«Ելք» խմբակցության նախաձեռնությունը «Սպառողների ասոցիացիա»-ի նախագահ Արմեն Պողոսյանը դրական է գնահատում եւ համոզված է, որ վաճառվող դեղորայքն ԱԱՀ-ից եթե ազատվի, դեղերի գները միանշանակ կնվազեն:
«Բյուջեի եկամուտները կպակասեն, բայց ես դա ռիսկ չեմ կարող ասել, քանի որ դա մեծ ազդեցություն չունի: Բյուջեի ծավալի համեմատ դա փոքր թիվ է: Մարդիկ Վրաստանից դեղ են բերում, որտեղ անհամեմատ էժան է, մոտավորապես երեք անգամ էժան է: Այդ մրցակցության մեջ լրացուցիչ արգումենտ ձեռք կբերվի: Միտումը դրական է, բայց թե ինչպես կարտահայտվի, կտեսնենք առաջիկայում: Եթե կեղծիքներն էլ վերացվի, իհարկե, դրական է լինելու»,- ասաց Արմեն Պողոսյանը:
«Սպառողների ասոցիացիա»-ի նախագահի խոսքով, եթե ավելացված արժեքի հարկը 20 տոկոս է կազմում, ապա ԱԱՀ-ից ազատումը չի կարող դեղի գինը 20 տոկոսով նվազել: «Իհարկե, 20-ից պակաս կլինի այդ ազդեցությունը, թիվ կոնկրետ չեմ կարող ասել, բայց մոտ 7-ից 10 տոկոս կարող է կազմել: Դա պայմանավորված է նրանով, որ գնագոյացման մեջ տարբեր էլեմենտներ կան: Մի էլեմենտը, եթե հեշտացնում ենք կամ ավելի մատչելի ենք դարձնում, ապա դա գծային ազդեցություն չի ունենում»,- ասաց Պողոսյանը՝ նշելով, որ ԱԱՀ-ից ազատելու ճանապարհին շատ գործ կա անելու:
Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ մոտ 10 տարի առաջ նման նախաձեռնություն եղել է, սակայն այդպես էլ իրականություն չի դարձել:
Տիրայր ՄՈՒՐԱԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում