Օգոստոսի 16-ին Վիեննայում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» (The Promise) ֆիլմի գերմաներեն թարգմանությամբ պրեմիերան, որը Ավստրիայի իշխող սոցիալ-դեմոկրատական կուսակցության հովանու ներքո և Ավստրիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպել էր Ավստրիայի Հայ դատի գրասենյակը:
Միջոցառմանը ներկա էին Ավստրիայի գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, քաղաքական, հասարակական գործիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև ավստրիահայ համայնքային կառույցների ղեկավարներ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Ավստրիայի դաշնային խորհրդարանի պատգամավոր Բերիվան Ասլանը, ով նշեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ հասարակությանը իրազեկելու, ցեղասպանության հետևանքները վերացնելու ուղղությամբ նմանատիպ ֆիլմերի և հասարակական հնչեղություն ունեցող նման միջոցառումների կարևորությունը:
Սոցիալ-դեմոկրատական կուսակցության Վիեննայի մարմնի ներկայացուցիչ Օլիվեր Շտաուբերն առանձնացրեց Ավստրիայում և եվրոպական մյուս երկրներում իր կուսակցության և քաղաքական մյուս ուժերի կողմից ձեռնարկվող ջանքերը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը օրակարգում պահելու ուղղությամբ` որպես համագործակցության օրինակ բերելով 2015թ. ապրիլին Ավստրիայի դաշնային խորհրդարանի կողմից ցեղասպանության փաստի և Ավստրիայի պատասխանատվության իր բաժինը միաձայն ճանաչելու հանգամանքը:
Օգոստոսի 17-ից սկսած «Խոստումը» ցուցադրվելու է Ավստրիայի խոշոր բոլոր կինոթատրոններում:
ՀՀ ԱԳՆ