Նախնական տվյալներով՝ «Խոսրովի անտառ» արգելոցում հրդեհի բաժին է դարձել մոտ 3-4 հազար հեկտար տարածք, որի մի մասն անտառապատ է՝ մոտ 1300 հեկտար: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան, աշխարհագրագետ Լեւոն Գալստյանը, ով օրերս որպես կամավոր մեկնել էր Խոսրով:
«Պնդումները, թե տեղում օգնության կարիք չկար, իրականությանը չէին համապատասխանում: Կարծում եմ՝ եթե այնտեղ լիներ մեծաքանակ մարդկային ուժ, լուրջ արդյունքների կարելի էր հասնել, եթե ճիշտ մեթոդով հրդեհը հանգցվեր: Տեխնիկական եւ մարդկային ուժի առումով ճիշտ մոբիլիզացիա արված չէր: Մարդկանց մի մասը կհանգցներ, մի մասն էլ ներքեւի գետակից ջուր կբերեր: 3 ժամ միայն ջրի ենք սպասել, որ կարողանանք կրակ հանգցնել: Ջուրը բերում էին ընդհանուր շտաբից, լցնում տարաները, հասցնում տեղ, որտեղից զինվորները ոտքով պետք է իջեցնեին այն հատվածը, որտեղ կրակն էր: Բնականաբար, այդ կերպ չես կարող ստանալ այնպիսի քանակության ջուր, որ պայքարես կրակի դեմ: Այդտեղից 500 մետր ներքեւ գետն էր: Օրինակ, եթե 150 մարդ լիներ, մի մասը ներքեւից ջուր կմատակարարեր, մյուսները՝ կհանգցնեին»,-պատմեց Լեւոն Գալստյանը:
Նրա խոսքով՝ կամավորներին փոխարինելու խնդիր էլ կար. «Մարդիկ մի քանի ժամ անց արդեն ուշագնաց էին լինում, էլ չէին կարողանում աշխատել: Էլ չեմ ասում, որ խմելու ջուրն էլ էր վերջացել: Ուղղակի այդ ամենը պետք էր պլանավորել»: Բնապահպանը փաստեց, որ ռուսական ինքնաթիռի օգնությունն ուշացած էր. «Ամսի 13-ին արդեն պարզ էր, որ մեր ուժերով հնարավոր չէ կրակի դեմ պայքարել, մինչդեռ ԱԻՆ-ը չէր հայտնում այդ մասին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Անզեն աչքով նկատվում է, որ պաշտոնական կառույցնորը գործել են շատ անկազմակերպ: Դեռ չենք խոսում նախնական կանխարգելիչ գործունեության իրականացման մասին, որը չեն կատարել: Աշխատանքը չեն կատարել, բայց գոնե լինեն բարոյական ու կամավոր հրաժարականբ տան իրենց պաշտոններին՝ չսպասելով վերադասի որոշմանը: