Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական կողմի պահանջարկը անհամաչափ է իրանական կողմի առաջարկին». Ստեփան Սաֆարյան

Օգոստոս 17,2017 14:35

Իրանի ազգային գազային ընկերության միջազգային հարցերով բաժնի տնօրեն Բեհզադ Բաբազադեն հայտարարել է, որ դիտարկում են իրանական գազի՝ Հայաստան մատակարարումն ավելացնելու Հայաստանի հարցումը:

Aravot.am-ը Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանից հետաքրքրվեց՝ արդյոք չի՞ հասունացել պահը Իրան-Հայաստան համագործակցության աշխուժացման համար: Պարոն Սաֆարյանը պատասխանեց, թե կան խանգարող գործոններ: Այնուհետև նկատեց, թե իրանական կողմն ավելի շատ է պատրաստ համագործակցության և առևտրատնտեսական կապերի խորացման համար, քան հայկականը: Ուշադրություն հրավիրելով այս հարցում հայկական կողմի արձագանքներին, որոշ դեպքերում դրանց բացակայությանը՝ պարոն Սաֆարյանը նշեց. «Իրանը բազում անգամներ ուղղակի իր առաջարկներով՝ սկսած գազի վաճառքից, վերջացրած մնացած խնդիրներով, ցույց է տվել, որ շատ ավելի պատրաստակամ է, քան Հայաստանը: Ըստ էության Հայաստանի շահերից է բխում իր քաղաքական դիվերսիֆիկացումը, հատկապես, երբ ԵԱՏՄ-ում աճի ցուցանիշներ չեն արձանագրվում, ԵԱՏՄ անդամ պետություններից առաջատար Ռուսաստանը, որի հետ ՀՀ-ի առևտրատնտեսական կապերն ամենասերտն են, գտնվում է պատժամիջոցների ներքո: Հետևաբար, հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Երևանը հապաղում ընդունել իրանական կողմի առաջարկը: Այդ հարցում կան խոչընդոտող գործոններ»:

Դառնալով խոչընդոտող գործոններին՝ Ստեփան Սաֆարյանն ասաց. «Առաջին խոչընդոտող գործոնը տնտեսական դաշտում ինքնուրույն քաղաքականություն վարելու հարցում Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունն է, որտեղ երկիրը մաքսային և այլ քաղաքական առումներով իր ինքնիշխանությունը պատվիրակել է վերպետական կազմակերպության՝ ԵՏՄ հանձնաժողովին: Որքան էլ ԵՏՄ ղեկավարությունը, ՌԴ-ն, մյուս կողմից էլ իրանական կողմը հայտարարում են, թե բանակցություններ են տարվում երկու կողմերի միջև, ակնհայտ է, որ այդտեղ լուրջ առաջընթաց չկա: ՀՀ-ն բազում անգամներ կառավարության նախկին ու ներկայիս ղեկավարների մակարդակով հասկացրել է, որ պատրաստ է միջնորդ ու կամուրջ լինել, հույսեր է կապում նրա հետ, որ ԵՏՄ-ի և Իրանի միջև, այնուամենայնիվ, համագործակցությունը կկայանա, իսկ դա կնշանակի կանաչ լույս վառել ՀՀ-Իրան հարաբերությունների համար թեկուզ երկկողմ ձևաչափով: Բայց երբ հարցն առնչվում է ԵՏՄ շրջանակներին, ՀՀ-ն դառնում է զգուշավոր այդ հարաբերություններում»:

Ըստ պարոն Սաֆարյանի՝ երկրորդ խանգարող հանգամանքը գազային ենթակառուցվածքներն ու դրանց պատկանելությունն է ռուսական Գազպրոմին. «Իհարկե, մենք մինչև այդ ենթակառուցվածքները Գազպրոմին հանձնելն ունեինք իրանական գազի ներկրման և դրա դիմաց էլեկտրականություն Իրան արտահանելու պայմանագիր մինչև գազային պայմանագրի կնքումը, քանի որ այդ պայմանագիրն իրանական կողմի հետ կնքված էր մինչև գազային պայմանագրի կնքումը՝ 2013-ի աշնանը: Բնականաբար, ռուսական կողմը ստիպված է եղել հաշվի առնել այդ հանգամանքները: Փաստորեն չէր կարող չեղյալ ճանաչել հայ-իրանական համաձայնագիրը և բավականին հետաքրքիր ձևով փորձեց ՀՀ-Իրան գազային համագործակցությունը թողնել ուղղակի այնքան փոքր հունի վրա: Հետևաբար հայկական կողմի խաղը թերևս սահմանափակվում է այդ երկու պայմանագրերի տիրույթում: Լավագույն դեպքում այդ նեղ դաշտում ՀՀ-ն կարող է խաղալ. ընդամենը Իրանից գազ ներկրելու և դրա դիմաց էլեկտրականություն արտահանելու դաշտում: Բայց, օրինակ, առկա խողովակաշարը տրանզիտ նպատակներով օգտագործելու հարցում որոշում կայացնողը ոչ թե պաշտոնական Երևանն է, այլ Գազպրոմն ու Մոսկվան: Ուստի միակ բանը, որ մնում է ռուսական Գազպրոմին՝ հարյուր տոկոսով պատկանող խողովակաշարն օգտագործել իրանական գազի ներկրման ծավալներն ավելացնելու համար այնքանով, որքանով թույլ կտա խողովակաշարը և ոչ ավելին»:

Մեր այն հիշեցմանը՝ այդ դեպքում ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանը հայտարարում Հայաստանի միջոցով իրանական գազը Եվրոպա հասցնելու մասին, պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Հայաստանը լավագույն դեպքում ընդամենը բարի մտադրությունների և ցանկությունների հայտարարություններ է անում: Իհարկե, սա քաղաքական պրոցես պահելու թիվ մեկ նպատակն ունի. ցույց տալու, որ ՀՀ-ն չի մոռացել դրա մասին: Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը նույնքան հետևողական չէ, այնուամենայնիվ, ինքն ու իր կառավարությունն այնքան էլ հետևողական չեն դրանք պրակտիկորեն իրականացնելու առումով: Թերևս մի քանի բան կա, որ վերջին շրջանում արժանի է գովեստի, դա ազատ տնտեսական գոտու ստեղծումն է, այն էլ դեռ պարզ չէ, թե դրա հետ կապված ինչ միտումներ ու հավակնություններ կունենանք այլոց կողմից և Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրագիծը»:

Պարոն Սաֆարյանը որևէ ակտիվացում հայ-իրանական հարաբերություններում այս համատեքստում չի կանխատեսում և չի բացառում, որ նույնիսկ դիտավորյալ անգործությունը, այս հարցում շահագրգռվածություն չցուցաբերելը ուղղակի կարող է ունենալ նաև այլ ենթատեքստ: Սա է պատճառը, որ հայկական կողմի մոտեցումները, որքան էլ ՀՀ շահերը պահանջում են, անհամաչափ են իրանական կողմի պատրաստակամությանը. հայկական կողմի պահանջարկը անհամաչափ է իրանական կողմի առաջարկին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031