Մասնագետները շարունակում են պնդել՝ արտակարգ իրավիճակների նախարարությունը պատրաստ չէր նման ծավալի հրդեհների դեմն առնել: ԳԱԱ Կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող, էկոլոգ Լյուբա Բալյանն առաջիններից է, որը նկատել է Արտավանի հրդեհը, քանի որ մոտակա տարածքներում գիտական աշխատանքներ էին իրականացնում:
Aravot.am-ի հետ զրույցում Բալյանը պատմում է իր տպավորությունները, եւ նշում՝ «Սկզբում առաջնահերթությունը տրվում էր, որ համայնքային հողերը չվնասվեն, անտառը երկրորդ պլան էր մղվել: Որ գնացինք ու ծուխը նկատեցինք, անմիջապես զանգահարեցի «Հայ անտառի» անտառագետին ու խնդրեցի մարդ ուղարկեն: Ես վստահ եմ, եթե անմիջապես սկսվեին աշխատանքները, կարող էին անգամ առանց ջրի, «բուշլատներով» հանգցնել կրակը: Հետո ինձ զանգեցին ու ասացին, որ գյուղապետին են ոտքի հանել, 10 հոգով պիտի գային:
Բայց կային տեղանքներ, որտեղ խորը թեքություններ կային՝ խորը ձորակներով, այնտեղ երբ քամին բարձրանում էր մի առանձին քամի էլ ձորում էր առաջանում, եւ անգամ, եթե ուղղաթիռ էլ գնար, չէր կարող աշխատել, կկպներ պատերին: Այս ձորակներն էին այրվում ու իջնում էին դեպի մայրուղի: Այնտեղ սպասում էին, որ կրակն իջնի ու պոմպն աշխատեցնեին, որ ջրեին: Գիտեք, կրակը երբ արդեն մեծ ծավալների էր հասել, մարդը ոչինչ չէր կարող անել, կրակը իջնում էր խորը ձորակների մեջ, որտեղ եւս գիհուտներ էին ու ձորակներով տարածվում էր մյուս լանջին, սրան էլ գումարած քամին ու արագ տարածվում էր կրակը: Այստեղ միայն հզոր ավիացիան կարող էր աշխատել, որը Խոսրովի դեպքում էլ չկար, սա է ամբողջ խնդիրը: Սա կառավարության խնդիրն է, եւ կառավարությունը պետք է պատասխանատվություն կրի»:
Տիկին Բալյանը նկատեց՝ եթե մենք գիտենք, որ նման լանդշաֆտային երկիր ենք, ուրեմն պարտավոր էինք այդ տեսակի ավիացիա ունենալ.«Նաեւ պարտավոր էինք ունենալ այնպիսի տեխնիկա, որը կարողանա բարդ ռելիեֆային պայմաններում աշխատել, բայց չունեինք ու պապական մեթոդներով աշխատեցին»:
Արտավանի հրդեհի պատճառների մասին Բալյանն ասաց՝ կարծես թե գյուղի մեջից էր կրակը գնացել վերեւներ՝դեպի անտառ.«Երբ գյուղ մտա, ասացին՝ ցորենի արտ է վառվել: Ուրեմն 5-6 ժամ վառվել է ու կարելի էր հանգցնել նախքան անտառ հասնելը: Ուղղակի բոլորը անպատրաստ էին, ու ոչ ոք չի պատկերացրել, որ այս ծավալի բան կարող էր լինել: Եթե շուտ ահազանգեին ու հրշեջ մեքենաները գային, կհասցնեին հանգցնել, որպեսզի չտարածվեր»:
Բալյանը վստահեցրեց՝ Խոսրովի արգելոցում այժմ միայն մասնագետները պետք է աշխատեն: Հիմա բոլորը խոսում են Խոսրովում ծառատունկի մասին, սա, ըստ մասնագետի, անհեթեթություն է, Խոսրովի անտառը պետք է փակ լինի եւ հրդեհված տեղանքները պետք է ինքնուրույն վերականգնվեն. «Համոզված եմ՝ այրված գիհուտներից հիմա սերմեր մնացած կլինեն, այդ սերմերը պետք է ինքնուրույն ծիլ տան: Եթե մարդը միջամտի՝ ավելի կվնասի այրված տարածքին: Բնական միջավայրն այնպիսին է, որ եթե մարդու գործոնը չլինի՝ ինքն արագ վերականգնվում է, առաջանում է հողային եւ կենդանական նոր տեսակային կազմ, եթե մարդը չմիջամտի՝ գիհը նոր կյանք կտա: Ընդ որում, այս պայմաններում, որ կլիման էլ է փոփոխվում, որը նույնիսկ մարդը չի ըմբռնում՝ ո՞ր կողմ է փոխվում եւ ինչպես է դա զարգանալու, բնությունը հենց հիմա շատ ճիշտ հնարավորություն ունի նույն աճի ժամանակ հարմարվել կլիմայական պայմանին: Բնությունն ինքը ճիշտ կորոշի՝ թե ինչպես վերականգնվի ու զարգանա: Եթե մարդը մտնի այդ տարածք՝ միայն վնաս կտա»:
Բալյանն ասաց, որ գիհին արհեստական ճանապարհով չի վերականգնվում, Հայաստանում գիհու տեսակը եզակի է. «Աշխարհում չունեցող տեսակ է, աշխարհում ոչ մի տեղ չկա, որ այս տեսակի գիհու, վայրենի տանձենու ու շագանակի համակեցություն լինի: Պետք է թողնել գիհին ինքն իրենով, բնական ճանապարհով հասնի իր մակարդակին, միայն 20-30 տարի գիհին իր արմատային համակարգն է ձեւավորում: Այստեղ մարդը չպիտի միջամտի»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ