Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախկին զոքանչին կացնով սպանողը դիմել է դատարան. բողոքում է, որ իր պարանոցը նախկին կինը քերծել է

Օգոստոս 16,2017 20:45

Երեկ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կացնահարված կնոջ դեմ հարուցված քրեական գործով դատական նիստն էր:

2016 թվականի հուլիսի 8-ին Թագուհի Մանսուրյանին իր բնակարան տանող շքամուտքում նախկին ամուսինը՝ Վլադիկ Մարտիրոսյանը կացնով հարվածներ էր հասցրել:

Մարտիրոսյանը կացնով հարվածել էր նաեւ Թագուհի Մանսուրյանը մորը, որը մահացել է: Մարտիրոսյանը հիմա կալանավորված է, այս գործով դատական մի քանի նիստեր են եղել:

Իսկ երեկ Մանսուրյանի դեմ Վլադիկ Մարտիրոսյանի բողոքով նիստն էր: Կացնահարող եւ այս գործով մեղադրյալ Մարտիրոսյանը բողոքում է, որ Թագուհի Մանսուրյանն իրեն վնասել է՝ քերծել է պարանոցը:

Մանսուրյանի փաստաբան, հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Թագուհի Մանսուրյանը մեղադրվում է 3 դրվագով, քրեական օրենսգրքի 118 հոդվածի հիմքերով՝ ծեծ:

Երեկ դատարանն այս գործով ձայնագրառման սկավառակի ձայնագրություններն են ուսումնասիրել: Հոբոսյանի ներկայացմամբ՝ 2016-ի հուլիսի 8-ի կեսգիշերն անց, ժամը 4-ի կողմերը, ինչպես պարզ դարձավ ձայնագրությունից, Թագուհի Մանսուրյանի մայրը զանգահարել էր ոստիկանություն եւ ասում էր՝ «Վլադիկ Մարտիրոսյանը նորից եկել է մեր շենքի մոտ, կանգնել ու սպասում է, որ աղջիկս գա ու հարձակվի նրա վրա: Հետո կին-ոստիկանը հարցնում է՝ ի՞նչ է անում Վլադիկը: Մայրն ասում է՝ ոչինչ, սպասում է: Ոստիկանն էլ ասում է՝ հիմա որ կանգնած սպասում է, դրա համար ահազանգո՞ւմ եք: Մայրն էլ ասում է՝ բայց ես գիտեմ, որ սպասում ա աղջկաս, որ հարձակվի, զանգել եմ, որ անվտանգությունն ապահովեք: Ու այդպես էլ բան չեն անում»:

Ըստ փաստաբանի, երեկ դատարանում նաեւ Վլադիկ Մարտիրոսյանի ահազանգն են լսել: Մարտիրոսյանը դեպքից մոտ մեկ ամիս առաջ էլ՝ հունիսի 3-ին, կեսգիշերից հետո Մանսուրյանի բնակարանի մոտ սպասել է նրան: Այդ օրվա Մարտիրոսյանի ահազանգի ձայնագրության մեջ լսվում է, որ երբ վերջինս զանգահարել էր ոստիկանություն՝ բողոքելու, թե իրեն բռնության են ենթարկել, ոստիկանը հարցրել է՝ Վլադիկ դո՞ւ ես: Վլադիկի դրական պատասխանից հետո, ոստիկանը շարունակել է՝ չե՞ք հոգնել:

Ապա` Մարտիրոսյանը հայտարարել է՝ ինձ վրա հարձակվել են Թագուհի Մանսուրյանի մայրը, հայրը եւ Թագուհին: Դատարանում Թագուհին բացատրություն է տվել, Մարտիրոսյանի ահազանգի ժամանակ ինքը պատուհանից բարձրաձայն ասել է՝ «Վլադիկ, ինչո՞ւ ես ստում, ես քեզ չեմ հարվածել»:

Մանսուրյանի փաստաբանի խոսքերով՝ որեւէ փորձաքննություն չկա, որով կապացուցվեր, որ Թագուհին վնասվածք է հասցրել Վլադիկին. «Նախաքննության ժամանակ մենք բազմիցս միջնորդել ենք եւ ասել՝ քերծվածքը կարող էր առաջանալ Թագուհու եղունգներից, նման փորձաքննություն չի եղել: Իսկ Թագուհի Մանսուրյանը պնդում է՝ չի քերծել Վլադիկին: Փորձագետի եզրակացության մեջ էլ չկա, որ Վլադիկի պարանոցին քերծվածք կա, բայց հարուցված գործի հիմքում գրված է՝ «քերծվածք է պատճառել: Թագուհի Մանսուրյանը վստահեցնում է՝ իր եղունգներն արհեստական են եւ քերծվածք չէին կարող առաջացնել: Բայց սա պարզելու համար մինչեւ այսօր որեւէ փորձաքննություն չեն արել»:

Հոբոսյանի խոսքերով՝ Վլադիկ Մարտիրոսյանը ցուցմունք է տվել, որ իրեն Թագուհին, այսպես ասած՝ ճանկռել է, քննիչը Վլադիկին փորձաքննության չի ուղարկել, նրան ասել են՝ «արի գնանք հիվանդանոց», բայց Մարտիրոսյանը հրաժարվել է:

Փաստաբանի դիտարկմամբ՝ բոլոր դեպքերը գիշերն է տեղի ունեցել, Վլադիկը մշտապես պատճառաբանում է ու փորձում արդարանալ, թե գնում էր իր երեխային տեսակցելու, սակայն Թագուհին ու նրա ծնողները թույլ չէին տալիս. «Բայց եթե երեխային էր ուզում տեսնել,ինչո՞ւ էր գիշերվա ժամը 1-ին կամ 4-ին գնում, ինչո՞ւ ցերեկը չէր գնում, ինչո՞ւ ավելի շուտ ժամի չէր գնում: Գիշերներն էր գնում ու հարձակվում Թագուհու վրա: Հարձակվում էր ու մի բան էլ բողոքում, թե իրեն Թագուհին քերծել է, եթե անգամ քերծել է, դա ընդամենը ինքնապաշտպանություն է եղել»:

Այս գործով դատական հաջորդ նիստը օգոստոսի 23-ին ժամը 12.00-ին է, Վլադիկ Մարտիրոսյանն է ցուցմունք տալու:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031