Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել է հայ-իրանական համագործակցության հարցերի լայն շրջանակ

Օգոստոս 17,2017 16:22

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Աշոտ Մանուկյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահի խորհրդական և ԻԻՀ ազատ առևտրի գոտիների գերագույն խորհրդի քարտուղար Աքբար Թորքանի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Մանուկյանը շնորհավորել է Իրանի բարեկամ ժողովրդին նախագահական ընտրությունների կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ Նախագահ Ռոհանիի պաշտոնավարման երկրորդ շրջանում ևս հայ-իրանական հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ ու խորանալ:

«Վստահ եմ` մեր համագործակցությունը տնտեսական բնագավառում՝ հատկապես էներգետիկայի ասպարեզում կշարունակի զարգանալ, խորանալ և փոխշահավետ արդյունքներ կբերի թե՛ Հայաստանին, թե՛ Իրանին»,- ասել է Աշոտ Մանուկյանը:

Աքբար Թորքանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ էներգետիկայի ոլորտը Իրանի տնտեսության կարևորագույն ճյուղերից է:

Զրուցակիցները քննարկել են էներգետիկ ոլորտում ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության հեռանկարները:

«Մենք շատ լավ համագործակցություն ունենք Հայաստանի հետ՝ գազի ու էլեկտրաէներգիայի ոլորտում և այն ընդլայնելու հնարավորություններ և ներուժ կան»,- ասել է Աքբար Թորքանը։

Աշոտ Մանուկյանը ներկայացրել է մինչև 2036 թ. Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման ռազմավարությունը՝ նշելով, որ այսօր ընթանում է Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման շինարարությունը: Դրա շնորհիվ Հայաստանից դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունը կհասնի 1050 ՄՎտ-ի։ Նախարարը կարևորել է նաև Հայաստան-Վրաստան նոր էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծի կառուցումը, որի համակցումը Հայաստան-Իրան բարձրավոլտ գծին հնարավորություն կտա Հայաստանը դարձնել էլեկտրաէներգիայի տարանցիկ երկիր Իրանի և Վրաստանի, ապա նաև Ռուսաստանի հետ։

Նախարարն անդրադարձել է նաև «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ծրագրին, որի կապակցությամբ արդեն կա Իրանի Էներգետիկայի նախարարության համաձայնությունը և փոխգործակցության համատեքստում այն կարելի է դիտարկել որպես էլեկտրաէներգիա գազի դիմաց ծրագրի բաղկացուցիչ մաս։ Այդ համատեքստում անդրադարձ է եղել նաև Երևան ՋԷԿ 2-րդ էներգաբլոկի կառուցմանը։

Խոսելով Հայաստանի Էներգետիկ անվտանգության ամրապնդման ծրագրերի մասին՝ նախարարն ընդգծել է Լոռու մարզում 76 ՄՎտ հզորությամբ «Շնող» ՀԷԿ-ի կարևորությունը, որը կառուցվում է «Հայաստանի ներդրողների ակումբ» հիմնադրամի ֆինանսավորմամբ: Ներկայացվել է նաև Մասրիկում կառուցվելիք 55 ՄՎտ հզորությամբ առաջին արևային կայանի կառուցման ծրագիրը:

Անդրադառնալով Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծմանը՝ Աշոտ Մանուկյանն ընդգծել է. «Ազատ տնտեսական գոտու ստեղծումը ևս մեր օրակարգային հարցերից է։ Վստահ եմ` այն կդառնա Հայաստանի համար պատուհան դեպի Իրան, իսկ իրանցի գործարարների համար՝ դեպի Եվրասիական տնտեսական համագործակցության 180 միլիոնանոց շուկա»։

 

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031