Հուլիսի 31-ին Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ընդունել է մի որոշում, որի համաձայն ժամը 23:00-ից մինչեւ 7:00-ն ընկած ժամանակահատվածում արգելվում է քաղաքում խախտել լռությունը: Մասնավորապես՝ միացնել բարձր երաժշտություն, բարձրաձայն երգել կամ երաժշտական գործիքներ նվագել, ձայնային ազդանշաններ տալ, հրավառություն կազմակերպել եւ այլն:
-Դա օրենք է, ուղղակի մենք Վանաձորի համար առանձին որոշում ենք ընդունել: Եւս մեկ անգամ տնտեսվարող սուբյեկտների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Վանաձոր քաղաքում վերջիվերջո գոյություն ունի հանրային համակեցության կանոններ: Այդ կանոններից մեկն էլ լռությունը պահպանելու մասին օրենքն է կամ իմ կարգադրությունն է, որ ժամը 23:00-ից մինչեւ առավոտյան 7:00-ը պետք է պահպանվի լռության օրենքը: Մարդկանց պետք է տրվի հանգստի հնարավորություն,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
Համայնքի ղեկավարն ասում է, որ վերահսկողությունն իրականացվում է շրջայցերի եւ թեժ գծի միջոցով: Իսկ կարգը խախտողների համար նախատեսված են տույժ-տուգանքներ՝ 40.000 դրամի չափով. «Ես երեկոյան հաճախ եմ շրջում կամ մեքենայով անցնում եմ, եւ որոշակի տհաճություն է պատճառում: Բոլորին չի հաճելի երաժշտության որակը, բարձրությունը: Օրենքը խախտելու դեպքում եւս մեկ անգամ սթափության կոչով, նախազգուշական նամակով կդիմենք, եթե կրկնվի, արդեն վարչական իրավախախտումների ոլորտ կգնա եւ համապատասխան միջոցներ կկիրառվեն»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Անահիտ Կարապետյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ հաճախ է գիշերային ժամերին լինում քաղաքի տարբեր հասարակական վայրերում, պատկերն ըստ նրա հոսադրող է:
«Որոշման հաջորդ 2 օրերին եղել եմ Քաղաքային այգում գործող սրճարանում, եւ ասեմ, որ 23:01 րոպեին հենց վերջին կենդանի կատարումն ավարտվեց, նրանք անմիջապես անջատեցին գործիքները: Հետո միացրեցին հանգիստ ու ցածր երաժշտություն, որը ոչ մեկին չի խանգարի: Դրանից հետո եղել եմ նաեւ Երկաթուղայինների այգում: Հիմնական տեղերում կային հաճախորդներ, բայց ցածր ու հանգիստ երաժշտություն էր միացրած: Զգացվում էր, որ զգուշացվել են, եւ նաեւ հետեւողական են: Սրճարաններից մեկում, կարծես թե, հաճախորդներ չէին երեւում, մեկ սեղանի շուրջ նստած տղամարդիկ էին, բայց բարձր երաժշտություն էր միացված: Սրա հետ կապված ես կապ եմ հաստատել պարոն Ասլանյանի եւ Վահագն Դավիթավյանի հետ, ով համակարգում եւ հետեւում է այս գործընթացին: Ասացին, որ եւս մեկ անգամ կզգուշացվեն տվյալ սրճարանները, եւ առավել հետեւողական կլինեն այն օբյեկտների նկատմամբ, որտեղից որ բողոքներ հաստատ կան»:
Հիշեցնենք, որ որոշումն ուժի մեջ է մտել օգոստոսի 1-ին:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
բոլորը թող օրինակ վերցնեն, բայց ամառնրը կարող են թույլ տալ մինչև կեսգիշեր…