ՀՀ վարչական դատարանում այսօր «Ամուլսարի գործով» հերթական դատական նիստն էր: Հիշեցնենք, որ Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքի 12 բնակիչներ, «Էկոլոգիական իրավունք» եւ «Էկոդար» բնապահպանական հասարակական կազմակերպություններն արդեն մեկ տարուց ավելի՝ հայցով դիմել են դատարան եւ պահանջում են չեղարկել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը թույլատրող փաստաթղթերը:
1,5 ժամ տեւած նիստում դատարանը կասկածի տակ էր դնում նշյալ կազմակերպությունների եւ գնդեվազցիների՝ հայցվոր լինելու իրավասության հիմքերը: «Լինի պայթյուն, թե փոշի, կարեւոր չէ, ազդեցությունը, միեւնույնն է, հասնելու է Գնդեվազին, հետեւաբար, այն ազդակիր համայնք է համարվում: Եթե վիճարկող կողմն ազդակիր համայնքն է, ուրեմն վերջինս պատշաճ հայցվոր է համարվում»,-պնդեց գնդեվազցիների եւ էկոկազմակերպությունների հայցը ներկայացնող փաստաբան Հայկ Ալումյանը: Հանքի շահագործման թույլտվություն ստացած «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Սայադ Բադալյանն իր հերթին համաձայնեց, որ Գնդեվազը կարող է լինել ազդակիր համայնք:
Նիստը հետաձգվեց եւ նշանակվեց օգոստոսի 30-ին, ժամը 11:00-ին: «Միտում եմ տեսնում այն բանում, որ վիճարկում են հ/կ-ների՝ պատշաճ հայցվոր լինելու փաստը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց նիստին ներկա բնապահպան Կարինե Դանիելյանը: Թե ի վերջո ի՞նչ ճակատագիր է ունենալու բնապահպանների պայքարը, Կարինե Դանիելյանը նկատեց. «Երբ Կարեն Կարապետյանը նոր էր նշանակվել վարչապետի պաշտոնում, մի քանի բնապահպանական հ/կ-ներով հանդիպեցինք իր հետ ու խնդիրը ներկայացրինք: Ասաց, որ ուշ է խոսել Ամուլսարի մասին՝ հարցը լուծված է, աշխատանքները սկսված են»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ