«2017 թ մարտի 17-ին, 18-ին, 19-ին եւ 20-ին կազմակերպված հավաքները չեն կարող համարվել իրազեկում պահանջող, քանի որ իրենց բնույթով ընդգրկում են շտապ հավաքի շրջանակը, իսկ դրա ընթացքում բարձրացված հիմնական պահանջներից մեկը, այն է՝ Հաց բերողին Եռաբլուրում հուղարկավորելու պահանջը, չէր կարող հասնել իրազեկում ներկայացնող 7- օրյա ժամկետում, քանի որ Հաց բերողը հուղարկավորվել է մարտի 22-ին»,- այսօր Վարչական դատարանում Երեւանի քաղաքապետն ընդդեմ քաղաքացիական ակտիվիստ Շահեն Հարությունյանի գործով նիստին ասաց Հարությունյանի ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանը:
Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանը 4 վարչական հայց է ներկայացրել ակտիվիստ Շահեն Հարությունյանի դեմ: Հայցերը վերաբերում են Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի մահվան ու դրան հաջորդող օրերին Ազատության հրապարակում չիրազեկված հավաք եւ երթեր անցկացնելուն:
Տաթեւիկ Սիրադեղյանի խոսքով, Շահենը` որպես կազմակերպիչ պատասխանատվություն չի կրել Տարոն Մարգարյանին իրազեկում ներկայացնելու համար. «Արթուր Սարգսյանի մահից հետո մոտ մեկ ժամ 30 րոպե անց նա կազմակերպել է հավաքը՝ այդ մասին հրապարակում տարածելով»:
Շահեն Հարությունյանն էլ ասաց, որ իրազեկումը հարկավոր էր ներկայացնել 7-օրյա ժամկետում, բայց ինքը որտեղից իմանար՝ Արթուր Սարգսյանը մահանալու է մարտի 16-ին: Նա նաեւ պատմեց իր ու Երեւանի ոստիկանապետի ու նրա տեղակալի հետ ունեցած հանդիպումների ժամանակ ունեցած զրույցի բովանդակությունը:
Ըստ Շահեն Հարությունյանի՝ այդ հանդիպմանը ինքը ճշտում էր ինքնաբուխ հավաքի իրավական հիմքերը, եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն իրեն անձամբ է ասել, որ այդ հավաքը ամբողջովին ինքնաբուխ հավաքի չափորոշիչների մեջ է մտնում. «Քաղաքապետ-ոստիկանապետ հակասություն կա, բայց դա չի նշանակում, որ ես մեղավորություն եմ գործել, որ ինքնաբուխ հավաք ենք իրագործել, թող գնան իրենց հարցերը իրար հետ ճշտեն»:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 6-ին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ