Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեւոն Ջավադյանը՝ ստոկհոլմյան կոնգրեսի եւ երաժշտարվեստում բարոյականության մասին

Օգոստոս 17,2017 13:30

Վոկալի դասախոսների միջազգային կոնգրեսը անցկացվում է 1933թ.-ից՝ 4 տարին մեկ, բացառությամբ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիները: Այս տարի այն կայացավ Ստոկհոլմում, օգոստոսի 2-6-ը: Հեղինակավոր այս միջոցառմանը 49 երկրների շուրջ 400 պատվիրակների թվում Հայաստանն առաջին անգամ ունեցավ մասնակից: Կոնգրեսի 12 պատվավոր պրոֆեսորների ցանկում էր Ազգային օպերային թատրոնի Երիտասարդական ծրագրի ղեկավար Լեւոն Ջավադյանը:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ միջոցառումն անցնում էր Շվեդիայի թագավոր Կառլ Գուստավի հովանու ներքո, բացումը կայացել է «Ոսկե դահլիճում», որտեղ տեղի է ունենում Նոբելյան մրցանակաբաշխությունը: Պրոֆեսորները, այդ թվում՝ նաեւ Լեւոն Ջավադյանը, հանդես են եկել դասախոսություններով Թագավորական երաժշտական ակադեմիայի մեծ դահլիճում: «Ես ներկայացրի Տիգրան Չուխաջյանի թողած ժառանգությունը, մասնավորապես կոմպոզիտորի հայկական ազգային դասական առաջին օպերան՝ «Արշակ Երկրորդը» եւ «Լեբլեբիջի Հոր-Հոր աղա» («Կարինե») օպերետը: Խոսքս ուղեկցվում էր հիշյալ երկերից արիաներով, Ազգային օպերային թատրոնի մեներգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Մարինե Դեինյանի եւ Երիտասարդական ծրագրի մասնակից Սիլվա Պետրոսյանի մեկնաբանություններով»,- հայտնեց մեր զրուցակիցը: Հավելեց նաեւ, որ ներկաները, այդ թվում՝ նաեւ պատվավոր պրոֆեսորները, հիացան, նաեւ զարմացան չուխաջյանական երաժշտությամբ. «Օրինակ, լեգենդար օպերային երգիչներ, սոպրանո Ջենիս Չապմանը (Ավստրալիա), «Գրեմմիի» մրցանակակիր, «Մետրոպոլիտեն» օպերայի առաջին աֆրո-ամերիկացի տենոր Ջորջ Շիրլին, բարիտոն Հոկան Հոգեգորդը (Շվեդիա) եւ այլն»:

Մարինե Դեինյանը, Հոկան Հոգեգորդը, Լեւոն Ջավադյանը եւ Սիլվա Պետրոսյանը:

Հետաքրքրությանը, թե արիաները «Արշակ Երկրորդից» ներկայացվել են բնօրինակո՞վ, թե՞ մեզ ծանոթ կոմպոզիտոր Խոջա Էյնաթյանի խմբագրմամբ, պարոն Ջավադյանը պատասխանեց. «Վերջերս ձեր օրաթերթում հրապարակված երկու հոդվածները, որոնք վերաբերում են «Արշակ Երկրորդի» իտալերեն բնօրինակով Երեւանում բեմադրելուն, հակասական կարծիքներ են առաջացրել մասնագետների շրջանում: Կարող եմ ասել միայն, որ երկու տարբերակներն էլ իրավունք ունեն «ապրելու»: Մի բան պետք է հասկանալ, որ օպերան քաղաքականության հետ բացարձակ կապ չունի: Այո, Օսմանյան կայսրության տիրապետության շրջանում է Չուխաջյանը գրել օպերան, որին Թուրքիայում համարում են օպերային ժանրի հիմնադիրը: Իսկ օպերան գրվել է իտալական մելոդրամի կանոններով. սիրային եռանկյունի, որտեղ մարդկային փոխհարաբերություններ են, դավաճանություն, սեր… եւ Արշակ թագավորը այստեղ կերպար է, որը չպետք է քաղաքականացնել: Մյուս կողմից, 150 տարի առաջ գրված այս օպերան հետագայում Խոջա Էյնաթյանը Արմեն Գուլակյանի լիբրետոյով ձեւափոխեց՝ «ներմուծելով» 80% իր երաժշտությունը: Հիմա հարց եմ տալիս՝ ինչքանո՞վ է բարոյական վերջինս ներկայացնել իբրեւ Չուխաջյանի ստեղծագործություն…»:

Անդրադառնալով Ստոկհոլմում կայացած կոնգրեսին, հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս արձագանքեցին Թուրքիայի ներկայացուցիչները: «Այդ երկրի պատվիրակությունը գլխավորում էր եվրոպական «Դոկտոր Վոքս» ասոցիացիայի պրոֆեսոր Իլթեր Դենիզօղլուն, որը ձայնալարերի ճանաչված բժիշկ է: Նրանք ի սկզբանե Չուխաջյանին համարել են իրենց ազգային առաջին օպերայի հիմնադիրը, հետեւաբար քաղաքական, ազգայնական ոչ մի տարր…»,- հավաստիացրեց Լեւոն Ջավադյանը:
Մեր զրուցակիցն ասաց, որ կոնգրեսի շրջանակներում անցկացվել են վարպետության դասեր, որին մասնակցել է նաեւ իր ղեկավարած Երիտասարդական ծրագրի մասնակիցը, ինչպես նաեւ անվանի երգիչների ու մասնակիցների գալա համերգ, ինքն էլ պատիվ է ունեցել նվագակցել կյանքի 9-րդ տասնամյակը թեւակոխած լեգենդար Ջորջ Շիրլիին: Կոնգրեսի փակմանը հնչել է շվեդաբնակ դաշնակահար-կոմպոզիտոր Կարին Հելման-Գեւորգյանի ստեղծագործությունը: Իսկ հայ արտիստների մասնակցությունն այդ միջոցառմանը հովանավորել են ՀՀ մշակույթի նախարարությունը եւ «Երիտասարդ տաղանդների աջակցման» հիմնադրամը:

Ջորջ Շիրլիի հետ:

Դիտարկմանը՝ սովորաբար նման միջոցառումներին ձեռք են բերվում գոնե բանավոր պայմանավորվածություններ, Ջավադյանը պատասխանեց. «Երեւան ենք հրավիրել Հոկան Հոգեգորդին՝ վարպետության դասեր անցկացնելու նպատակով: Նույն առիթով պայմանավորվածություն ենք ձեռք բերել նաեւ ԱՄՆ-ից վոկալի ճանաչված դասախոս Դեվիդ Ջոնսի հետ»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

Գլխավոր լուսանկարում` 

Լեւոն Ջավադյանը՝ դասախոսության
պահին:

 

«Առավոտ»

16.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031