Պռոշյան գյուղի հոգաբարձուների խորհրդի անդամները իրենց գյուղի ծառի տակ օրեր առաջ հայտնաբերված նորածնի համար Մարիամ անունն են ընտրել: Այս մասին Aravot.am-ին հայտնեց գյուղապետ Արթուր Մուրադյանը: Ըստ նրա՝ այս պահին փոքրիկ Մարիամին մանկատուն տանելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են ձեւակերպում:
Նորածինը, Արթուր Մուրադյանի խոսքով, դեռ հիվանդանոցում է:
Հիշեցնենք, որ 2017 թվականի օգոստոսի 12-ին՝ ժամը 09:20-ին, ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի Տեղերաշեն փողոցի տներից մեկի հողամասում՝ ծառի տակ, թողնվել է նորածին երեխա:
Նախնական տվյալներով՝ իգական սեռի նորածին երեխային հայտնաբերել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչը՝ իրենց տան բակում գտնվող սալորի ծառի տակ՝ 2017 թվականի օգոստոսի 12-ին, ժամը 08:00-ի սահմաններում: Փոքրիկն անմիջապես շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը վարույթ է ընդունվել ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, միջոցներ են ձեռնարկվում նորածին երեխային վտանգի մեջ թողնող անձին հայտնաբերելու, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ