Նախորդ օրը Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի որոշմամբ մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի պետ (նա նախկինում եղել է Արթիկի հարկայինի աշխատակից), դաշնակցական Մեսրոպ Բզնունին։ Նշենք, որ այս նշանակումից զարմացած՝ մեզ արդեն ահազանգել են մարզի մի քանի բուժաշխատողներ։ Մեզ տեղեկություններ էին հասցրել այն մասին, որ գյուղատնտես Բզնունու նշանակման մեջ մեծ դերակատարություն են ունեցել մայրաքաղաքի դաշնակցական որոշ պաշտոնյաներ։ Մեզ ահազանգած բուժաշխատողներն անհանգստացած են, որ պատասխանատու այս ոլորտում նշանակում են առողջապահությունից հեռու անձնավորության, որը դժվար թե գլուխ հանի սպասվող օպտիմալացումներից․ մասնագիտական խնդիրներից։ Իսկ մարզի առողջապահության ոլորտը բարելավման լուրջ կարիք ունի․ կա նեղ մասնագետների պակաս, որոշ բուժաշխատողներ թաղված են կոռուպցիայի մեջ, տարրական վերաբերմունք ու պատասխանատվություն չունեն հիվանդների նկատմամբ, բացի այդ բավական արտառոց դեպքեր են գրանցվում մարզում, օրինակ՝ իրավապահներից տեղեկանում ենք, որ հիվանդանոցային վարակի պատճառով վերջերս երիտասարդ կնոջ ձեռք են անդամահատել։
Թե ինչո՞ւ են որոշել ոլորտից հեռու անձնավորությանը նշանակել առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ, թեմայի շուրջ պարզաբանումներ խնդրեցինք Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանից։
-Պարոն մարզպետ, պիտի խնդրեմ պարզաբանել պարոն Բզնունու այս պաշտոնում նշանակելը, այն տարաբնույթ քննարկումների է արժանացել, բուժաշխատողներից շատերը զարմացած են, պնդում են, որ մայրաքաղաքի դաշնակցականներից են ձեզ խնդրել այդ պաշտոնում նշանակել Մեսրոպ Բզնունուն։ Բուժաշխատողները շեշտադրում են նաև այն, որ պարոն Բզնունին մասնագիտությամբ գյուղատնտես է, ինչպե՞ս պիտի կառավարի մի ոլորտ, որտեղ օպտիմալացումներ են սպասվում։
-Ես Հայաստանի Հանրապետությունում չեմ հիշում որևէ դեպք, որևէ նշանակում, որը հանրության 100 տոկոսի կողմից ընդունվի դրական․ վարչապետից սկսած, վարչության պետով վերջացրած։ Բնականաբար, ցանկացած նշանակում ունի թե՛ կողմնակիցները, թե՛ հակառակորդները, այնպես որ դրա մասին չեմ ուզում խոսել։ Մայրաքաղաքի դաշնակցականների միջամտության մասին խոսակցություններն անհասկանալի են, որովհետև կադրային որոշումները կայացնում է մարզպետը, քանի որ իր աշխատակազմի ձախողման համար պատասխանատու է մարզպետը։ Այլ հարց է, որ ցանկացած մարդու խորհուրդ կարող եմ լսել։ Մասնագիտական պատասխանատվության մասին ասեմ, որ մեր վարչությունը միայն առողջապահություն չէ, այստեղ ունենք առողջապահություն և սոցիալական խնդիրներ, բայց սա ավելի շատ կառավարչական մարմին է, որի նպատակն է ճիշտ կառավարել մարզպետարանի ենթակայության առողջապահական հաստատությունները։ Մենք բժիշկներ չենք, սա բժշկական վարչություն չէ, որ իր վրա վերցնում է լիազոր մարմնի պարտականությունները, զուտ բժշկական առումով կա առողջապահության նախարարություն։ Նրանք են լիազոր մարմինը, մենք կառավարչական հաստատություն ենք, և մեր նպատակն է ապահովել, որպեսզի մեր հիմնարկ-ձեռնարկությունները գործեն արդյունավետ, և որ մեր քաղաքացիները գոհ լինեն առողջապահական հաստատությունների կողմից տրամադրված ծառայություններից։ Պարոն Բզնունին, լինելով ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար, ավելի լավ, քան որևէ մեկը տեղյակ է առողջապահական հաստատությունների և սոցիալական հաստատությունների կառավարման խնդիրներից, թերություններից, ուժեղ և թույլ կողմերից։ Այնպես որ ժամանակավոր պաշտոնի նշանակման պատճառը եղել է հենց դա, այսինքն տեղեկացվածություն՝ կազմակերպությունների մենեջմենթի, կառավարման իրական վիճակից։
-Այսինքն՝ ուզում եք ասել, որ առջևում դեռ մրցույթ կա՞։
-Իհարկե, խոսքը ժամանակավոր աշխատանքային պայմանագրին է վերաբերվում, մրցույթ կհայտարարվի, կլինի ազատ մրցույթ, կլինեն ավելի լավ թեկնածուներ, կհաղթի նա, ով որ ամենաուժեղն ու ամենահարմարն է այս պաշտոնի համար։ Մեկ անգամ ևս շեշտում եմ՝ սա ժամանակավոր աշխատանքային պայմանագիր է։
-Պարոն մարզպետ, ձեր նշանակումից առաջ, թեկուզև ժամանակավոր պաշտոնակատար եք նշանակել, հանդիպե՞լ եք բուժհիմնարկների ղեկավարների հետ, նրանցից կարծիք հարցրե՞լ եք։
-Չէ, որովհետև եթե հանդիպենք, կարծիք հարցնենք, էլի եմ ասում, կարծիքները խիստ կտարամիտվեին, դրա համար տարբեր քննարկումների արդյունքում որոշումս կանգնեց պարոն Բզնունու վրա՝ որպես այս պաշտոնի ժամանակավոր պաշտոնակատար։ Դրված խնդիրները մի քանիսն են՝ մասնավորապես բարձրացնել առողջապահական ձեռնարկությունների աշխատանքի թափանցիկությունը, առողջացնել ֆինանսական կառավարումը, որովհետև գաղտնիք չէ, որ ունենք առողջապահական հաստատություններ, որոնք էական պարտքեր են կուտակել։ Ամենացավալին այն է, որ աշխատավարձի գծով պարտքեր են կուտակել։ Եվ ավելի թիրախային դարձնել մեր սոցիալական քաղաքականությունը, որպեսզի կարողանանք նվազագույնի հասցնել ներառման ու չներառման սխալը, սոցիալական աջակցությունը ճիշտ թիրախավորենք, հասնենք նրան, ովքեր ամենակարիքավորներն են, ոչ թե նրանք, ովքեր բարձրաձայն են, գալիս՝ ասում են մենք ամենավատ վիճակում ենք գտնվում։
-Պարոն մարզպետ, պարոն Բզնունու կուսակցական պատկանելությունը որևէ նշանակություն չի՞ ունեցել…
-Բացարձակապես, սա կուսակցական հաստատություն չէ, կուսակցական հարցերը որոշվում են կուսակցության ներսում, կուսակցական ընտրությունների ժամանակ, այստեղ խոսքը գնացել է այն մասին, որ պարոն Բզնունին, լինելով ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար, ավելի լավ է տեղյակ մեր առողջապահական ու սոցիալական հաստատությունների կառավարման խնդիրներից։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Հայտնի ՞պոլի փետի՞ պատմությունն է, իսկ արդյունքը կլինի …նույնը…