ԱԻՆ նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանն այսօր կառավարության նիստում, որը վարում էր փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, քանի որ վարչապետ Կարեն Կարապետյանը գտնվում է արձակուրդում, զեկուցեց, թե որքան տարածք է հրդեհի բաժին դարձել: Ըստ նրա, Վայոց Ձորի մարզի Արտավանում այրվել է 15 կիլոմետր շառավղով խոտածածկ տարածք, որից 320 հեկտարը՝ անտառածածկ:
Պարոն Կարապետյանի խոսքով, հրդեհաշիջման աշխատանքներն անցնում էին չափազանց անբարենպաստ բնակլիմայական պայմաններում, լեռնային բարդ ռելիեֆ, տեւական երաշտ, չորացած խոտածածկ տարածքներ. «Նախնական տվյալներով Խոսրովի պետական արգելոցում այրվել է 16 կիլոմետր շառավղով տարածք, որից 360 հեկտարը՝ անտառներ: Եվ Խոսրովում եւ Արտավանում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ, ոստիկանության հատուկ նշանակության զորքերի ծառայողներ, գերատեսչությունների աշխատակիցներ, մոտակա համայնքների բնակիչներ եւ բնապահպաններ: Իրավիճակն ամբողջովին գտնվում է վերահսկողության տակ: Ռուսաստանից բերված օդանավը շարունակում է հրդեհաշիջման աշխատանքները՝ ստեղծելով անվտանգության գոտիներ»:
Պարոն Կարապետյանը նաեւ ասաց. «Նման խոշոր հրդեհներ վաղուց չէին եղել եւ հանրությունը բավարար չափով տեղեկացված չէ նման հրդեհների պարագայում դժվարությունների մասին»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ