Ինչո՞ւ են ավիատոմսերի գները կտրուկ թանկացել, այսօր կառավարության նիստից հետո այս հարցին կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը պատասխանեց, որ թանկացումը պայմանավորված է պիկ սեզոնով եւ պահանջարկի մեծացմամբ. «Զբոսաշրջային հոսքերն ամբողջ աշխարհում ունենում են պիկային ժամանակաշրջան, եւ մենք այս պահին գտնվում ենք հենց այդ պիկային ժամանակաշրջանում: Այս տարվա իմաստով սպեցիֆիկ երկրորդ բաղադրիչն այն է, որ բաց երկնքի քաղաքականության ուղղությամբ տարվող սիստեմատիկ աշխատանքը բերեց նրան, որ ՀՀ-ն ավիացիոն միջազգային քարտեզի վրա ավելի ցայտուն դեր ունեցավ ու ակտիվացրեց իր դիրքերը, դեպի մեր երկիր գալու պահանջարկն ավելացավ»,- ասաց նա:
Ըստ պարոն Ավետիսյանի՝ ավիաընկերություններն իրենց ամառային սեզոնի չվերթները ծրագրում են բավական վաղ, 8-10 ամիս շուտ նրանք արդեն կազմում են իրենց աշխարհագրության քարտեզը, ուստի պլանավորածից ավելի պահանջարկ ունենալու դեպքում, նման իրավիճակ է ստեղծվում:
Սերգեյ Ավետիսյանի խոսքով, ավիաընկերություններն իրենց հաշվարկներում սխալվել են եւ պահանջարկն ավելի մեծ է. «Տեսնելով իրավիճակը՝ ավիաընկերությունները փորձում են փոփոխություններ մտցնել իրենց չվացուցակի մեջ՝ ավելացնելով թե’ չվերթների քանակը, թե’ օդանավերի տիպերը: Արդեն իսկ մի շարք ավիաընկերություններ փոխել են իրենց օդանավերի տիպերը՝ ավելացնելով իրենց նստատեղերի քանակը»:
Aravot.am-ի հարցին, թե կառավարությունն արդեն մեկ տարի է տուրիզմը զարգացնելու ուղղությամբ մեծ ջանքեր է գործադրում, արդյոք կանխատեսելի չէր պահանջարկի ավելացումը, որպեսզի ավիաընկերությունների հետ համագործակցությամբ այդ խնդիրը լուծվեր, պարոն Ավետիսյանն ասաց, որ դա անկանխատեսելի էր եւ որ շատ հնարավոր է հաջորդ տարի էլ կարող է նման իրավիճակ ստեղծվի:
Մեր այն հարցին, թե մեր երկրում ավիատոմսերի գների թանկ լինելը ավիացիայի ոլորտի մասնագետները նաեւ պայմանավորում են ռուսական ավիաընկերությունների` դաշտը գրավելով, եւ չեն բացառում, որ նրանք հակամրցակցային համաձայնության են գալիս, ինչի պատճառով մեր երկրում ավիատոմսերը չեն էժանանում, Սերգեյ Ավետիսյանը չհամաձայնեց, որ նման բան կարող է լինել:
Քաղավիացիայի ղեկավարն ասաց, որ սեպտեմբերի երկրորդ կեսից սկսած տոմսերի գները երկու-երեք անգամ կիջնեն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ