Երեւանի ավագանու ընտրություններից հետո հարուցված եւ «Զիբիլիքս» անվանումը ստացած սկանդալային գործի կարճման որոշումից մանրամասներ են հայտնի դարձել:
Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքը դեռեւս մայիսին իրավապահներին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ դրան կցելով Տարոն Մարգարյանի Կոմիտաս 56 հասցեում գտնվող ընտրական շտաբի մոտ գտնվող աղբամաններից հայտնաբերված սկանդալային փաստաթղթեր, որոնք դաշինքի ներկայացուցիչների պնդմամբ, վկայում են, որ Երեւանի ավագանու մայիսի 14-ի ընտրություններում Հանրապետականի կողմից ընտրակաշառքի բաժանումը կրել է համակարգված եւ կենտրոնացված բնույթ:
Ըստ «Ելք»-ի՝ մոտ 30-էջանոց այդ նյութերն իրենց մոտ հայտնվել են, երբ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի Կոմիտաս 56 հասցեում գտնվող ընտրական շտաբի աշխատակիցը դրանք նետել է աղբամանը:
Նշենք, որ «Ելք» դաշինքի պնդմամբ, ընտրակաշառքի բաժանման գործընթացում ներգրավված են եղել նաեւ իրավապահները, մասնավորապես՝ թղթերից մեկը Հանրապետականի շտաբ է ուղարկվել ոստիկանության ֆաքսի համարից, որտեղ նշված են եղել ոստիկանների անուն-ազգանունները, կոչում, պաշտոն: Խոսքն այս դեպքում ՊՊԾ գնդի աշխատակիցների անուններով կազմված ցուցակի մասին էր, որում նշված էր՝ ընտրություններում ով ինչքան ձայն պետք է ապահովի ՀՀԿ-ի համար: ՊՊԾ աշխատակիցների մասով ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ծառայողական քննություն նշանակվեց եւ որոշ ժամանակ անց կասեցվեց:
Մեր ձեռքի տակ է գտնվում ՀՔԾ-ի՝ քրեական գործը կարճելու մասին որոշումը՝ բաղկացած 18 էջից:
Ըստ այդմ՝ պարզ է դառնում, որ այս գործով հարցաքննվել են նաեւ ոստիկանները՝ մասնավորապես, ՀՀ ոստիկանության Արաբկիր բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ Ստեփան Քիլիմջյանը եւ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի անձնակազմի գծով ավագ տեսուչ Արշակ Գեւորգյանը: Հատուկ քննչական ծառայությունը չի հերքել, որ ցուցակներն անմիջական առնչություն են ունեցել ՊՊԾ աշխատակիցների հետ, սակայն պարզել է, թե այդ գրառմամբ ցուցակը վերաբերել է «Հավաք» ազդանշանի ժամանակ ՊՊԾ գնդի կադրային շարժին: ՀՔԾ-ն պարզել է, որ ցուցակը կազմվել է ՀՀ ոստիկանության Արաբկիր բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ Ստեփան Քիլիմջյանի կողմից եւ 2017թ-ի մայիսի 10-ին ֆաքսիմելային կապի միջոցով ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդ՝ անձնակազմի գծով ավագ տեսուչ Արշակ Գեւորգյանին: Ըստ ՀՔԾ-ի՝ ցուցակում Ստեփան Քիլիմջյանը ձեռագիր նշել է՝ «փոխանցել Արշակ Գեւորգյանին» արտահայտությունը:
Տաթև ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում