Որքան շքեղ մեքենաներ են տրամադրվել ԱԻՆ-ի պաշտոնյաներին, ինչ դրամաշնորհներ է նախարարությունը վերցրել՝ նոր տեխնիկայի, գույքի համար ու ինչու չի կարողանում հրդեհի դեմն առնել
Օրեր շարունակ «Խոսրովի անտառ» արգելոցում հրդեհի մարման աշխատանքները բուռն քննադատության արժանացան սոցցանցերում: Օգտատերերը կառավարությանը հարցադրումներ ունեին՝ լավ, երկրաշարժին անպատրաստ ենք, փոթորիկներին, կարկուտին անպատրաստ ենք, պատերազմին անպատրաստ ենք, սողանքներին ու փլուզումներին անպատրաստ ենք, անգամ ձյուն մաքրելուն անպատրաստ ենք, կա՞ մի բան, որին իշխանությունը պատրաստ է:
Իսկ երբ ԱԻՆ-ը օգնության կանչեց ՌԴ-ի գործընկերներին՝ նրանց ԻԼ-76 ինքնաթիռը ՀՀ ուղարկելու խնդրանքով, սա տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց առ այն, թե դուք «համմերներով», «ջիպերով» եք շրջում քաղաքում, շքեղ ծառայողական մեքենաներ ունեք, բա մի հատ ԻԼ-76 ինքնաթիռն ի՞նչ է, չեք առել պետության համար:
Ուստի մենք ուսումնասիրեցինք, թե ԱԻՆ-ը, որին ուղղվում են քննադատության սլաքները, քանի՞ ծառայողական մեքենա ունի այս պահին եւ ինչ արժողությամբ մեքենաներ են դրանք:
Պարզվեց՝ ԱԻՆ-ին սպասարկում է 21 ծառայողական մեքենա: Նախարարին՝ Դավիթ Տոնոյանին տրամադրվել է 2008-ի արտադրության Nissan Patrol մակնիշի մեքենա, շարժիչի հզորությունը՝ 280 ձիաուժ: 3 փոխնախարարներից միայն մեկին է կցված մեքենա՝ 2007-ի արտադրության Toyota Avalon: Աշխատակազմի ղեկավարը նույնպես չունի մեքենա:
Փրկարար ծառայության տնօրենին սպասարկում է 2003-ի արտադրության «Լանդ Կրաուզեր»: Ի տարբերություն փոխնախարարների, փրկարար ծառայության տնօրենի 5 տեղակալներին ապահովել են մեքենաներով՝ 2010 թ. «Միցուբիշի Օվլանդեր», 2002թ. Վազ 21, 2008 թ. արտադրության «Հովեր ՍՈՒՎ», 2008-ի Վազ 21 եւ 2008թ. «Հունդայի տուքսուն» մակնիշների:
Պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետին սպասարկում է 2007-ի արտադրության BMW, որի շարժիչի հզորությունն է 306 ձիաուժ:
Բացի այդ, նախարարությանը կցված է նաեւ Audi A6, Նիսսան X-Trail, 2015 թվականի արտադրության երկու «Շեւրոլետ Տռաքս», «Ֆոլկսվագեն», «Գազ 31» մակնիշի երկու մեքենա, ինչպես նաեւ 4 հատ «Շեւրոլետ Նիվա»՝ մինչեւ 2010 թ արտադրության: Ընդ որում, դրանք սպասարկում են «Պահուստ» ՊՈԱԿ-ին, Պետական ռեզերվների, Սեյսմիկ ծառայության պաշտպանության գործակալություններին, Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ին, Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն ՊՈԱԿ-ին, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիային, Հատուկ լեռնափրկարար ծառայություն ՊՈԱԿ-ին:
Դեռեւս անցյալ տարի ԱԻՆ-ին սպասարկում էր 70 ծառայողական մեքենա, այսինքն, դրանց թիվը կրճատվել է: 2017-ի բյուջեով էլ կառավարությունը նախատեսել էր կրճատել 150 ծառայողական մեքենա:
Ուշագրավ է, որ վերջին տարիներին ԱԻՆ-ը լուրջ դրամաշնորհներ է ստացել՝ նոր տեխնիկա, սարքավորումներ ձեռք բերելու համար: Ապրանքների, տեխնիկայի եւ ծառայությունների մատուցման համար միջազգային աջակցությունը կազմում է մոտավորապես 3.037.442 ԱՄՆ դոլար, իսկ Երեւանի քաղաքապետարանի եւ մարզպետարանների բյուջեով նախատեսված է մոտ 103.557 ԱՄՆ դոլար:
Անցյալ տարի մայիսի 25-ին ՀՀ կառավարության եւ Ճապոնիայի միջեւ նոր դրամաշնորհային համաձայնագիր կնքվեց, որի համաձայն Ճապոնիան ԱԻՆ-ին տրամադրեց 200 մլն իենի չափով դրամաշնորհ՝ սարք-սարքավորումների եւ տեխնիկայի տեսքով:
ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի կողմից ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատների շենք շինությունների, հրշեջ դեպոների վերանորոգման եւ անձնակազմի կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում նախարարությանը տրամադրվել է 400.000 ԱՄՆ դոլար արժողությամբ հրշեջ-փրկարարական գույք-սարքավորումներ: Այս տարվա մարտին այն պետք է պաշտոնապես հանձնված լիներ:
Իհարկե, այսքանով ԱԻՆ-ին տրամադրված միջազգային աջակցությունը չի սահմանափակվում, 230 հազար դոլար ԵՄ-ն էր տրամադրել՝ գույք եւ սարքավորումներ, մասնավորապես անհատական պաշտպանության միջոցներ, ախտահանման պարագաներ եւ մոնիթորինգի սարքեր ձեռք բերելու համար: ՅՈՒՆԻՍԵՖ-ի 2016-2017թթ. գործողությունների երկամյա ծրագրի շրջանակներում այս տարվա հունվարին 99 հազար դոլարի ծրագրային ներդրում էր նախատեսվում:
ՄԱԶԾ-ն եւս 100.000 ԱՄՆ դոլար էր նախատեսել՝ ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկի հետ համատեղ իրականացնելու ծրագիր՝ գյուղական համայնքներում հակակարկտային ցանցերի տեղադրման համար: ՄԱԶԾ ԱՌՆ ծրագրի բյուջեում, ըստ նախարարության պաշտոնական տեղեկատվության, առկա է 193.000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում մարզային համայնքներում ազդարարման համակարգեր տեղադրել, սեյսմիկ ռիսկեր գնահատել եւ այլն:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ»
16.07.2017