«Առավոտի» զրուցակիցն է Ժողովրդավարության, անվտանգության եւ
զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանը
– Մեկ ամսվա ընթացքում Հայաստանը մասնակցեց ՆԱՏՕ-ի խոշորագույն երկու զորավարժություններին: Ռումինիայում հուլիսի 11-20-ը կայացան ՆԱՏՕ-ի՝ Saber Guardian 2017 երկրի պատմության մեջ խոշորագույն զորավարժությունները, որոնց մասնակցեցին մոտավորապես 25 հազար զինվորականներ 23 երկրներից: Այնուհետեւ, հուլիսի 31-ից օգոստոսի 12-ը Վրաստանում կայացավ ՆԱՏՕ-ի` Noble Partner 2017 զորավարժությունը, որին ներգրավված էին շուրջ 2800 զինծառայողներ եւ որոնց մասնակցում էր ԱՄՆ-ը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Սլովենիան եւ Թուրքիան, ինչպես նաեւ գործընկեր երեք պետություններ՝ Վրաստանը, Ուկրաինան եւ Հայաստանը: Նման զորավարժություններ Վրաստանում անցկացվեցին երրորդ անգամ, որին Հայաստանն առաջին անգամ մասնակցեց, մինչդեռ Ադրբեջանը հրաժարվեց մասնակցությունից: Նախ՝ Հայաստանն իր մասնակցությամբ ի՞նչ է ցանկանում ապացուցել աշխարհին, ի՞նչ է մեր պետությունը շահում ՆԱՏՕ-ի նման որակի հարաբերություններով:
– Չեմ կարծում, որ նման քայլերով Հայաստանը փորձում է կամ կարող է որեւէ բան ապացուցել աշխարհին: Հաշվի առնելով զորավարժություններին Հայաստանի մասնակցության բավական սահմանափակ ձեւաչափը, դա կարելի է դիտարկել որպես հերթական հայտարարություն ուղղված ՆԱՏՕ-ին առ այն, որ Հայաստանը, չնայած ստեղծված ՆԱՏՕ–Ռուսաստան հարաբերությունների լարվածությանն, ինչը բնականաբար անդրադառնում է Հայաստանի արտաքին քաղաքականության վրա, ձգտում է պահպանել եւ հնարավորինս ամրապնդել իր համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, շարունակել իր մասնակցությունը միջազգային անվտանգության ապահովմանն ուղղված ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող գործողություններին: Այս քայլերով Հայաստանը, այնուամենայնիվ, ապահովում է ՆԱՏՕ-ի հետ իր համագործակցության շարունակելիությունը, ապագայում այն ընդլայնելու եւ խորացնելու հնարավորությամբ:
Միեւնույն ժամանակ, այդ քայլը կարելի է դիտարկել Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների, մասնավորապես ռուս-ադրբեջանական ռազմական գործարքների տեսանկյունից: Հայաստանի «ռազմավարական դաշնակիցը», միեւնույն պաշտպանական կառույցի անդամ պետությունը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող, հետեւաբար Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում հատուկ պատասխանատվություն կրող երկիրը շարունակաբար զինում է հակամարտության հակառակ կողմին, ինչը բացարձակապես անընդունելի է: Հաշվի առնելով, որ այս շարունակական «կոմերցիոն գործարքներն» ակնհայտորեն սպառնում են Հայաստանի անվտանգությանը, չկարգավորված հակամարտության պայմաններում ստեղծում են լարվածություն եւ խոչընդոտում են երկու տասնամյակից ավելի ընթացող հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, եւ, մասնավորապես, անդրադառնալով անցյալ տարվա ապրիլյան պատերազմին եւ դրա հետեւանքներին, Հայաստանի այս քայլը կարելի է գնահատել որպես որոշակի ուղերձ Ռուսաստանին:
Սակայն միայն նման ուղերձները կամ, եթե ցանկանում եք դեմարշները, որոնք մնում են դեկլարատիվ մակարդակում եւ չեն ստանում գործնական շարունակություն, իմ կարծիքով, ամենեւին բավարար չեն, դրանք չեն ստիպի Ռուսաստանին դադարեցնել զենքի մատակարարումը Ադրբեջանին, չեն նպաստի մեր պետական շահերին ու նպատակներին:
Եթե Հայաստանը ձգտում է ամրապնդել իր անվտանգությունն, իր միջազգային վարկանիշը եւ դիրքերը, ներառյալ Արցախյան հակամարտության բանակցային գործընթացի շրջանակներում, նա պետք է դիմի գործնական քայլերի: Հայաստանը կարող է, եթե չասենք պարտավոր է, համապատասխան բողոքներ ներկայացնել ՌԴ-ի իշխանություններին, բարձրացնել այս հարցը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում՝ պահանջելով, որպեսզի Ռուսաստանը կատարի իր միջազգային պարտավորությունները եւ զերծ մնա հակամարտության կողմերից մեկին զենք մատակարարելուց, կատարի իր դաշնակցային պարտավորությունները Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի ռմբակոծությունների դեպքում եւ, վերջապես, Հայաստանը պետք է սկզբունքորեն վերանայի իր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ ստեղծի նոր, ՌԴ-ի տիրույթից դուրս դաշնակցական ռազմավարական կապեր:
– Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին արդեն իսկ որոշակի մեկնաբանությունների առիթ է դարձել, ռուսաստանցի մեկնաբանների մոտ կարծես խանդի դրսեւորումներ են ի հայտ եկել: Հայաստանի նախագահը Հարավային Կովկասի միակ պետության ղեկավարն էր, որը մասնակցեց նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդման պաշտոնական արարողությանը, սա էլ ռուսաստանյան մամուլի ուշադրությունից չի վրիպել: Վերջերս Երեւան էր ժամանել Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին, որն արձանագրեց, որ Իսրայելը ցանկանում է զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ: Կարո՞ղ ենք ասել, որ ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին անդամակցող Հայաստանին հաջողվում է արտաքին քաղաքականությունը կառուցել ոչ միակողմանիորեն եւ արդյունավետ:
– Իմ կարծիքով՝ խոսել Հայաստանի արտաքին քաղաքականության արդյունավետության մասին, մասնավորապես, տարածաշրջանային զարգացումների ենթատեքստում, մեղմ ասած՝ տեղին չէ: Վերջին տարիների ՀՀ արտաքին քաղաքականությունն ավելի շուտ կարելի է բնորոշել որպես չօգտագործած, իսկ որոշ դեպքերում նույնիսկ կորցրած հնարավորությունների քաղաքականություն: Այն բոլոր աշխարհաքաղաքական տեղաշարժերը, որոնք ներկայումս տեղի են ունենում մեր տարածաշրջանում եւ ընդհանրապես աշխարհում, անմիջականորեն անդրադառնում են Հարավային Կովկասի եւ, մասնավորապես, Հայաստանի վրա՝ բազմաթիվ տարաբնույթ սպառնալիքների տեսքով եւ նորանոր հնարավորությունների, տարբեր ուժային կենտրոնների եւ պետությունների ուշադրության աճի եւ տարբեր հարթություններում ու ձեւաչափերով համագործակցության խորացման առաջարկների ձեւով:
Պայմանավորված է սա ոչ թե Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությամբ, այլ, նախ եւ առաջ Հայաստանի, որպես Հարավային Կովկասի բաղկացուցիչ մաս, աշխարհագրական դիրքով, որոշակի պատմամշակութային եւ տնտեսական գործոններով: Միջազգային հարթակում տեղի ունեցող գործընթացները եւ համակարգային տեղաշարժերը հերթական անգամ վեր են հանում եւ ընդգծում միջազգային քաղաքական եւ տնտեսական, ինչպես նաեւ անվտանգության տեսանկյունից Հայաստանի շահեկան դիրքը եւ մեծ աշխարհաքաղաքական հնարավորություններն ու հեռանկարները:
Իսրայելի եւ, մասնավորապես, ծայրահեղ հաշվենկատ եւ պրագմատիկ Չինաստանի նման պետությունների շահագրգռվածությունը խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ, դրա վառ ապացույցներից են: Ավելին, այս սկզբունքորեն իրարից տարբերվող պետությունների ակտիվացումը Հայաստանում կարելի է գնահատել նաեւ որպես տեսանելի ապագայում Հայաստանում Ռուսաստանի դիրքերի թուլացման ազդակ, ինչը նույնպես որոշակի հեռանկարներ է բացում Հայաստանի համար: Այլ խնդիր է` կկարողանա՞, արդյոք, այս անգամ Հայաստանն օգտվել իր սեփական հնարավորություններից եւ հեռանկարներից, թե՞ ոչ:
– Noble Partner 2017 զորավարժությունների ամենահատկանշական իրադարձությունը, թերեւս այն էր, որ դրանք ընթացան ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի վրաստանյան այցի պայմաններում: Նա նշեց, որ Վրաստանը համարում են առանցքային ռազմավարական գործընկեր, աջակցում են Վրաստանի տարածքային ամբողջականությանը եւ սատարում են ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ջանքերին: ԱՄՆ վարչակազմի կողմից նման հայտարարությունները հիմք ընդունելով՝ կարո՞ղ ենք կանխատեսել, որ պաշտոնական Վաշինգտոնը Հարավային Կովկասի նկատմամբ ուշադրությունը կմեծացնի ապագայում, թե՞ սա բացառապես` Վրաստան-ՆԱՏՕ փոխհարաբերությունների տիրույթի հարց է:
– Անհերքելի է հարավկովկասյան տարածաշրջանի ռազմավարական կարեւորությունը, որը հիմնականում պայմանավորված է իր առանցքային աշխարհագրական դիրքով արեւելք-արեւմուտք եւ հյուսիս-հարավ առանցքների տրանսպորտային եւ առեւտրական խաչմերուկում: Հարավային Կովկասը հանդիսանում է նաեւ Սեւ եւ Կասպից ծովերի տարածաշրջանների, Եվրոպայի եւ Ասիայի հատման կետ, ինչպես նաեւ Եվրոպան, Ռուսաստանը եւ Մերձավոր Արեւելքը կապող օղակ, Արեւմուտքը Կենտրոնական Ասիայի եւ դրա սահմաններից դուրս գտնվող պետությունների հետ կապող առանցք:
Վաշինգտոնը մշտապես հետեւել է Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին եւ նպատակահարմարության դեպքում անմիջապես միջամտել ուղղակի կամ անուղղակի կերպով: Ներկայիս միջազգային իրադարձությունները թույլ են տալիս ենթադրել, որ ԱՄՆ-ի ուշադրությունը եւ ակտիվությունը մեր տարածաշրջանի նկատմամբ աստիճանաբար մեծանալու է, սակայն առայժմ հիմնվելու է ոչ թե տարածաշրջանային, այլ երեք հարավկովկասյան պետությունների նկատմամբ անհատական մոտեցման վրա: Բնականաբար, տարածաշրջանային մոտեցումը երկարաժամկետ քաղաքական ծրագրավորման տեսակետից ամենատրամաբանական, կենսունակ եւ շահեկան մոտեցումն է:
Սակայն Հարավային Կովկասում նման մոտեցման կիրառումն այս պահին, թերեւս, անհնար է, քանի որ տարածաշրջանի երեք պետություններն, ունենալով բազմաթիվ նմանություններ, պայմանավորված ինչպես ընդհանուր պատմական անցյալով, այնպես եւ քաղաքական, տնտեսական եւ ռազմական բարեփոխումների իրենց ներկայիս ջանքերով եւ այդ նպատակով եվրոատլանտյան պետությունների եւ կառույցների հետ իրենց համագործակցության շրջանակներով՝ սկզբունքորեն տարբերվում են ԱՄՆ-ի հետ իրենց հարաբերությունների եւ փոխգործակցության ներկայիս ծավալով եւ բովանդակությամբ: Որպես տարածաշրջանային մոտեցման խոչընդոտ՝ անհրաժեշտ է նշել նաեւ Ռուսաստանի գործոնը եւ մեր տարածաշրջանի չկարգավորված հակամարտությունների խնդիրը:
Ի տարբերություն Հայաստանի եւ Ադրբեջանի, Վրաստանն անկախության ձեռքբերման առաջին տարիներից ի վեր հետեւողականորեն վարում է ընդգծված «ամերիկամետ» արտաքին քաղաքականություն եւ ձգտում է անդամակցել ՆԱՏՕ-ին: Բնականաբար, Վրաստանը ԱՄՆ-ի համար հանդիսանում է մեր տարածաշրջանի առանցքային ռազմավարական գործընկերը: ԱՄՆ-ի ներկայիս, ինչպես եւ նախկին փոխնախագահների եւ այլ պաշտոնյաների հայտարարություններն ու գնահատականները Վրաստանի տարածքային ամբողջականության ու դաշինքին անդամակցելու վերաբերյալ, ըստ էության, հիմնականում եղել ու մնում են նույնը: Դրանց շեշտվածությունը եւ ինտենսիվությունը ժամանակ առ ժամանակ ենթարկվել են միայն որոշակի խմբագրական փոփոխությունների, նույնպես պայմանավորած այդ պահին ԱՄՆ-Ռուսաստան, ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերություններով: Այսպիսով, Մայք Փենսի այս հայտարարություններն ես կդիտարկեի հիմնականում Վրաստան-ՆԱՏՕ եւ ԱՄՆ-Ռուսաստան փոխհարաբերությունների հարթությունում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ», 16.07.2017
Վրաստանը որպեսզի ԱՄՆ-ի ապավինությունը ստանա,նախ բարիդրացիական հարաբերություններ է ստեղծել իր հարևանների հետ,իսկ մենք,ընհակառակը՝Ադրբեջանից բացի, ,հարաբերությունները սրել ենք նաև Թուրքիքյի հետ և դա ավելի խոցելի է դարձրել մեր անվտանգությունը՝եթե փորձենք դուրս գալ Ռուսաստանի ազդեցության գոտուց:Ինչպես հարյուր տարի առաջ էր,ՌԴ-ն նրանց կհրահրի մեր դեմ,այստեղից բխող բոլոր հետևանքներով….