կրկնուսույցի մոտ պարապելու»,-ասաց տնօրենը։

Ըստ մեր զրուցակցի, աշակերտների թիվը գնալով նվազում է, որի համար կան և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ։ Այս հարցում դերակատարություն ունի ոչ միայն արտագաղթը կամ ծնելիության նվազումը, այլ դպրոցի պայմանները։ Բանն այն է, որ Հացիկ գյուղը Գյումրիից մոտ 4-5 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում, թե՛ տրանսպորտն է լավ աշխատում, թե՛ գյուղացիներն իրենց անձնական մեքենաներն ունեն, հետևաբար և որոշ ընտանիքներ գերադասում են իրենց երեխաներին տանել Գյումրիի բարեկարգ, հարմարավետ շենքով դպրոցներ։ «Քաղաքին մոտ է մեր գյուղը, քաղաքի լավ, բարեկարգ դպրոցները գրավում են աշակերտներին, միայն շենքային պայմաններից ելնելով՝ աշակերտների հոսք կա»,-տխրում է տնօրենը։ Մեր դիտարկմանը, թե շա՞տ են արտագաղթողները, Աստղիկ Սարիբեկյանն ասաց, որ այս տարվա ընթացքում միայն երկու աշակերտ են ընտանիքով տեղափոխվել Բուլղարիա։

Այս տարի առաջին դասարան հաճախող աշակերտների թիվը 8-ն է, դպրոցի ընդհանուր աշակերտների թիվը՝ 90։ Տնօրենը պնդում է, որ մրցակցային պայմաններում շատ դժվար է աշակերտներին համոզել, որպեսզի չհաճախեն Գյումրու գեղեցիկ շենքային պայմաններ ունեցող դպրոցներ, նրանից շատերին հետ պահողը գյուղի դպրոցի տված կրթությունն է։ Գյուղի դպրոցը օգնության կարիք ունի, ըստ Աստղիկ Սարիբեկյանի, հարուստ ֆերմերները, մի ժամանակ օգնում էին դպրոցին, այժմ ոչինչ չեն անում, ու կրթօջախը հայտնվել է ծանր վիճակում։ Դպրոցն անգամ մեծահարուստ ծնողներ չունի, մեր զրուցակցի ասելով, գյուղի համեմատաբար հարուստ մարդիկ դրսում են, երեխաներն էլ իրենց հետ։

Մանրամասները՝ տեսանյութում    

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031