Սեպտեմբերի 1-ից Երեւանում հաց, հացաբուլկեղեն եւ թարմ միս տեղափոխող մեքենաները պետք է ունենան սանիտարական անձնագրեր: Նոյեմբերի 1-ից իրացման ցանցեր մատակարարվող հացի, հացաբուլկեղենի եւ թարմ մսի համար դա պարտադիր կլինի, իսկ 2018-ի փետրվարի 1-ից դա գործելու է ՀՀ բոլոր մարզերի համար: Այսօր այդ մասին «Տեսակետ» ակումբում ասաց գյուղնախարարության ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը: Նրա խոսքերով՝ ժամանակը ցույց է տվել, որ հացամթերքի եւ մսամթերքի տեղափոխման հարցում ակնառու խնդիրներ կան, ուստի անհրաժեշտ է ներդնել այս համակարգը: Դա հնարավորություն կտա թիրախային վերահսկողություն իրականացնել:
«Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանի խոսքերով՝ լավին պետք է ասել լավ, նախկինում հակասանիտարական պայմաններում էր դա իրականացվում, ջերմային ռեժիմը չպահպանելով, իսկ հիմա լավ է, որ կարգ են սահմանել: Բայց Պողոսյանը նորից քննադատեց. «Սննդին պետք է հետեւել սկզբից, շղթայի մի օղակն է այսպես կարգավորվում, բայց շղթան չի կարող ամբողջական լինել, այդ շղթայում կան բազմաթիվ, մեղմ ասած, պակաս բաներ»:
Հարցին՝ հացի գինը չի՞ բարձրանա՝ հաշվի առնելով, որ պարտադրում եք նոր մեքենաներ ձեռք բերել՝ պարոն Դանիելյանը պատասխանեց. «Ոչ ոք չի պարտադրում, որ մարդիկ գնան, նոր մեքենաներ գնեն: Յուրաքանչյուր նորմատիվ տեխնիկական փաստաթղթի մեջ ցանկացած արտադրողի մոտ, որ գնանք, հստակ նշված է, թե ինքն իր հացն ինչ տրանսպորտային միջոցով պետք է առաքի: Եթե նա արտադրություն է ձեռնարկում սննդամթերքի ոլորտում եւ ինքը չի պահպանում այն կանոնները, որի համաձայն հայտարարել է, որ պետք է արտադրություն իրականացնի, ինչի՞ մասին է խոսքը: Նոր մեքենա ձեռք բերելու պարտադրանք չկա, վստահեցնում եմ»: Վահե Դանիելյանն ասաց, որ բանկերը պատրաստ են այն արտադրողներին, որոնք պատրաստվում են նոր մեքենաներ ձեռք բերել, արտոնյալ տոկոսադրույքներով վարկեր տալ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ