«Իմ եւ իմ ընտանիքի հասցեին սպառնալիքների հետ կապված երեկ մամուլից տեղեկացա, որ ինձ պատասխանել են ՀՔԾ-ից: Նրանց համար կարեւոր է եղել այն, որ ինձ փորձեն ցույց տան, որ ճիշտ հասցեով չեմ դիմել: Նաեւ այդ ճանապարհով փորձում էին ցույց տալ, որ ինձ համար անվճար իրավաբանական դասընթաց են իրենք անցկացնում: Նրանց ըստ էության ոչ թե խնդրի էությունն էր հետաքրքրում, այլ՝ ձեւական մասը: Այն, որ իրենք ինձ համար մամուլի միջոցով դասընթացներ են կազմակերպում, դրա համար շատ շնորհակալ եմ, ես դասեր քաղեցի եւ հուսով եմ՝ այլեւս նման առիթ չի լինի, որ ես դիմեմ ՀՔԾ-ին»,- այսօր Հելսիմկյան ասոցիացիայում ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը:
Հիշեցնենք, որ նա սպառնալիքներ էր ստացել իր եւ իր ընտանիքի հասցվեին: Պապիկյանի խոսքերով՝ «Եթե նրանք ավելի շատ հետաքրքրված են, որ ցեխ շպրտեին կամ կեղտ շպրտեին դեպի իմ կողմը, ապա ասեմ, որ դա ինձ չի հասել եւ այն անձը կամ այն կառույցը, որը նման փորձ է կատարել, ինքը ցեխոտված մնաց, իր ձեռքերը ցեխի մեջ մնացին»:
Արայիկ Պապիկյանն ասաց, որ գլխավոր դատախազությունը դիմում է ստացել եւ ոստիկանությանը հանձնարարություն տվել, այսօր փաստաբանը պետք է հանդիպում ունենա ոստիկանությունում՝ հետագա գործողությունների համար:
Արայիկ Պապիկյանը գտնում է, որ մի շարք փաստաբանների նկատմամբ անձնավորված հետապնդում է իրականացվում, իսկ պատկան մարմինները որեւէ միջոց չեն ձեռնարկում դրա դեմն առնելու համար. «Ես գտնում եմ, որ ՀՔԾ-ի՝ երեկվա մամուլի միջոցով տարածված հայտարարությունը այդ նույն շղթայի շարունակությունն է, նրանց համար զրո արժեք ունի մարդու իրավունքները, մարդու արժանապատվությունը: Երբ օգոստոսի 10-ին ես էլեկտրոնային նամակով դիմեցի, ներկայացրեցի հանցագործության մասին հաղորդում, որեւէ կերպ այդ փաստը հրապարակային քննարկման առարկա չդարձրեցի, նման ցանկություն չունեի: Հինգ օր սպասելուց հետո, որ այդ փաստը ինչ-որ ընթացք ստանա, թղթային տարբերակով դա արեցի, 7 օր պահանջվեց, որ մամուլի միջոցով ինձ համար իրավաբանական դասընթաց անցկացնեին, այն դեպքում, երբ իմ կողմից բարձրացված հարցը հրատապ լուծման կարիք ուներ: Սա ցույց է տալիս վերաբերմունքը, որը իրավապահները դրսեւորում են այն մարդկանց նկատմամբ, ովքեր անցանկալի անձինք են իրենց համար, ովքեր պարբերաբար վեր են հանում այն անարդարությունները, ապօրինությունները, որոնք տիրում են իրավապահ մարմիններում, դատական համակարգում: Նման անձանց ներկայացրած բողոքների քննարկումը ընդամենը ձեւական բնույթ էր կրում: Եթե յոթօրյա լռությունը չավարտվեր այդպիսի անփառունակ, ինչ կատարվեց երեկ, ես լրագրողներին ոչինչ ասելու չունեի: Հաշվի առնելով, որ նրանք միայն հանրային ճնշման ներքո են ինչ-որ գործ սկսում հարուցել, այլ տարբերակ չէր մնացել»:
Հարցին, թե այնուամենայնիվ, ի՞նչ սպառնալիքների մասին է խոսքը եւ ո՞վ է սպառնացել՝ Արայիկ Պապիկյանը պատասխանեց, որ սպառնալիքներով նամակները ստացել է ֆեյսբուքյան օգտատեր Էմմա Սահակյանից, թեեւ վստահ է, որ դա ֆեյք է, կեղծանունով է հանդես եկել. «Հայհոյախառը արտահայտություններ են: Ես նույնիսկ մտածում եմ՝ արդյո՞ք այդ բովանդակությունը հրապարակման ենթակա է: Այնտեղ կան հայհոյանքներ, սպառնալիք, նաեւ պահանջ՝ իմ մասնագիտական գործունեությունից ձեռնպահ մնալու վերաբերյալ: Պահանջում են որոշակի գործերով դադարեցնել իմ մասնագիտական գործունեությունը: Մինչեւ վերջին նամակը այդ ամենը ուղղված էր միայն իմ եւ իմ գործունեության դեմ, վերջին երկրու դեպքով այդ սպառնալիքները ուղղված էին նաեւ իմ ընտանիքի անդամներին»:
Առաջին նամակը եղել է հետեւյալ բովանդակությամբ՝ «Այ…, հերիք ա մարդասպաններին պաշտպանես», «Հերիք ա էդ հանցագործ… տղերքին պաշտպանես»: Արայիկ Պապիկյանն ասաց՝ «Իմ դաստիարակությունը թույլ չի տալիս, որ ես դա հրապարակեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ