Այսօր Հելսինկյան ասոցիացիայում փաստաբան Արայիկ Պապիկյանը հրավիրած ասուլիսում իր եւ իր ընտանիքի հասցեին սպառնալիքների մասին խոսեց:
Հիշեցնենք, որ նա հայհոյախառը նամակներ էր ստացել ֆեյսբուքյան օգտատեր Էմմա Սահակյանից, որով պահանջում էին փաստաբանին դադարեցնել իր մասնագիտական գործունեությունը կոնկրետ գործերով:
Թե որ գործերի մասին է խոսքը՝ Արայիկ Պապիկյանն ասաց. «Ես ավելի շատ ակտիվ մասնագիտական աշխատանք կատարել եմ Սեֆիլյանի եւ «Սասնա ծռերի» գործերի ընթացքում: Ես գրեթե կասկած չունեմ, որ խոսքը վերաբերում է հենց այդ երկու գործերով, որոնցում ես ներգրավված եմ: Վստահաբար կարող եմ որպես համոզմունք նշել, որ դա կապված է հենց այդ գործերի հետ»:
Արայիկ Պապիկյանն ասաց, որ անհասկանալի դատական սանկցիաները, անհասկանալի կարգապահական վարույթների նախաձեռնությունը դատախազության կողմից, մի շարք դեպքերում իր եւ իր պաշտպանյալների խորհրդապահական առանձնազրույցներից հետո նրանց մոտ թողած նյութերի խուզարկությամբ առգրավվելը այս նույն գործերի շրջանակներում է եւ շղթայի մաս է. «Որեւէ քրեական գործերով երբեւէ սպառնալիքներով լի նամակներ չեմ ստացել»:
Հիշեցնենք, որ Արայիկ Պապիկյանը Արայիկ Խանդոյանի պաշտպանն է: Փաստաբանն ասաց, որ որեւէ մեկը չի կարող ստիպել իրեն իր աշխատանքը դադարեցնել կատարել, ինքն ու իր ընտանիքի անդամները նույն ջանասիրությամբ շարունակելու են իրենց գործը. «Որեւէ մեկը թող չհուսա, որ նմանատիպ նամակներ ուղարկելով կարող ե լռեցնել: Եթե որոշ մարդիկ կամ կառույցներ ակնկալում են, որ նման ճանապարհով կփորձեն լռեցնել կամ փոխել աշխատանքի նկատմամբ իմ վերաբերմունքը, ապա հավաստիացնում եմ՝ դա չի լինելու»:
Հարցին, թե ում է կասկածում, ով կարող էր նման բան անել՝ Արայիկ Պապիկյանը պատասխանեց, որ չի կարող ասել, բայց անձնական թշնամիներ չունի: Համենայնդեպս, դա մարդ է, որը հետեւում է իր գործունեությանը ու դժվար թե դա տուժողների ներկայացուցիչներից լինի:
Փաստաբանների պալատը դիմել էր դատախազություն՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում Արայիկ Պապիկյանի եւ իր ընտանիքի անդամների նկատմամբ կիրառեն պաշտպանության միջոցներ: Արայիկ Պապիկյանը հայտարարեց. «Ես եւ իմ ընտանիքի անդամները նման պաշտպանության կարիք չունենք, չենք ցանկանում եւ չենք ակնկալում, որովհետեւ կոնկրետ ես գտնում եմ, որ այն բոլոր հետապնդումները, որոնք կան, արդեն բավական են, մենք լրացուցիչ օրինականացված հետապնդման կարիք չունենք: Ես չեմ ցանկանում, որ իմ եւ իմ ընտանիքի անդամների շարժը լրացուցիչ օրինական վերահսկողության տակ լինի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ